Ամալ Քլունին և եզդի ակտիվիստները դատի են տալիս Իսլամական պետության ահաբեկիչներին
Advertisement 1000 x 90

Ամալ Քլունին և եզդի ակտիվիստները դատի են տալիս Իսլամական պետության ահաբեկիչներին

Մարդու իրավունքների պաշտպան Ամալ Քլունին զբաղվում է եզդի փախստականների գործերով, որպեսզի Իսլամական պետությանը դատարանի առաջ կանգնեցնի:

 Նրանք երկուսով արտասովոր թիմ են կազմել: Ամալ Քլունին և Նադյա Մուրադը, որը ծնվել է Իրաքի աղքատ գյուղերից մեկում և երազել ուսուցիչ դառնալ: Քլունին բարձրահասակ է, ճանաչված, ամեն քայլափոխի մարդիկ նրան սեր են խոստովանում, Մուրադը փոքրամարմին է, ամաչկոտ և խուսափում է մարդկանցից: Մինչդեռ եզդիական համայնքում նրան լավ գիտեն ու հպարտանում են նրանով ավելին, քան Երկրի վրա եղած մեկ այլ կնոջով: Մուրադը ոչնչացման սպառնալիքի տակ գտնվող ազգային փոքրամասնության գոյատևման խորհրդանիշն է: Իսլամական պետությունում նրան ստրկացրել են: Եվ նա միակն է ԻՊ նախկին բանտարկյալներից, որ ուզում է բարձրաձայնել, թե ինչ սարսափելի են վարվել իր հետ:Քլունին Մուրադի փաստաբանն է: Նրանք երկուսով մի նպատակի համար են պայքարում, որպեսզի ԻՊ առաջնորդները միջազգային դատարանի առաջ կանգնեն՝ եզդիների ցեղասպանության համար:

Ամեն ինչ սկսվեց 2014-ի օգոստոսին, երբ ՆադյաՄուրադն ընդամենը 21-ամյա ուսանող էր: Այդ ամիս ԻՊ զինյալները մտան նրանց գյուղ: Նրանք մինչև ատամները զինված էին ու խոսում էին մի լեզվով, որը հասկանալի չէր գյուղի բնակիչներին: Նադյան և նրա հարևանները վատագույն անհավատներ էին ջիհադիստների համար: Օգոստոսի 15-ին նրանք բոլորին հավաքեցին գյուղի դպրոցում: Տղամարդկանց առանձնացրին կանանցից ու երեխաներից: Մեկ ժամում 312 մարդ մորթեցին, այդ թվում և Նադյայի եղբայրներին: Նրանք սպանեցին տարեց կանանց, որոնց մեջ էր նաև Նադյայի մայրը: Երիտասարդ կանանց և երեխաներին որպես աշխատուժ բռնի տարան Մոսուլ:

Հազարավոր ընտանիքների հետ Նադյային փակեցին մի շինության մեջ: Կանայք ահուսարսափի մեջ էին, գիտեին, թե ինչ է իրենց սպասվում: Այդ ժամանակ մի տղամարդ մոտեցավ Նադյային և ասաց, որ ցանկանում է նրան: Նա ահռելի չափերի էր, կարծես հրեշ լիներ:

«Ես գոռում էի, որ շատ երիտասարդ եմ, իսկ նա այնքան մարմնեղ էր: Նա ոտքով հարվածեց ինձ ու ծեծեց: Մի քանի րոպե չանացած մի ուրիշ տղամարդ մոտեցավ: Միայն հասցրի տեսնել, որ նա ավելի փոքր էր չափերով: Խնդրում էի նրան, որ տանի ինձ»:

Ջիհադիստը, որը տարավ Նադյային, պարտադրեց իսլամ ընդունել: Աղջիկը մերժեց: Մի օր էլ այդ տղամարդը Նադյայի «ձեռքը խնդրեց»: Նադյան ասաց, որ հիվանդ է: Մի քանի օր հետո, տղամարդը ստիպեց նրան հագնվել ու շպարվել: «Հետո, այդ ահավոր օրը նա արեց դա»,- պատմում է Նադյան: Դրանից հետո ամեն օր նրան բռնաբարում էին: Երբ նա փորձեց փախչել, պահակը կանգնեցրեց, ստիպեց մերկանալ ու աղջկան մի քանի պահակների հետ փակեց նույն սենյակում: «Ու նրանք այնքան իրենց սև գործն արեցին, մինչև կորցրի գիտակցությունս»: Ի վերջո, Նադյային հաջողվեց փախչել, երբ մի անգամ մոռացան կողպել  նրա դուռը: Նա չէր կարող տուն վերադառնա, որովհետև ԻՊ-ն էր վերահսկում իրենց գյուղը: Վերջ ի վերջո նա ապաստան գտավ Գերմանիայում, որտեղ էլ հիմա ապրում է:

Ամալ Քլունիի խնդիրն է, որքան հնարավոր է, շատ ապացույցներ հավաքել, քանի դրանք գոյություն ունեն: Որոշ զրույցներ փաստաբանն անձամբ է վարում վերապրածների հետ ու ձայնագրում  դրանք: Մյուս կողմից էլ ՄԱԿ-ի Անվտանգության խորհդրին է «ճնշում», որպեսզի պաշտոնական հետաքննություն սկսեն: Իդեալական կլիներ, եթե ԻՊ լիդերները Հաագայի միջազգային դատարանի առաջ կանգնեին:

Մոնթ Սինջարը Սիրիայի հետ սահմանին է: Հազարավոր եզդիներ այստեղ փախան ԻՊ-ի առաջին ներխուժումից հետո:Միայն ՆԱՏՕ-ի և քրդերի միջամտությամբ ջիհադիստներին արգելվեց ոտք դնել այդտեղ: Սա դարձավ յուրօրինակ ապաստան եզդիների համար, որը, ցավոք, մշտապես ԻՊ-ի ռմբակոծության տակ է:

Մոնթ Սինջար հասնելու համար պետք է անապատով անցնել, ռմբակոծված ավերակների ու զինակույտերի միջով:Այծերն ու ոչխարները վերուվար են անում սահմանի երկայնքով: Հետաքրքիր էր, թե ինչպես են այնտեղ ապրող ավանդապաշտ մարդիկ վերաբերվում Նադյային: Չէ՞ որ նա՝ ի լուր բոլորի պատմել է, թե ինչպես էին իրեն բռնաբարել: Մի թեմա, որը տաբու էր այդ կողմերում: Բայց բացի ջերմ խոսքերից, Նադյայի մասին ուրիշ ոչինչ չես լսի այնտեղ: Մոնթ Սինջարում բազմաթիվ երիտասարդ կանայք կան, որոնք Նադյայի պես բանտարկված են եղել, իսկ տղամարդիկ և տարեց կանայք, որոնք չափազանց ծեր էին բռնաբարության համար, սպանվել էին:

Խոսելով վերապրածների հետ՝ պարզ է դառնում, թե որքան բացառիկ է Մուրադը: Մյուսներից և ոչ մեկ չի խոստովանում, որ բռնաբարվել է, մինչդեռ պնդում է, որ դա պատահել է մյուս գերեվարված կանանց հետ: Նախկին ստրուկները պատմում են, որ եթե որևէ կնոջ մոտ հեռախոս գտնեին, որպես պատիժ՝ 5 տարբեր տղամարդիկ բռնաբարում էին նրան: Շատ աղջիկներ պարզապես ինքնասպանություն էին գործում՝ կտրելով երակները: Բայց նույնիսկ այդ դեպքում ջիհադիստները բոլորի առաջ բռնաբարում էին նրանց անշնչացած մարմինները:

Սեպտեմբերին Ամալ Քլունիի խոսքը ՄԱԿ-ում փոթորկահույզ էր: Նա խոսում էր Նադյայի անունից՝ հիշեցնելով, որ ստրուկների շուկան, որտեղ վաճառվել էր իր ընկերը, դեռ գործում է: Եվ Նադյան միակը չէ եզդիներից, որոնց դեմ գործած հանցանքների համար պետք է պատասխան տան Իսլամական պետության անդամները:

«Առաջին անգամ է, որ հնարավորություն ունեմ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայությամբ դիմել հանրությանը: Երանի կարողանայի ասել՝ հպարտ եմ այստեղ գտնվել, բայց չեմ կարող,- ասել է Քլունին,- Ես ամաչում եմ՝ որպես ՄԱԿ-ի աջակից, քանի որ պետությունները ձախողում են ոչ միայն կանխել, այլև պատժել ցեղասպանություն իրագործողներին, որովհետև ամեն մեկն իր սեփական շահն է հետապնդում: Որպես իրավաբան՝ ամաչում եմ, որ Նադիայի նման աղջիկը կարող է վաճառվել և օգտագործվել: Որպես սովորական մարդ եմ ամաչում, որ մենք արհամարհում են նրանց օգնության ճիչերը»:

Այս գործը տարիներ կտևի, բայց երբ հետաքննության արդյունքում բազմաթիվ գերեզմաններ բացվեն և ստրկության վկայություններ հավաքվեն, Ամալը հույս ունի, որ պատիժն անխուսափելի կլինի: Իսկ Նադյան ընտրում է պայքարի ուղին:

«Մեզնից յուրաքանչյուրը պետք է լծվի արդարադատության գործին»,- ասում է նա:

newmag



Նման նյութեր