Արարատյան Հայրապետական թեմի և Հայաստանի Աստվածաշնչային ընկերության համատեղ ջանքերով թողարկվել է ժեստերի լեզվով Աստվածաշնչի թարգմանության տեսասկավառակը: Այս մասին մարտի 24-ին կայացած ասուլիսում հայտնեց Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի հոգևոր համակարգող Տեր Եսայի քահանա Արթենյանը.
«Խուլերի համայնքի ներկայացուցիչները ժեստերի լեզվի թարգմանչի շնորհիվ միշտ մասնակից են եղել եկեղեցում ընթացող հոգևոր քարոզչություններին, սակայն կարևոր էր, որ նրանք Աստվածաշունչն ունենան հենց իրենց մայրենի լեզվով: Մենք գիտենք՝ Աստվածաշունչը թարգմանվում է տարբեր լեզուներով և ժեստերի լեզուն ևս չի զիջում որևէ այլ լեզվի: Այն իրենց մայրենի լեզուն է, և յուրաքանչյուր մարդ իրավունք ունի իր մայրենի լեզվով կարդալու Սուրբ գիրքը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Տեր Եսայի քահանա Արթենյանը:
Ժեստերի լեզվով Աստվածաշնչի թարգմանությունը կիսաանիմացիոն տեսաշար է ՝ ներկայացված ժեստի, տեքստի և պատկերի համադրությամբ: «Կան խուլեր, որոնք գրագետ են, կարողանում են կարդալ տեքստը, կան խուլեր, ովքեր ժամանակին չեն կարողացել կրթություն ստանալ և տիրապետում են միայն ժեստերի լեզվին, ուստի ընտրվել է տեսասկավառակի տարբերակը: Այդպիսով այն հասանելի կլինի և՛գրագետ, և՛ոչ գրագետ խուլերին»,- մեկնաբանում է ժեստերի լեզվի թարգմանիչ Զուբեյդա Մելիքյանը:
Տեսասկավառակի պատրաստման աշխատանքներին ակտիվ մասնակցություն են ունեցել հենց իրենք՝ խուլերը: «Մենք ուղղակի ապշեցինք, երբ իմացանք առաջարկի մասին: Ինձ համար շատ դժվար էր, քանի որ միանգամից շատ բացահայտումներ եղան. այն, ինչ պատմում էի, զգում էի մաշկիս վրա և իմ կյանքում»,- հաղորդեց Արարատյան Հայրապետական թեմի խուլերի համայնքի անդամ Գրետա Ավագյանը:
Ժեստերի լեզվով Աստվածաշնչի թարգմանությունը բաղկացած է 4 տեսասկավառակից: Նրանում ամփոփված է միայն Հին կտակարանը: Այս փուլում լույս է տեսել 500 օրինակ, որոնք անվճար հիմունքներով կտրվեն խուլերի համայնքի անդամներին: Այն նաև հասանելի կլինի ինտերնե տային տարբերակով : Տեսասկավառակի շնորհանդեսը կկայանա ապրիլի 1-ին:
Նոռա Գրիգորյան
Մարիամ Բաբայան