Արշակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայեր ջան, ի պատասխան ձեր հարցումների: Իհարկե, ես ունեմ իմ անձնական կարծիքը և տեղի ունեցող իրադարձությունների, և աղմկահարույց դեպքերի և մնացած ամեն ինչի վերբերյալ, սակայն ես ինչպես հայտարարել եմ` այն այլևս չեմ հրապարակում:
Այո, գիտեմ, որ ունեմ հետևողներ, բայց նրանք բոլորն էլ ինձ նման մարդիկ են, ինձանից ոչնչով պակաս քաղաքացիներ չեն և եկել է ժամանակը, որ ամեն մեկը իր խղճի դիմաց, իր ապագայի և իր սերունդների համար իր խելքով և որոշումներով առաջնորդվի:
Մի տեսակ տգեղ կհնչի, բայց էնպիսի տպավորություն է, որ կարծես մարդկանց քթներից կախված զսպող օղակներից բռնած տանում են դես ու դեն, ու ամենացավալին, որ դա նրանց դուր է գալիս: Սպասում ենք ամենափրկչին, բայց հաստատ նրան սխալ տեղում ենք ման գալիս:
Մարդուն հերոսացնում են ինչ-որ մեկի ցուցումով անտեղի ու մեկ կամ երկու օր հետո նույն հերոսացնողների ցուցումով նրան պիտակավորում դավաճան: Չգիտեմ, ինչպիսի հիպնոսի միջոցով մի հոծ բազմության ստիպում են խոնարհվել և համբուրել ոտքերը իրենց տրորողների, հերոս ու արքա անվանել իրենց աչքի առաջ բոլորին դավաճանած ու նվաստացած սրիկային, աստվածացնում են մեկին, ում ճակատից դուրս է ցցված պոզերն ու հետևից պոչ է կախված, քարկոծում մեկին, ով համարձակվում է քայլել հոտի վերածված ամբոխի ուղղությանը հակառակ…
Իմ կարծիքը հայտնեմ, թե ինձ պահեմ՝ հաստատ ոչինչ ձեր համար չի փոխելու, այն ինձ է հարկավոր և իմ ձեռքում է իմ ապագան իմ երեխաների ապագան և ես անում եմ իմ հնարավորության սահմաններում ամեն ինչ այն իմ ուզածով դասավորելու համար:
Արթուր Սարգսյանի մահվան մասին կարծիք չհայտնելու մեջ են նույնիսկ մեղադրում «վախենում ե՞ք մի երկու բառ գրեք պարոն Զաքարյան» …))) Հա, շատ եմ վախենում` վախենում եմ նմանվեմ մնացածին… Ես իմ կարծիքը Արթուրի մասին հայտնել եմ այն ժամանակ, երբ դա նրան պետք էր, իսկ երբ նա արդեն չկա…
Ես կասկած չունեի, որ նրան կհուղարկավորեր իմ կյանքի ուսուցիչը` Տեր Կյուրեղը, քանզի այդ մարդը արեց այն, ինչ մեզ դեռ մանկուց քարոզում էր մեր ուսուցիչը` նա գնացել է Բիզոն փրկելու…
Համաձայն եմ ես Արթուրի արածի հետ, թե ոչ, ընդունում եմ նրա մոտեցումները, թե ոչ, նա վայելում է իմ համակրանքը միայն նրա համար, որ անում էր այն, ինչ մտածում էր, որ ճիշտ է և պետք է անել և ոչ թե ուրիշին էր ասում՝ «գնացե’ք արեք…»:
Նա չէր կարող չմահանալ, քանի որ ինքը որոշել էր, որ իր մահով պետք է ապացուցի իր ճիշտ լինելը, իր միսիան արեց մինչև վերջ և դարձավ իրական միսիոներ…
Շնորհակալ եմ իմ սիրելի Ուսուցիչ, որ այդ մարդուն իր վերջին ճանապարհը հենց դուք ուղեկցեցիք, հավատացեք, որ ձեր բոլոր աշակերտներն էլ գնալու են «Բիզոն փրկելու»:
Իմ սիրելի, հարգելի ընկերներ, ևս մեկ անգամ շնորհակալ եմ ձեր ընկերության համար, ըստ ֆեյսբուքի, այս էջս ՀԱԳ-ի վերջնական պաշտոնական էջ դառնալու համար մնաց 10 օր:
Իմ բոլոր ընկերները արդեն իսկ այդ էջի բաժանորդներ են, իսկ մոտ 40 000 հետևորդներին խնդրում եմ, եթե ցանկանում եք հետևել էջին ինքներդ, դա պետք է անեք հավանելով այդ էջը: Այն լինելու է «public» էջ իրականում կարիքը չկա, կարող եք նաև առանց հավանելու հետևել, երբ ցանկանում եք:
Ես շարունակելու եմ այ էսպես մեկ-մեկ հրապարկել հոդվածներ և այլն, բայց անձնական կարծիքս` մանավանդ աղմկահարույց դեպքերի, ընտրությունների և այլնի մասին անիմաստ է հրապարակելը և աշխատելու եմ դա չանել: Սահմանից գիշերն եմ վերադարձել, համեմատական անդորր էր մի տեսակ այն հատվածում` ուր վերջերս շատ լարված էր: Չգիտեմ էլ նույնիսկ՝ դա լավ է, թե վատ, լավ է, որ անդորր է, վատ է, որ մեր դիմաց անկանխատեսելի ու անպատասխանատու և նենգ հակառակորդ է, ինչի պատճառով նույնիսկ անդորրը մտահոգիչ է: Մնացած մանրամասները արդեն հաղորդման ժամանակ: Շնորհակալություն ընթերցման համար…»: