Հայաստանի ներկայացուցիչն առաջին տեղն է զբաղեցրել «Պետերբուրգյան Գարուն-2017» արվեստի միջազգային մրցույթում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հայաստանի ներկայացուցիչն առաջին տեղն է զբաղեցրել «Պետերբուրգյան Գարուն-2017» արվեստի միջազգային մրցույթում

«Պետերբուրգյան Գարուն-2017» արվեստի միջազգային մրցույթին, որը կայացել է մարտի 9-13-ը Սանկտ Պետերբուրգում, Հայաստանը ներկայացրել է Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցի 10-րդ դասարանի սան, 17-ամյա ջութակահարուհի Ալեքսանդրա Կուզմինան: Նա հաղթող է ճանաչվել «Գործիքային արվեստ» անվանակարգում: Այս առիթով «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցեց Ալեքսանդրայի հետ:

«Ժյուրին կազմված էր Սանկտ Պետերբուրգում հայտնի կատարողներից, մշակույթի գործիչներից: Նախագահը կոնսերվատորիայի պրոֆեսոր Ալեքսանդր Շուստինն էր: Կատարել եմ Ս. Սքոթի «В стране лотоса» ստեղծագործությունը և Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետից հատված՝ մշակված հատուկ ջութակի համար»,- ասաց Ալեքսանդրան և հավելեց, որ մրցույթներն իրեն օգնում են զարգանալ, ռեալ գնահատել իր ուժերը, նպատակներ ունենալ և ձգտել կատարելության:

Ալեքսանդրան տարիներ առաջ մասնակցել է այդ մրցույթին, սակայն երկրորդ տեղն է զբաղեցրել:

«Հայաստան եմ եկել Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքից: Այնտեղ սովորել եմ կոնսերվատորիային կից Ն. Ա. Ռիմսկի-Կորսակովի անվան երաժշտական դպրոցում: Իմ սիրելի մանկավարժը առողջական խնդիրների պատճառով ժամանակից շուտ անցավ թոշակի: Սանկտ Պետերբուրգում շատերն էին ծանոթ Գագիկ Սմբատյանի մանկավարժական գործունեությանը, որը դասավանդում է Հայաստանում և որոշեցի գալ այստեղ նրա ղեկավարությամբ կրթությունս շարունակելու»,- նշեց երիտասարդ ջութակահարուհին:

Ալեքսանդրայի խոսքով՝ ինքն իր ողջ գիտակցական կյանքում սիրել է ջութակը: «Չորս տարեկան էի, երբ սովորեցի նվագել այդ գործիքով: Մայրս երազում էր տեսել, որ իր երեխան ջութակահարուհի է դառնում, չնայած մեր ընտանիքում երաժիշտներ չեն եղել: Նա կարծում է, որ իր երազն աստվածային երևույթ էր»,- ընդգծեց երաժիշտը:

Սանկտ Պետերբուրգում ականավոր կատարողներին հնարավորություն է տրվում նվագել հռչակավոր երաժիշտների գործիքներով: Ջութակահարուհին բախտ է ունեցել նվագել ռուս դասական երաժշտության հիմնադիր, կոմպոզիտոր Միխայիլ Գլինկայի ջութակով և շատ հպարտ է իր ձեռքբերումներով:

Անդրադառնալով իր սիրելի կոմպոզիտորներին՝ Ալեքսանդրան շեշտեց, որ իրեն հարազատ են Արամ Խաչատրյանի գործերը: «Ինչ բնակվում եմ Երևանում, առավել  խորությամբ եմ զգում այդ երաժշտության գեղեցկությունը: Սիրում եմ Յոհաննես Բրամսի, Ֆրեդերիկ Շոպենի, Աստոր Պիացոլայի և այլոց ստեղծագործությունները: Պետք է ասեմ, որ ազատ ժամանակ դասական երաժշտությունից բացի, այլ ոճի երաժշտություն էլ եմ լսում: Հավանում եմ  70-80-ականների դասական ռոքը, 40-ականների ոսկեդարյան ջազը»,- եզրափակեց նա:

Տաղանդաշատ Ալեքսանդրան սովորել է նաև նկարչական դպրոցում, և նրա բնանկարները, գրաֆիկական աշխատանքներն ու նատյուրմորտները բարձր են գնահատել բազմաթիվ մասնագետներ: Նրա աշխատանքները ցուցադրվել են անգամ աշխարհի հանրահայտ թանգարաններից մեկում՝ Էրմիտաժում: Ալեքսանդրան սիրում է նկարազարդել փայտե ապարանջանները և յուրաքանչյուր պատկերի մեջ իր մի մասնիկն է ներդնում: Նա ջութակից բացի նաև դաշնամուր և ֆլեյտա է նվագում: Հայրենիքում՝ համերգային ծրագրերից մեկի շրջանակում, նվագել է երեք գործիքներով. սկզբում դաշնամուր, հետո՝ ջութակ, այնուհետև՝ ֆլեյտա:

Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ Ալեքսանդրան ասաց, որ դպրոցն հաջողությամբ ավարտելուց հետո մեծ ցանկություն ունի ընդունվելու Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա:

«Պետերբուրգյան Գարուն-2017» արվեստի միջազգային մրցույթն իրականացվել է 9 անվանակարգերում և ժանրերում` «Պարարվեստ», «Էստրադային երգեցողություն», «Ակադեմիական երգեցողություն և Երգչախմբային արվեստ», «Ժողովրդականերգեցողություն», «Գործիքային արվեստ», «Թատերարվեստ», «Կրկեսային արվեստ», «Կերպարվես տ», «Հեղինակային երգ»:

Մրցույթին մասնակցել են ավելի քան 80 համույթներ և 450 մենակատարներ` Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Ուզբեկստանից, Ղազախստանից, Սլովակիայից և այլ երկրներից:

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Էդուարդ Սեպետչյանի



Նման նյութեր