«Ռոք ասոցիացիայի», Հայաստանի մշակույթի նախարարության նախաձեռնությամբ՝ մարտի 24-26-ը Երևանում կանցկացվի «Music Drive» միջազգային փառատոնը, որին կմասնակցեն ժամանակակից երաժշտության տարբեր ժանրերում (rock, fusion, ethno/folk-rock, world music, prog rock, alternative rock և այլն) ստեղծագործող արտասահմանյան և հայաստանյան 20-ցից ավելի խմբեր: Փառատոնի մասին մարտի 23-ին լրագրողներ ի հետ հանդիպմանը խոսեցին փառատոնի կազմակերպիչները:
«Աշխարհին ներկայանալու մեր դիմագիծը չպետք է լինի միայն Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը: Մեր նպատակը նման միջոցառումները միջազգային տիրույթում ամրագրելն է»,- նշեց Հայաստանի զարգացման հիմնադրամի զբոսաշրջության գծով տնօրեն Արա Խզմալյանը:
Նա ընդգծեց, որ անհրաժեշտ է տեղեկատվական կապ ստեղծել այլ երկրների հետ: «Աշխատում ենք փառատնի մասին տեղեկատվությունը լրատվամիջոցների ներկայացուցիչների օգնությամբ տարածել և հասցնել հանրության լայն շրջանակին: Փառատոնը լուսաբանելու համար Հայաստան են ժամանել լրագրողներ ԱՄՆ-ից, Վրաստանից, Ռուսաստանից»,-ասաց նա:
«Music Drive» միջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավար Վարդան Գրիգորյանի խոսքով` փառատոնն աննախադեպ է, և ինքը հույս ունի, որ բոլորը կկարոտեն այն, քանի որ իրենք տոն են նվիրելու երաժշտասերներին:
Մասնակցելու են ինչպես դասական դարձած, այնպես էլ երիտասարդ, նորաստեղծ խմբեր:
Փառատոնի շրջանակում համերգներ տեղի կունենան Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, կանցկացվեն բացօթյա և ակումբային համերգներ:
Փառատոնին ԱՄՆ-ից մասնակցելու է «Human Element»-ը, որում նվագում է Գարի Նովակը, ով համագործակցել է Ջորջ Բենսոնի, Ալանիս Մորիսեթի և այլ նշանավոր կատարողների հետ: Այդ խմբում է նաև հայտնի Արտո Թունջբոյաջյանը: Շվեդիայից գալու է «Anekdoten» ռոք խումբը, որը պրոգրեսիվ ռոք է նվագում, Իսլանդիայից՝ «Agent Fresco»-ն, Ֆրանսիայից՝ «Corpo-Mente»-ն, Դանիայից՝ «Saturnus»-ը, «Antimatter»-ը՝ Անգլիայից, «Authentic light orchestra»-ն՝ Շվեյցարիայից և «Theodor Bastard»-ը՝ Ռուսաստանից:
Հայաստանից կմասնակցեն «Time report»-ը, «DOGMA»-ն, «Artsruni progressive music art»-ը, «The beautified project»-ը, «Empyray»-ը, «Ոստան հայոց»-ը և այլ խմբեր: