Life.panorama.am-ի զրուցակիցն է երիտասարդ դերասանուհի Եվա Զոհրաբյանը: Մեզ հետ զրույցում Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողուհին պատմեց, որ մուտքը հեռուստաեթեր եղել է անսպասելի.
«Մեկ տարի առաջ Լուսինե Սարգսյանից առաջարկ ստացա նկարահանվել գեղարվեստական ֆիլմում և մեծ հետաքրքրությամբ համաձայնեցի, քանի որ ինձ համար էլ էր հետաքրքիր ինքս ինձ փորձել այդ ասպարեզում: Ոչ մեկին գաղտնիք չէ, որ մեր ինստիտուտում հիմնականում թույլ չեն տալիս ուսանելու առաջին երեք տարիներին նկարահանվել որևէ նախագծում, ինչի հետ լիովին համաձայն եմ: Ֆիլմը, որտեղ ինձ առաջինը փորձեցի, դեռևս մեծ էկրաններ չի բարձրացել, այդ իսկ պատճառով չեմ կարողանա խոսել այդ մասին, բայց պետք է ասեմ, որ այս աշխատանքն ինձ բավականին հետաքրքրել է, քանի որ ռեժիսորը՝ Լուսինե Սարգսյանը, շատ հետաքրքիր մտածողությամբ մարդ է, նաև կերպարս էր գունեղ, բայց ինչպես նշեցի՝ այս ամենի մասին ավելի ուշ կխոսեմ»,- պատմեց Եվան ու շարունակեց.
«Հաջորդ առաջարկը եղավ Հանրային հեռուստաընկերության «Կյանքը շարունակվում» է նախագծի կազմակերպիչներից: Պետք է ասեմ, որ այս հրավերը ևս ինձ շատ հետաքրքրեց, քանի որ ձևաչափի համաձայն՝ ամեն անգամ առանձին պատմություններ են նկարահանվում, որը թույլ է տալիս դերասանին ինքն իրեն տարբեր կերպարներում փորձել: Այստեղ նկարահանման հրապարակում տիրում է աշխատանքային, ստեղծագործական ու շատ պրոֆեսիոնալ մթնոլորտ, որը հնարավորություն է ինձ տալիս ինքս իմ մեջ տարբեր շետեր բացահայտել: Սրանից էլ զատ, վերջերս առաջարկ ստացա նկարահանվել «Քավարան» հեռուստասերիալում, որն այժմ եթերում է: Այստեղ սկզբից մինչև վերջ սցենարին ծանոթ լինելով՝ կարողացել եմ կերպարս բացել ու հետաքրքրացնել. ինչ խոսք, դա արել եմ խորհրդակցելով նախագծի ռեժիսոր Հարութ Շատյանի հետ»:
Եվան դեռ փոքրուց է հետաքրքրված եղել արվեստի այս ճյուղով.
«Փոքր ժամանակ իրականությունն ինձ համար շատ սահամանփակ էր՝ լի հնարավորություններով: Իմ երևակայությունն ավելի շատ ազատություն էր փնտրում, և ես ինձ համար փորձում էի ստեղծել այդ հորինված իրականությունը, որի միակ ճանապարհն ինձ համար խաղալն էր և խաղի միջոցով կոնտակտ հաստատել իմ երևակայության հետ: Այդպիսով սկսեցի առաջին քայլերս Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում»,- պատմեց եվան:
Դերասանուհու խոսքով՝ թատրոնում իրեն լիարժեք է զգում բոլոր ժանրերում.
«Թատրոնում կերտում եմ տարբեր կերպարներ և առանձնացնել որևէ ժանր, կնշանակի, թե թերանում եմ իմ մասնագիտության մեջ: Կյանքում կա ամեն ինչ, և մարդու մեջ նույնպես. չի կարելի բացառել մեկը՝ շեշտելով մյուսը: Ամենաողբերգիկ տեսարանում կարելի է գտնել զավեշտալի մի բան և հակառակը»,- նկատեց մեր զրուցակիցը:
Երիտասարդ դերասանուհին չի թաքցնում, որ ընտրյալ ունի, բայց և չի բացում փակագծերը.
«Ես գեղեցիկ եմ, և իմ սիրտը զբաղված է. այսքանով վերջակետ դնենք հարցին»,- զրույցն ավարտեց Եվան: