Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ընտրություններով տարված ուշադրություն չենք դարձնում Թուրքիայում կատարվող շատ կարևոր իրադարձությունների վրա, ինչն ուղղակիորեն ազդելու է նաև Արցախի խնդրի վրա:
Որքան հասկանում եմ Էրդողանը հատուկ է լարում հարաբերությունները Եվրոպայի հետ և դրա հիմնական պատճառը ներքին խնդիրներն են:
Եվրոպայի հետ լարելով հարաբերությունները նա փակուղու մեջ է դնում իր հիմնական ախոյաններին` քեմալականներին, որոնց հիմնական գաղափարն է աշխարհիկ, եվրոպականացված Թուրքիան:
Փաստորեն նա տապալում է քեմալական պրոյեկտը և դրա հետ միասին լուսանցք է մղում քեմալականներին, որոնք հատկապես դեռ շատ են բանակում, կրթության ոլորտում և այլն:
Որքան շատ հակաթուրքական ակցիաներ լինեն Եվրոպայում` հանրաքվեից առաջ, այնքան լավ իր համար:
Թուրքիային մնում է թեքվել դեպի Արևելք, ինչն սկսել է անհանգստացնել Ռուսաստանին, հաշվի առնելով Ռուսաստանի թյուրքական զգալի բնակչությունը և ըստ էության դրա համար է Ռուսաստանը ակտիվացել մեր ռեգիոնում ու ռուսները հայկական խաղաքարտն են առաջ մղում. բաց սահմանները Հայաստանի հետ, հասկանալով, որ դրանով կլարվեն թուրք- ադրբեջանական հարաբերությունները:
Մոսկվայում Էրդողանի առաջարկը Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան առանցք ստեղծելու առաջարկն այս կոնտեքստում է երևի պետք դիտարկել, ինչպես նաև դրան հաջորդած Լավրովի հայկական լրատվամիջոցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին հարցազրույցը, որին թուրքերը պատասխանեցին ռուսական հացահատկի գնման խնդրում առաջացած բարդություններով, իսկ Ադրբեջանի նախկին արտգործնախարարը առաջարկեց «հայ» Լավրովին աշխատանքից հեռացնել:
Մի խոսքով, հիմնական իրադարձությունները առջևում են»: