Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագրի շրջանակում ավարտվել են Ծիծեռնակաբերդի խճուղու էներգաարդյունավետ լուսադիոդային լուսատուների տեղադրման աշխատանքները: Առաջին փուլի աշխատանքները մեկնարկել և ավարտին էին հասցվել 2016 թվականին, իսկ երկրորդ փուլով իրականացված գործընթացի շրջանակում ժամանակակից ԼԵԴ լուսատուներով է լուսավորվել խճուղու՝ վերգետնյա ավտոտրանսպորտային անցուղի-Լենինգրադյան փողոց հատվածը։ Տեղադրված էներգախնայող լուսադիոդային լուսատուներն արդեն ապահովում են ճանապարհային մակերեսի ժամանակակից պահանջներին համապատասխան համաչափ լուսավորություն՝ բարելավելով ճանապարհի տեսանելիությունը և բարձրացնելով անվտանգությունը, ինչպես նաև նպաստում են ջերմոցային գազերի արտանետման նվազեցմանը: Միաժամանակ վերակառուցվել են հենասյուների բարձակները, ինչի արդյունքում առկա երկու բարձակները փոխարինվել են մեկականով: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ընդհանուր առմամբ ծրագրի շրջանակում Երևանի արտաքին լուսավորության ցանցի արդիականացման նպատակով տեղադրվել է շուրջ 1000 լուսադիոդային լուսատու, իրականացվել են մայրաքաղաքի կենտրոնն օդանավակայանին կապող Իսակովի պողոտայի, «Հաղթանակ» կամրջի, Մաշտոցի պողոտայի, Աթենքի փողոցի, Բրազիլիայի հրապարակի, Ծիծեռնակաբերդի խճուղու և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճանապարհի լուսավորության համակարգի էներգաարդյունավետ վերազինման և լուսադիոդային ժամանակակից լուսատուների տեղադրման աշխատան քները: Արտաքին լուսավորության ցանցի արդիականացման շնորհիվ այդ հատվածներում էլեկտրաէներգիայի սպառումը կրճատվել է շուրջ 70%-ով:
Հարկ է նշել, որ այս աշխատանքների ֆինանսավորումն իրականացվում է նպատակային վերականգնվող ֆոնդի միջոցների հաշվին, որը համալրվում է ծրագրի շրջանակում իրականացված նախագծերի արդյունքում գոյացող ֆինանսական խնայողություններից։
Ֆոնդում կուտակված ֆինանսական խնայողությունների հաշվին 2017 թվականին կշարունակվեն լուսավորության համակարգի արդիականացման աշխատանքները: