«Եթե մորաքույրս տղա լիներ, քեռիս կլիներ». Հրանտ Բագրատյան
Advertisement 1000 x 90

«Եթե մորաքույրս տղա լիներ, քեռիս կլիներ». Հրանտ Բագրատյան

«Մենք կարող ենք» կարգախոսը որդեգրած «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը՝ Խաչատուր Քոքոբելյանի, Հրանտ Բագրատյանի և Ստյոպա Սաֆարյանի գլխավորությամբ, այսօր քարոզարշավ իրականացրեց Երևանի Կենտրոն համայնքում: Քարոզարշավը մեկնարկեց կուսակցության գրասենյակից, քայլերթով՝ մինչև Հյուսիսային պողոտա, որտեղ բացվեց կուսակցության նոր շտաբը:

«Մենք ավելի ենք կոնկրետացնում մեր ծրագրերը, և մարդիկ սկսում են տեսնել, որ շատ քաղաքական ուժեր պարզապես ծրագիր չեն ներկայացրել: Խոսքը, օրինակ, վերաբերում է Հանրապետական կուսակցությանը, որը ծրագիր չունի, պարզապես խոսքեր են, ոչ մի կոնկրետ բան: Մարդիկ սկսում են դա նկատել, մենք էլ նստած հաշվում ենք, թե Հանրապետականն իշխող մյուս կոալիցիոն անդամների՝ Դաշնակցության հետ, որտեղ են կեղծելու ընտրությունները: Միայն այդ տարբերակն ենք հաշվարկում»,- լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության թեկնածու Հրանտ Բագրատյանը:

Անդրադառնալով իրենց կողմից ներկայացված նախընտրական ծրագրի դրույթներին՝ Հրանտ Բագրատյանը նկատեց՝ իրենց ծրագրում ներառված են բոլոր ոլորտները, ինչպես և պահանջում է Սահմանադրությունը, միաժամանակ հայտարարեց, որ իրենք ձգտում են մեծամասնության: Լրագրողի հարցին՝ իսկ եթե հանկարծ մեծամասնություն չկազմե՞ն, վերջինս պատասխանեց. «Ես եթե-ներով չեմ խոսում: Եթե մորաքույրս տղա լիներ, քեռիս կլիներ»:

Դաշինքներ կազմելու հեռանկարը Հրանտ Բագրատյանը չի բացառում, ասում է՝ ընտրություններից հետո կերևա, բացառում է, սակայն, այնպիսի դաշինքի ստեղծումը, որտեղ իշխող՝ Հանրապետական կուսակցությունը կարող է մեծամասնություն լինել, որովհետև ինքը համոզված է՝ բացառված է, որ նրանք մեծամասնություն կազմեն:

Անդրադառնալով նախընտրական խոստումներին՝ Հրանտ Բագրատյանն ընդգծում է. «Մենք հստակ տեսնում ենք, որ ներդրումների մասին հայտարարությունները հեքիաթներ են՝ ամենուրեք կբարձրանա ինքնազբաղվածությունը, կզարգանա փոքր բիզնեսը. «Բոլորը նստած՝ սպասում ենք, թե պետությունը հես ա տիեզերանավ արտադրող գործարան կկառուցի, իրենք էլ այնտեղ կաշխատեն: Այդ ամենը սուտ է: Մենք ժողովրդին բացատրում ենք, որ դրանք բացարձակ սուտ և հորինված բաներ են: Ե՛վ Ռոբերտ Քոչարյանը, և՛ Սերժ Սարգսյանը 20 տարի շարունակ ներդրումներ են արել և աշխատատեղ ստեղծել, արդյունքում՝ աշխատատեղերի թիվը կտրուկ պակասել է: Այսօրվա Կառավարությունն էլ պետք է խորապես ընկալի, որ Հայաստանն ինչ-որ կորպորացիա չի, մարդիկ աշխատանք չունեն: Ոչ մի գործարանի կառուցում չի փրկելու իրավիճակը, սա բոլորը պետք է հստակ հասկանան»:

Թիվ 4 ընտրատարածքում «Ազատ դեմոկրատների» կողմից համամասնական և ռեյտինգային կարգով առաջադրված թեկնածու Նարեկ Այվազյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց. «Մենք սկսել ենք քարոզարշավը՝ ըստ սահմանված կարգի, և արդեն 15 օր շարունակ տարբեր հանդիպումների և միջոցառումների միջոցով ներկայացնում ենք մեր ծրագրերն ու գաղափարները: Ես կարծում եմ՝ մեր կուսակցության անունից բխող ազատական ու ժողովրդավարական արժեքների տարածումը կտա այն արդյունքը, որը մենք ակնկալում ենք: Մենք ոչ միայն կարծում ենք, որ հաղթահարելու ենք անցողիկ շեմը, այլև կազմակերպված աշխատանքի արդյունքում ապագա Ազգային ժողովում մեծամասնություն ենք կազմելու»:

Նույն կուսակցության անունից պատգամավորության թեկնածու առաջադրված Լիաննա Չիթչյանն էլ ընտրապայքարի մեջ է մտել հասարակական կյանքում կնոջ դերի արժևորման հաստատուն համոզմունքով. «Վերջին 10 տարիների ընթացքում ես աշխատում եմ նախադպրոցական տարիքի երեխաների, ինչպես նաև նրանց մայրերի հետ: Ավելի քան 10 տարի մենք դպրոցանպաստ ծրագիր ենք ծավալում՝ զուգահեռ ծանոթանալով նաև մայրիկների խնդիրներին, և գիտենք, որ նրանք զբաղվածության հետ կապված խնդիրներ ունեն: Հայաստանում կանայք աշխատանք գտնելու պարագայում էլ շատ դեպքերում ավելի ցածր են վարձատրվում, հաճախ դրանից ելնելով՝ հրաժարվում են առաջարկվող աշխատանքից: Մենք կցանկանայիք հայ կնոջն իրացված տեսնել նաև այլ ասպարեզներում, ոչ միայն տանը՝ երեխաների խնամքի և դաստիարակության հոգսերով ծանրաբեռնված»:

ՆՎԱՐԴ ՄԱՆՎԵԼՅԱՆ