«Ծառուկյան» դաշինքը գլխավորող ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին թույլ չեն տվել Սյունիք կատարած այցի շրջանակներում Երևանից Կապան տեղափոխվի ուղղաթիռով: Armtimes.com-ի տեղեկություններով՝ մարտի 20-ից 22-ն ընկած ժամանակահատվածի համար, երբ դաշինքի ներկայացուցիչները պետք է քարոզարշավի շրջանակներում այցելեին Սյունիքի մարզ, Ծառուկյանը ցանկացել է ուղղաթիռով վայրէջք կատարել Կապանի օդանավակայանում, սակայն իշխանությունները նրան այդ հնարավորությունը չեն տվել:
ԱԺ պատգամավորի թեկնածու, Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանից կայքը փորձել է ճշտել լուրի իսկությունը, սակայն նա նախ ասաց, որ նման տեղեկության չի տիրապետում, ապա խոստացավ ճշտել և տեղեկացնել: Մինչ այս պահը նրա հետ խոսել մեզ չհաջողվեց:
Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանն armtimes.com-ի հետ զրույցում ասել է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում Երևան-Կապան ուղղությամբ ուղղաթիռային թռիչք իրականացնելու հայտ չեն ստացել:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: