Ինչպես են հաղորդակցման անվճար հավելվածները ստանում եկամուտ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ինչպես են հաղորդակցման անվճար հավելվածները ստանում եկամուտ

Մենք բոլորս օգտվում ենք հաղորդակցման հավելվածներից, ինչպիսիք են «WhatsApp-ը», «Zangi-ն» կամ «Viber-ը», որպեսզի կապվենք մեր ընտանիքի և ընկերների հետ։ Ծառայությունները, որոնք մենք ստանում ենք (ձայնային զանգ, տեսազանգ, նամակագրություն, ֆայլերի ուղարկում և այլն) անվճար են և դրանք հենց այն հիմնական ծառայություններն են, որոնք այդ ընկերությունները տրամադրում են։  Ակնհայտորեն միամիտ կլինի կարծել, որ այդ ընկերությունները չունեն եկամտի աղբյուրներ։ Այդ դեպքում հարց է ծագում․ ինչպե՞ս են հաղորդակցման անվճար հավելվածներ մարդկանց տրամադրող ընկերությունները ստանում եկամուտ։ Ի՞նչ բիզնես մոդելով են նրանք աշխատում և ի՞նչ եկամտի աղբյուրներ ունեն։

Հաղորդակցման հավելվածներ առաջարկող ընկերություններն, իհարկե, ունեն եկամտի իրենց աղբյուրները, միայն թե դա հիմնված է նրանց ոչ թե հիմնական, այլ լրացուցիչ ծառայությունների վրա։

Ստորև ներկայացված է, թե ինչպես են հաղորդակցության այսօրվա խոշորագույն հավելվածները ստեղծում եկամուտ։

Viber

2013թ․ «Viber-ը» գնվեց ճապոնական ինտերնետային հսկա «Rakuten-ի» կողմից 900 միլիոն դոլարով։ «Viber-ի» դեպքում մենք ունենք արդեն հաստատված և գործող ծառայություններ իրենց ամսական ակտիվ 249 միլիոն օգտատերերի համար (2015թ․ ապրիլի տվյալներով)։ Ըստ «Rakuten-ի» հրապարակած տվյալների՝ 2013թ․ «Viber-ը» ստացել է 1.5 միլիոն դոլարի եկամուտ, ինչը բաժնետերերի համար անկասկած ամենաոգևորող թիվը չէ՝ լինելով նույնիսկ ավելի ցածր, քան «WhatsApp-ի» 1 դոլարի ռազմավարությամբ ստացված եկամուտը։

Ամեն դեպքում, «Viber-ի»՝ եկամտի հիմնական աղբյուրը «Viber Out» ծառայությունն է, որը տալիս է ցածր սակագներով միջազգային զանգերի հնարավորություն օգտագործելով «Viber», այլ ոչ թե օպերատորի ծառայություն։

«Viber-ը» ստանում է եկամուտ նաև զանգային տերմինացիայի շնորհիվ։ Այսինքն՝ եթե ինչ-որ մեկը զանգահարում է Ձեր հեռախոսահամարին արտերկրից, զանգը Ձեզ մոտ փոխարենը գալիս է «Viber-ով»։ Եթե «Viber» հավելվածն առկա է Ձեր հեռախոսում, դուք կարող եք սկսել սովորական զանգերը ստանալ Ձեր «Viber» հավելվածով և այդ դեպքում «Viber-ը» ստանում է եկամուտ կատարված զանգային տերմինացիայի շնորհիվ։

Եկամտի հաջորդ աղբյուրը, որ «Viber-ն» ունի, պիտակներն են (stickers) և բազմատեսակ գովազդային ու լուսաբանման ծառայությունները։ Ի դեպ, «Viber-ը» վաճառում է իր պիտակներն ինչպես օտատերերին, այնպես էլ ընկերություններին կամ այլ երրորդ կողմերին, ովքեր ցանկանում են գովազդել ապրանք, ծառայություն կամ միջոցառում՝ օգտագործելով գովազդային թեմատիկ պիտակներ։

Վերջերս «Viber-ը» սկսել է գովազդ ցուցադրել իր օգտատերերին իր հավելվածով կատարված ամեն զանգից հետո։ Եկամտի այս աղբյուրն աշխատում է դասական մոդելով․ «Viber-ը» ստանում է վճարում գովազդատուից գովազդի դիտումների և հատկապես գովազդի առաջադրած հասցեին հետևելու դիմաց։

WhatsApp

2014թ․ հոկտեմբերի 6-ին հաստատվեց «Facebook-ի» կողմից «WhatsApp-ի» գնումը, ինչը նոր հեռանկարներ բացեց ընկերության զարգացման համար։ Նախկինում «WhatsApp-ը» պահանջում էր, որ իր օգտատերերը տարեկան վճարեն 1 դոլար հավելվածն օգտագործելու համար, բայց հետագայում փոխեցին մոդելը, քանի որ այդ մոդելը կայուն չէր։ Նշենք, որ «WhatsApp-ն» այժմ ունի 1.2 միլիարդ ամսական ակտիվ օգտատերեր։

«WhatsApp-ն» այժմ եկամուտ է ստանում կապի տերմինացիայի շնորհիվ․ նմանատիպ սկզբունքով, ինչ «Viber-ը», եթե Ձեզ արտերկրից ուղարկում են սովորական «SMS» հաղորդագրություն, դուք կարող եք այն ստանալ Ձեր հեռախոսի «WhatsApp» հավելվածով։

2016-ին «WhatsApp-ը» հայտարարեց նոր գործիքների և ծառայությունների փորձարկման մասին, ինչը թույլ կտա հաղորդակցվել բիզնեսների և կազմակերպությունների հետ։ Գործնականում սա կարող է ներառել կորպորատիվ հաշիվ, որը բարելավում է հաղորդակցությունը բիզնեսների հետ և դրանց ներսում ու հեշտացնում կառավարումը: Լրացուցիչ ծառայությունները կարող են ներառել տվյալների վերլուծություն, ամբողջ հաղորդակցությունից և դրա հետ կապված տվյալներից օգտակար տեղեկատվության տրամադրում։

Այս տեսանկյունից որոշակի խնդիրներ կարող են առաջանալ տվյալների անվտանգության հետ կապված, քանի որ այս դեպքում ողջ տեղեկատվությունը վերլուծության կենթարկվի «WhatsApp-ի» ծրագրերի կողմից։ Համապատասխան անվտանգությունն ապահովելու դեպքում «WhatsApp-ը» շուտով կարող է բազմազանեցնել եկամտի իր աղբյուրները։

Telegram

«Telegram-ը» հիմնադրվել է 2013թ․ բավականին հետաքրքիր բիզնես մոդելով, որը պահպանվել է մինչև օրս և չի նախատեսվում փոխվել։ Այն աշխատում է բաց համակարգով, անվճար է օգտագործման և սեփական հավելվածում/ծրագրում ինտեգրացման համար․ իրենց ծառայություններից ոչ մեկը վճարովի չէ, 100% անվճար լինելու այս սկզբունքը փիլիսոփայություն է, որով գործում են նաև այլ ընկերություններ (օրինակ՝ «Linux-ը» կամ «Google-ի» «Android-ը»):

Ներկայումս «Telegram-ը» հիմնված է նվիրատվությունների վրա մարդկանց կողմից, ովքեր կիսում են ընկերության տեսլականը և ռազմավարությունը։ Նրանք պատրաստ են առաջ բերել կամավոր նվիրատվություն կատարելու տարբերակ իրենց օգտագերերի համար ևս։ Այնուամենայնիվ, ինչպես ընկերությունն ինքն է ասում, «շահույթ ստանալը երբեք նպատակ չի լինի «Telegram-ի» համար»։

Ի լրումն 100 միլիոն ամսական ակտիվ օգտատերերին, ներկայումս «Telegram-ն» ունի բազմաթիվ հավելվածներ, ծրագրեր (և՛ բաց հանրության համար, և՛ փակ/մասնավոր), որոնք աշխատում են՝ հիմնվելով իրենց տեխնոլոգիայի վրա։ Սա ստեղծում է ծրագրերի և հավելվածների ավելի ու ավելի մեծ ցանց, որը հիմնված է «Telegram-ի» տեխնոլոգիայի վրա, և ինչ-որ պահի «Telegram-ը» կարող է օգտագործել այս ցանցը՝ միգուցե եկամուտ ստանալու նպատակով, որպեսզի դառնա ֆինանսապես ավելի կայուն։

Zangi

Հիմնադրվելով 2013թ․՝ «Zangi» հավելվածն ունի եկամտի սեփական աղբյուրները, որոնք ներառում են «Zangi-ի» «White Label Softphone» ծառայությունը, ինչը թույլ է տալիս ինտեգրացնել ընկերության տեխնոլոգիան նոր բիզնեսում, բրենդում և սկսել հաղորդակցման հավելվածի/ծրագրի սեփական բիզնես՝ հիմքում ունենալով «Zangi-ի» հաղորդակցման հիմնական տեխնոլոգիան։

Այլ ծառայություն, որը եկամուտ է ստեղծում «Zangi-ի» համար, «Zangi Out» ծառայությունն է, որը կրկին խնայելու ձեռնտու տարբերակ է՝ խուսափելով միջազգային զանգերի բարձր սակագներից։

«Zangi-ն» նաև առաջարկում է պիտակներ, որոնք ներկայումս անվճար են, սակայն ինչ-որ պահի վճարովի պիտակներ նույնպես կարող են ավելանալ։

Այլ հավելվածներ, այլ լուծումներ

Նշենք այլ հավելվածներ, որոնք հաջողել են իրենց ծառայություններից եկամուտ ստանալ՝ գոյություն ունեցող կամ նորարար ձևերով։ Ճապոնական «Line» հավելվածը, ունենալով 217 միլիոն ամսական ակտիվ օգտատերեր, 2013թ․ ստացել է 510 միլիոն դոլարի եկամուտ և հասել է 1 միլիարդ դոլար արժողությամբ վաճառքի ծավալների 2015թ․, որից շուրջ 270 միլիոնը ստացվել է պիտակների վաճառքից։

Ունենալով 846 միլիոն ակտիվ ամսական օգտատերեր՝ չինական «WeChat» հաղորդակցման հավելվածը ստեղծել է առցանց վճարային համակարգ և խաղեր, ինչը նորամուծություն է՝ որպես ոլորտում բիզնես մոդել։ Վճարման համակարգով միլիոնավոր օգտատեր կարող են էլեկտրոնային առևտուր իրականացնել առցանց խանութներում։ Իսկ ինչ վերաբերում է խաղերին․ խաղերն անվճար են, միաժամանակ առաջարկում են խաղային բաղադրիչների ներհավելվածային գնումներ, ինչը դառնում է «WeChat-ի» համար եկամտի աղբյուր։

Ինչպես տեսնում ենք, հաղորդակցման անվճար հավելվածները, որոնք մենք օգտագործում ենք ամեն օր, շարունակաբար նորանոր ու ստեղծարար ձևեր են առաջ բերում եկամուտ ստանալու համար՝ միաժամանակ շարունակելով անվճար տրամադրել իրենց հիմնական ծառայությունները և բարելավել դրանք։
Ապագայում ֆինանսական էլ ավելի նոր մոդելներ կստեղծվեն, և այսօրվա նոր լուծումները վաղը կլինեն հին․ սա է ոլորտի ռիթմը։

zangi.com