«Եթե խախտումներ եղան, հայտնվեցիք աղմուկի կիզակետում, ձեզ չենք օգնելու, զգոն եղեք». Սերժ Սարգսյանը՝ Գյումրիում առաջադրված թեկնածուներին. aravot.am
Advertisement 1000 x 90

«Եթե խախտումներ եղան, հայտնվեցիք աղմուկի կիզակետում, ձեզ չենք օգնելու, զգոն եղեք». Սերժ Սարգսյանը՝ Գյումրիում առաջադրված թեկնածուներին. aravot.am

Երեկ առավոտյան Գյումրի էր ժամանել նախագահ Սերժ Սարգսյանը։ aravot.am-ի փոխանցմամբ՝  այցի նպատակը ՀՀԿ թեկնածուների, կուսակիցների ու ՀՀԿ-ին սատարող անձանց հետ հանդիպելն էր։ Նախագահի հանդիպումը բավական երկար է տևել, 11․30-ից մինչև ժամը 14․30-ը, այդ ամբողջ ընթացքում փակ է եղել Գյումրու տեխնոպարկի դիմացի փողոցը, երթևեկությունը կաթվածահար է եղել, քաղաքային տրանսպորտը փոխել է իր ուղղությունը։ Ոստիկանները հսկել են նաև լրագրողներին ու անցորդներին՝ չթույլատրելով մոտենալ տեխնոպարկի շենքին։
Հիմնական թեման, ըստ մասնակիցների, եղել է ընտրությունների ընթացքը, ՀՀԿ թեկնածուներից ամեն մեկը ելույթ է ունեցել, նրանք դժգոհել են, որ չկա թիմային աշխատանք, թիմային քարոզարշավ, չնայած մյուս կողմից շեշտել են, որ իրադրությունն այնպիսին է, որ որքան էլ փորձեն միասնական պայքարել, ստիպված են նաև պայքարել միմյանց դեմ։ Խոսել են նաև հանձնաժողովների ձևավորումից։ Ներկաներից մի քանիսը ասացին, որ նախագահը շեշտել է․ «Եթե խախտումներ եղան, հայտնվեցիք աղմուկի կիզակետում, ձեզ չենք օգնելու, զգոն եղեք»։
Ի դեպ, քննարկման մասնակիցներից մի քանիսը ավելի շուտ են լքել տեխնոպարկի շենքը․ վարկանիշային թեկնածուներից սկզբում դուրս է եկել Արման Սահակյանը, այնուհետ Մարտուն Գրիգորյանը, Ֆելիքս Ցոլակյանը, ամենավերջում դուրս են եկել քաղաքապետ Սամվել Բալասանյանն ու Սամվել Նիկոյանը։ Ըստ էության, նախագահն առանձնազրույց է ունեցել նրանց հետ։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: