«Մեծ Հայքի» Նարեկին հեռուստադիտողը բազմիցս է տեսել հեռուստասերիալների և ֆիլմերի շրջանակում, իսկ այժմ նա նկարահանվում է «Outdance» սիթքոմում: Նոր աշխատանքի և առաջիկա ծրագրերի մասին Նարեկ Պետրոսյանը խոսել է Life.panorama.am-ի հետ:
«Սիթքոմում նկարահանվելու առաջարկը ստացա ընկերոջիցս, ով «Outdance»-ի ռեժիսորն է: Առաջարկն ինձ գրավեց, քանի որ սա հետաքրքիր սիթքոմ է, որտեղ իրավիճակները զարգանում են պարարվեստի շուրջ: Առաջարկն ընդունելու հարցում ևս մեկ հետաքրքրական փաստ կար. Եթե նախկինում խաղացել եմ հեռուստասերիալներում ու կերտել եմ հիմնականում ինձ նման կերպարներ, ապա կոմեդիկ ժանրում սա առաջին փորձն էր և միակ անգամն է, որ պետք էր կոնկրետ խաղ դրսևորել: Ասեմ, որ բավականին հետաքրքիր է այս ժանրում աշխատելը, նաև շատ ուրախ են անցնում նկարահանումները»,- նշեց Նարեկը:
Խոսելով իր կերպարի մասին՝ Նարեկը պատմեց.
«Մարմնավորում եմ ինձ հետ ոչ մի ընդհանրություն չունեցող տղայի, ով ամբողջ կյանքում երազել է թիկնապահ դառնալ, բայց պահակի մակարդակից չի աճել: Նրա հետ կապված են հետաքրքիր ու ծիծաղաշարժ իրավիճակներ, առջևում ևս նոր զարգացումներ են սպասվում: Նաև պետք է նշեմ, որ բացի նրանից, թե ինչպես էր սցենարիստը պատկերացնում իմ հերոսին, ինքս էլ իմ հերթին եմ նրան տվել բնավորության գծեր, որոնք, ըստ իս, ավելի հետաքրքիր են դարձրել կերպարը»:
Քանի որ Նարեկի համար սա նաև ընկերական աշխատանք է, գործընկերների հետ ևս շատ արագ է մտերմացել.
«Իմ հերոսը սիթքոմում դերասանուհի Սոնա Մաթևոսյանի ամուսինն է: Պետք է նկատեմ, որ Սոնան շատ տաղանդավոր դերասանուհի ու լավ մարդ է, ում հետ փորձում ենք մեր հասանելի տեսարանները լավ խաղալ: Առհասարակ՝ բոլորի հետ ունեմ շատ լավ ընկերական հարաբերություններ: Այստեղ կա կարևոր մի հանգամանք՝ բոլորին հետաքրքրում է լավ արդյունք ստանալն ու կա թիմային աշխատանք, ինչը հաջողության գրավականն է»,- նշեց նա:
Անդրադառնալով երգարվեստում իր աշխատանքներին՝ Նարեկը նշեց, որ իր գլխավոր անելիքը հենց այս ոլորտում է կայանում.
«Սիթքոմում բզբզում եմ, բայց իմ հիմնական աշխատանքը երգարվեստում է: Ես շարունակում եմ ստեղծագործել, նոր երգեր ու տեսահոլովակներ թողարկել, որոնց մեծ մասը հասանելի է համացանցում ու չի ցուցադրվում հեռուստատեսությամբ: Այժմ էլ նոր ծրագրեր կան, մինչ ամառ կթողարկեմ նոր ձայնասկավառակս, որն արդեն գրեթե պատրաստ է»,- ավարտեց Նարեկ Պետրոսյանը: