Վերջերս ահաբեկչական գորողություններից տուժած արևմտաեվրոպական երկրների ղեկավարները Բրիտանիայի հետ համերաշխություն են հայտնել Լոնդոնի կենտրոնում իրականացված հարձակումից հետո, որի հետևանքով հինգ մարդ է զոհվել, տեղեկացնում է BBC-ին:
Փարիզի քաղաքագլուխը կարգադրել է տեղական ժամանակով կեսգիշերին մարել Էյֆելյան աշտարակի լույսերը ի նշան Լոնդոնում տուժածների հետ համերաշխության, որոնց թվում եղել են ֆրանսիացի դպրոցականներ:
Ֆրանսիայի վարչապետ Բեռնար Կազնյովը հայտարարել է Բրիտանիայի հետ համերաշխության մասին և խոստացել աջակցություն ցուցաբերել բրիտանական խորհրդարանի մոտ ահաբեկչական գործողության ընթացքում տուժած ֆրանսիացիներին ու նրանց ընտանիքներին:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի խոսքով՝ ֆրանսիացիները հասկանում են, թե այժմ ինչ են զգում բրիտանացիները: Անցյալ տարվա հուլիսի 14-ին Նիսում Բաստիլի գրավման օրվա տոնակատարության ժամանակ բեռնատարը առափնյակում վրաերթի ենթարկեց մարդկանց բազմությանը, ինչի հետևանքով զոհվեց 84 մարդ:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որի երկրում դեկտեմբերին համանման ահաբեկչական գործողություն տեղի ունեցավ, երբ բեռնատարը Բեռլինում մխրճվեց սուրծննդյան տոնավաճառի բազմության մեջ, ասել է, որ մտովի Լոնդոնի բնակիչների կողքին է և ցավակցում է բրիտանացիներին:
Իրենց համերաշխությունն ու ցավակցությունն են հայտնել նաև պետությունների ու կառավարությունների այլ ղեկավարներ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է Բրիտանիային իր աջակցության մասին:
Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը դատապարտել է հարձակումը և ցավակցություն հայտնել զոհվածների ընտանիքներին:
Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թեռնբուլը բրիտանական խորհրդարանի մոտ տեղի ունեցածը համարել է հարձակում ամբողջ աշխարհի ազատության և ժողովրդավարության վրա:
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ կանադացիները բրիտանացիների հետ ուս-ուսի կանգնած են ահաբեկչության դեմ մղվող պայքարում: