
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) և Ախթալայի քաղաքապետարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր Ախթալա քաղաքում տեխնոլոգիական կրթության և բիզնեսի զարգացմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացման վերաբերյալ:
Ինչպես տեղեկացրին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից, համագործակցության հուշագիրը ստորագրել են Ախթալայի քաղաքապետ Հայկ Խաչիկյանն ու ԻՏՁՄ փոխտնօրեն Հայկ Չոբանյանը:
Այս համագործակցությամբ կողմերը կհամատեղեն իրենց ջանքերը «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրման, մասնագիտական կրթության և ձեռներեցության զարգացման ծրագրեր իրականացնելու նպատակով անհրաժեշտ ներդրումներ ներգրավելու համար:
Կողմերը երկուստեք կարևորել են, որ տեխնոլոգիական կրթությունը լուրջ մրցակցային առավելություն է ստեղծելու Ախթալայի և հարակից բնակավայրերի համար: Այս համագործակցությամբ կստեղծվեն բարենպաստ պայմաններ՝ Ախթալան որպես «Սմարթ քաղաք» դիրքավորելու համար: