«Եվրատեսիլ 2017»-ում հայաստանյան ներկայացուցչի՝ Արծվիկ Հարությունյանի երգի ու տեսահոլովակի շուրջ քննադատությունները շարունակվում են: Մեկնաբանությունների ճնշող մեծամասնությունում նշվում է, որ «Fly with me» երգը չի համապատասխանում շատերի սպասելիքներին ու այն մեզ հաջողություն չի բերի «Եվրատեսիլ 2017»-ում:
Թեմայի շրջանակում Life.panorama.am-ը զրուցել է Արամ MP3-ի հետ, ով «Եվրատեսիլ 2014»-ին իր «Not Alone» երգով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։ Արամը, որպես ժյուրի, մասնակցել է նաև «Դեպի Եվրատեսիլ» նախագծին, որտեղ և հանրային քննարկման արդյունքում Արծվիկը ընտրվեց որպես «Եվրատեսիլ 2017»-ում Հայաստանը ներկայացնող մասնակից:
«Ինքս չեմ հասցրել ամբողջությամբ հետևել, թե ի՞նչ է կատարվում սոցիալական կայքերում, բայց որ արտիստին ուղղված անձնավորված վիրավորանքները ճիշտ չեն, դա միանշանակ է: Անկախ երգի ընտրությունից՝ երգչի համար շատ կարևոր է սատարումը: Այդ կարևոր մրցույթին մասնակցելիս՝ արտիստը այնպիսի հուզական ապրումներ է ունենում, տարատեսակ էմոցիաներ, որ մենք ուղղակի պարտավոր ենք լավ վերաբերմունք ցույց տալ ու ոգևորել նրան: Իսկ նման մեկնաբանությունները իսկապես կարող են կոտրել երգչին: Պետք է հիշել, որ ինչ երգ էլ, որ ընտրվել է, ինչ կարծիք էլ ստեղծվի, պիտի է ուղղակի մասնակցին ասել՝ գնա, լավ ելույթ ունեցի»,- խոսելով քննդատութունների մասին՝ նշեց Արամն ու շարունակեց.
«Ինչ վերաբերվում է երգին, կարծում եմ, «Fly with me»-ին Արծվիկին համահունչ երգ է: Ինչ խոսք, ճաշակին ընկեր չկա, մեկին կարող է այն դուր գալ, մյուսին՝ ոչ, տարբեր մարդկանց մոտ էլ տարբեր սպասումներ կլինեին, որը լինում է ամեն տարի: Հիմա անգամ վստահաբար կարող եմ ասել, որ եթե երգը լիներ ռիթմիկ, շատերը կրկին քննադատելու էին այն. Նման հարցեր միշտ են լինում, իսկ բոլորին բավարարել ոչ մեկ չի կարողնա: Ըստ իս՝ երգը Արծվիկին հանահունչ է. սա ասում եմ՝ Արծվիկին ու իր տվյալները ճանաչելով: Ես վստահ էի, որ նրա համար պարային երգ չէին ընտրելու, քանի որ քասթինգի ընթացքում էլ հասկացանք, որ նրան ավելի ճիշտ կլինի մեղեդային երգեր տալը: Երևի թե, կոմպոզիտորները հիմնվել են հենց տվյալ փաստի վրա ու գրել են երգ, որտեղ Արծվիկի ունակությունները ավելի լավ կցուցադրվեր»:
Մեր նկատառմանը, թե Արամ MP3-ը, որպես երգիչ ու հանդիսատես, հավանո՞ւմ է «Fly with me» երգը և արդյոք այն մրցունակ է, պատասխանեց.
«Այն, թե այս մրցույթում ինչպիսի՞ երգն է մրցունակ, ինքս կդժավարանամ ասել, քանի որ տարիների փորձը ցույց է տվել, որ այստեղ կարող են հաղթել, կամ հայտնվել բարձր հորիզոնականներում նրանք, ովքեր ամենաքիչ հավանականն էին համարվում: Սրանից ելնելով, ինչու ոչ, կարող է և Արծվիկի երգը մրցունակ համարվել: «Fly with me»-ին մի փոքր այլ ոճի երգ է, որը միշտ գնահատվում է եվրոպական հանդիսատեսի կողմից. Այս տեսակ երգերը համարվում են էքսպերիմենտներ, որը միշտ գնահատվում է: Ինչ վերաբերվում է իմ կարծիքին, այս երգն իմ ոճը չէ, դրա համար չեմ կարող ասել՝ այն ինձ դուր է գալիս, թե՝ ոչ: Կրկնվեմ՝ սա Արծվիկի համար երգ է: Այն խնդիրը, որ դրված է եղել հեղինակների առաջ՝ գրել երգ Արծվիկի համար, միանշանակ կատարվել է: Իսկ երգը լավն է, թե վատ, ցույց կտա մրցույթի արդյունքները»: