Երեկ՝ մարտի 22-ին, Վրաստանի ընդդիմադիր «Ազգային միասնական շարժում» կուսակցության ղեկավարներից Նուգզար Ցիկլաուրին համացանցում տեղադրել է հոլովակ, որում երևացող ռուսական պետհամարանիշներով բեռնատարները, ըստ նրա, Բոլնիսից Հայաստան էին տեղափոխում ռազմական տեխնիկա։
Վրաստանի խորհրդարանի պաշտպանական հարցերով կոմիտեի քարտուղար Իրակլի Սեսիաշվիլին հերքել է այդ հայտարարությունը՝ նշելով, որ տեխնիկան ռազմափրկարարական էր։ Սեսիաշվիլին մասնավորապես ասել է. «Այո, իրոք Բելառուսի քաղաքացիները տեղափոխել են ռազմական տեխնիկա, սակայն դա ոչ թե մարտական էր, այլ՝ փրկարարական ԳԱԶ-34։ Դրանք նախատեսված են փրկարարական աշխատանքների համար, և նրանց վրա զենք տեղադրված չէր։ Դա չի խախտում Վրաստանի օրենսդրությունը»։
Միջադեպը մեկնաբանել է նաև Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը։ Հայտարարության մեջ նշվում էր, որ տեխնիկան քաղաքացիական էր, իսկ Ռուսաստանը և Հայաստանը մի քանի տարի է, ինչ ռազմական տեխնիկա տեղափոխելու թույլտվության հարցով Վրաստանին չեն դիմել։
Խոսքը, ենթադրաբար, ԳԱԶ-34039 թրթուրավոր ամենագնացի մասին է։ Մեքենան նախատեսված է ծանր կլիմայական պայմաններում և բարդ ճանապարհներում մարդկանց և բեռների տեղափոխման համար։
Վրաստանի ՊՆ-ն նույնպես արձագանքել է Վրաստանի տարածքով Հայաստան զինամթերք տեղափոխելու մասին տեղեկատվությանը: Հայտարարության մեջ ասվում է․
«Տարածված տեղեկատվության համաձայն, թե իբր այսօր Վրաստանի տարանցիկ նշանակություն ունեցող ճանապարհով ռազմական տեխնիկա է տեղափոխվել դեպի Հայաստան, իրականությանը չի համապատասխանում: Սա ոչ թե ռազմական, այլ քաղաքացիական նշանակության տեխնիկա է: Պաշտպանության նախարարությունը թույլատրում է ռազմամթերքի տարանցում, սակայն այս դեպքում նման թույլտվություն չի եղել: Հիշեցնենք, որ ռազմամթերքի տարանցման նպատակով արդեն տարիներ է ո՛չ Հայաստանը և ո՛չ էլ Ռուսաստանը Վրաստանի ՊՆ-ին չեն դիմել և, հետևաբար, թույլտվություն չի եղել»,- նշված է հայտարության մեջ։