«Եվրատեսիլ-2017» միջազգային մրցույթի հայաստանյան Fly with me երգը եվրատեսիլյան պաշտոնական յութուբյան ալիքում շուրջ 3 օրվա ընթացքում հատել է կես միլիոն դիտումների շեմը: Այս մասին տեղեկացրին Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով. «Ոգևորիչ է այն հանգամանքը, որ Արծվիկի թռիչքը հատել է ոչ միայն Հայաստանը, այլև ողջ Եվրոպան. երգը բուռն քննարկումների‚ վերլուծությունների առիթ է դարձել և հետաքրքրել ինչպես մեր հայրենակիցներին, այլև միջազգային հանրությանը:
Երգի մեղեդային գիծը հիմնված է աշխարհի տարբեր էթնիկ երաժշտությունների առանձնահատկությունների վրա և ոգեշնչված է մրցույթի այս տարվա «Տոնենք բազմազանությունը» կարգախոսից: Երաժշտության հեղինակները Լիլիթ և Լևոն Նավասարդյաններն են, խոսքերի հեղինակներ՝ Ավետ Բարսեղյան և Դավիթ Ծերունյան:
Ի դեպ, Արծվիկը մեկնարկել է եվրատեսիլյան նոր challenge, որի շրջանակում հրավիրել է մրցույթի այս տարվա բոլոր մասնակիցներին տոնել բազմազանությունը՝ ցույց տալով, որ այն կարող է միավորել բոլորին: Արծվիկը կատարել է գերմանական ժողովրդական երգ և առաջին մարտահրավերը նետել Գերմանիայի ներկայացուցիչ Լեվինային: Լեվինայի պատասխանը շատ չի ուշացել։
«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի Առաջին ալիքի «Դեպի եվրատեսիլ» մրցույթի հաղթող Արծվիկը: Մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին և 13-ին Կիևում: Արծվիկը ելույթ կունենա մայիսի 9-ին՝ 1-ին կիսաեզրափակչի ընթացքում: