Փարիզի Զենիթ համալիրում մարտի 26-ին կկայանա Armenian Europe Music Awards Paris երաժշտական մրցանակաբաշխությունը։ Anna Karolina, Shahbazian և Armen Adrian Production-ների կողմից կազմակերպած մրցանակաբաշխությանը մասնակցելու են մի շարք հայ արտիստներ`Սիրուշոն, Արամ MP3–ն, Քրիստինե Պեպելյանը, Հռիփսիմե Հակոբյանը, Ռոլանդ Գասպարյանը, Սոֆի Դևոյանը, Իվետա Մուկուչյանը, Նունե Եսայանը, Նանուլը, Արտո Թունջբոյաջյանը, Էրիկը, Սոնան, Հայկոն, Արաքսյա Վարդերեսյանը, Արծվիկը, «Ամարաս» պարային խումբը և այլք։
Շուրջ 5900 նստատեղով և գերհզոր տեխնիկայով համալիրն օրեր անց կնշի հայ մշակույթի և երգարվեստի շոու երեկո։
Հայկական շոու–բիզնեսի արտիստներն այս օրերին ջանասիրաբար պատրաստվում են մրցանակաբաշխությանը։ Սիրուշոն, Արամ MP3–ն, Էրիկը, Հռիփսիմե Հակոբյանը, Նանուլը, Արծվիկը և այլք «Ամարաս»–ի հետ արդեն բեմադրել են պարային համարները։
Tert.am Life–ը ներկա է եղել պարային փորձերին և իր ընթերցողներին է ներկայացնում լուսանկարներն ու մանրամասները։ Մեզ հետ զրույցում «Ամարաս» պարային խմբի ղեկավար Վիկա Մարտիրոսյանը վստահեցրեց, որ Զենիթ համալիրում տպավորիչ շոու ծրագիր է սպասվում։
«Հիանալի համերգ է լինելու` նոր երգերով ու բեմադրություններով։ Մրցանակաբաշխությունը կմեկնարկի հատուկ «Ամարաս»–ի համար գրված երաժշտության հիման վրա բեմադրված պարային համարով։ Երեկոյի ընթացքում հայտնիները մեր ուղեկցությամբ կներկայացնեն սիրված երգեր ու պրեմիրաներ»,– ասաց Վիկան։
Վերջինիս խոսքով` 14 նոր բեմադրություն կլինի։ Վիկան պատմեց, թե ինչպես են անցել փորձերը. «Հայ արտիստների հետ նոր պարային համարներ ենք բեմադրել։ Նրանց հետ և՛ շատ հեշտ է աշխատել, և՛ շատ հաճելի, քանի որ 15 տարուց ավելի համագործակցում ենք։ Ամեն ինչ արել ենք, որ հանդիսատեսին բարձր տրամադրություն փոխանցենք»։
Ամբողջությամբ՝ Tert.am Life