168 Ժամը» բացառիկ հարցազրույց է ունեցել աշխարհահռչակ «Կասպերսկի լաբորատորիա» ընկերության գործադիր տնօրեն Եվգենի Կասպերսկիի հետ, ով ՀՀ Նախագահին առընթեր ստեղծված Համաշխարհային Տեղեկատվական տեխնոլոգիաների 2015թ. մրցանակաբաշխության վեցերորդ դափնեկիրն էր և այդ առիթով օրեր առաջ Հայաստան էր ժամանել:
– Պարոն Կասպերսկի, ի՞նչ է իրենից ներկայացնում կիբերտեռորիզմը, և ովքե՞ր են դրա զոհերը:
– Բարեբախտաբար, մինչ օրս չեն եղել այնպիսի կիբերհարձակումներ, որոնց մենք 100 տոկոսով կիբերտեռորիզմ բնութագրումը կարողանայինք տալ: Իսկ դրան մոտ ինցիդենտներ, իհարկե, գրանցվել են: Օրինակ, հիշենք Էստոնիայում տեղի ունեցած կիբեր հարձակման դեպքը 2007թ., երբ անհայտ անձինք կանխամտածված կերպով խափանեցին Էստոնիայի ողջ ինտերնետ ցանցի կանոնավոր աշխատանքը: Նրանք բառացիորեն անջատել էին ինտերնետ կապը, այլ կերպ ասած` մի ողջ երկիր մի քանի օր մնացել էր առանց ինտերնետ կապի:
Սա ունեցավ իր ամենավատ հետևանքները, որ կարելի էր երևակայել, և ոչ միայն այնքանով, որ շարքային քաղաքացիները զրկվեցին ինտերնետային կապի հնարավորությունից, այլև պետական համակարգի բոլոր կառույցները դադարեցրին իրենց աշխատանքները: Այն դեպքում, երբ Էստոնիան աշխարհի ամենաինտերնետիզացված երկրներից մեկն է: Այդ ժամանակ զգալի էր նաև ֆինանսական սեկտորի կրած վնասների չափը, որովհետև այդ ոլորտում միջազգային փոխանցումների հիմնական մասն իրականացվում է հենց ինտերնետի միջոցով: Այսինքն, պատկերավոր ասած` երկիրը մի քանի օր շարունակ կաթվածահար վիճակում էր:
Այս շատ մոտ է ձեր կողմից նշված կիբերտեռորիզմի նկարագրությանը, և սա հավանական տարբերակներից մեկն է, որ դեռ սպասվում է մարդկությանն ապագայում: Դասական կիբերտեռորիզմի անցյալ տարվա վաղեմությամբ մեկ այլ դեպք. ցավոք, չեմ կարող հստակ նշել, թե որ ընկերությունը հայտնվեց հերթական կիբերհարձակման թիրախում, մեր բազայում չկան տեխնիկական բնույթի մանրամասնություններ, որովհետև ինֆորմացիան խիստ գաղտնի է պահվում (թեև այդ երկրի օրենսդրությամբ նախատեսվում էր, և նրանք պարտավոր էին ինֆորմացիան տրամադրել հստակ ծավալով), այնուամենայնիվ, կարող եմ միայն ասել, որ ինֆորմացիան եկել էր Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից, որի մեջ մասնավորապես տեղեկացվում էր բառացիորեն հետևյալը` կիբերհարձակման է ենթարկվել պողպատաձուլարանային ընկերությունը, որի արդյունքում գրանցվել է դոմենների աշխատանքի իսպառ խափանում:
Թե հատկապես ինչպե՞ս էր դա տեղի ունեցել` մեզ հայտնի չէ, բայց սա հենց կիբերտեռորիզմի հստակ օրինակ է, քանի որ կիբերհարձակում էր տեղի ունեցել ենթակառուցվածքների վրա, որը հանգեցրել էր համակարգի խափանման կամ ֆիզիկական բնույթի ոչնչացման: Հետևաբար` մեծ է մտավախությունս, որ ապագայում նմանօրինակ հարձակումները նկատելիորեն հաճախակի բնույթ կկրեն, հատկապես` հենց այն ֆոնին, ինչ հենց հիմա մենք տեսնում ենք պատից կախված այս հեռուստացույցի էկրանին (հարցազրույցի պահին հեռուստացույցի էկրանին այդ պահին Փարիզում տեղի ունեցած վերջին ահաբեկչական ակտերի տեսագրությունն էր.- Ն.Մ.):
Աշխարհը գնալով ավելի ու ավելի լարված է դառնում, աշխարհաքաղաքական իրադարձությունները` ևս, և ես մեծ մտավախություններ ունեմ, որ կիբերտեռորիզմն արդեն, ցավոք, ոչ հեռու ապագայում սպառնացող խնդիր է:
– Ձեր նշած առաջին պատասխանում կարո՞ղ ենք գտնել նաև մեր երկրորդ հարցի հավանական պատասխանը, որովհետև հաջորդիվ պատրաստվում էի հարցնել` գիտե՞ք արդյոք կիբերհարձակման այնպիսի օրինակներ, որոնք կործանարար ազդեցություն են ունեցել որևէ պետության տնտեսական համակարգի կամ որևէ հայտնի ընկերության վրա:
– Օ՜, այս ի՞նչ անմեղ հարց եք տալիս, հարգելիս, դուք կզոհվեք` միայն դրանց իրական թիվը լսելովգ Ընդ որում, դրանք հիմնականում երկու տիպի են լինում` քրեական բնույթի հարձակումներ ֆինանսական կառույցների, բանկերի վրա, օրինակ` պարզապես գումարներ շորթելու նպատակով: Դրանք կիբերտարածքներում ժամանակակից ոճով կազմակերպված գողություններ են, նույն բանն անում էին մոտ 100 տարի առաջ գանգստերներն իրենց ավտոմատներով: Եվ, երկրորդ տեսակը` ոչ քրեական բնույթի, այլ` քաղաքական մոտիվներով պայմանավորված հարձակումները: Պատահում են նաև կոնֆիդենցիալ ինֆորմացիաների յուրացման նպատակով իրականացվող կիբերհարձակումներ: Ասենք, որ վերջերս նման դեպք պատահեց ռուսական հայտնի բանկերից մեկի հետ: Դա ցանցային հարձակում էր, որը հանգեցնելու էր բանկային համակարգի սերվերների խափանմանը, որը մենք, իհարկե, կանխեցինք, պաշտպանեցինք բանկն այդ հսկայածավալ կիբերհարձակումից:
Նմանօրինակ դեպք էր նաև անցյալ տարի Sony Pictures-ի վրա կատարված շատ հայտնի կիբերհարձակումը, որի արդյունքում ոչ` միայն գողացվեց ողջ ինֆորմացիան, այլև` ոչնչացվեց: Կազմակերպությունը կորցրեց իր ողջ ինֆորմացիոն բազան, բայց դե, ի՛նչ արած` նրանք հնարավորություն ունեին ինտերնետից ներբեռնելու իրենցից գողացված ինֆորմացիան գ (ժպտում է.- Ն.Մ.): Ցավոք, ժամանակակից համակարգչային համակարգերը չափազանց խոցելի են, ու պրակտիկորեն հնարավոր է կոտրել ցանկացած համակարգչային համակարգ, ինչը և տեղի է ունենում:
– Ո՞ր երկրների կիբերանվտանգության ծառայությունների հետ է համագործակցում Ձեր ընկերությունը:
– Շատ-շատերի` Լատինական Ամերիկայի երկրների, ԱՄՆ-ի Հետախուզությունների դաշնային բյուրոյի, եվրոպական երկրների անվտանգության ծառայությունների, Եվրոպական Միության Ոստիկանական ծառայության (Europol), Ինտերպոլի, Ճապոնիայի ոստիկանական համակարգի և այլ երկրների հետ: Այս համագործակցությունների արդյունքում մեծ թվով հատկանշական ձեռքբերումներ են եղել, որոնք ավարտվել են որոշակի մարդկանց կամ խմբերի հայտնաբերմամբ և ձերբակալություններով, ովքեր կազմակերպում և իրականացնում են այս կամ այն կիբերհանցագործությունը, կամ կանգնած են այդ հանցագործությունների հետևում: Լավ լուրը մնում է այն, որ կիբերհանցագործությունների դեմ պայքարող ոստիկանական ծառայություններն աշխարհի տարբեր երկրներում գրանցում են նկատելի ու նորանոր հաջողություններ, նրանց աշխատանքը տարեցտարի ավելի ու ավելի արդյունավետ ձեռքբերումներ է գրանցում:
– Ահաբեկչական վերջին գործողություններում` Փարիզի դեպքերի մասին խոսելիս` ասվում է, որ ահաբեկիչները տիրապետում էին տեղեկատվական հզոր տեխնոլոգիաների: Ինչպե՞ս է հնարավոր այդ նույն միջոցներով պայքարել նրանց դեմ:
– Ցավոք, ես չեմ տիրապետում ինֆորմացիային, թե հաղորդակցության ինչ կոնկրետ միջոցներով են նրանք կապ հաստատել միմյանց հետ այդ ահաբեկչությունն իրականացնելիս, թեև լրատվամիջոցների փոխանցմամբ` նրանք օգտվել են կապի ամենապարզ միջոցներից` միգուցե ապակոդավորված տարբերակի կիրառմամբ, չգիտեմ:
Թերևս, Ֆրանսիայի անվտանգության ծառայության աշխատակիցները, ովքեր պետք է հետևեին այդ մարդկանց գործողություններին, փաստացի ի զորու չեն եղել ժամանակին և համապատասխան արձագանքել դրան: Թե ի՞նչ է իրականում այնտեղ տեղի ունեցել, նկատի ունեմ` տեղեկատվական, համակարգչային համակարգում, անձամբ ինձ հայտնի չէ, բայց պարզունակ հարց` նրանք, ի վերջո, ինչ-որ կերպ պետք է, չէ՞, հաղորդակցվեին միմյանց հետ: Իրականում անձնապես ինձ չափազանց հետաքրքիր է` ինչպե՞ս են նրանք դա արել, և ինչո՞ւ կամ ինչպե՞ս նրանց չեն կարողացել կանգնեցնել համապատասխան ծառայությունները: Չգիտեմ:
Իսկ թե ինչպես է պետք պայքարել կիբերտիրույթներում նմանօրինակ դեպքերը բացառելու կամ գոնե նվազեցնելու համար, ապա այստեղ կասեմ հետևյալը. այդ պայքարը պետք էր սկսել վաղուց կամ գոնե արդեն հենց հիմա` մինչև նման դեպքերի իրականացումն ու մարդկային զոհերի գրանցումը: Ընդ որում, սա պայքար է, որ պետք է իրականացնել ոչ միայն` տեխնոլոգիական մեթոդների կիրառմամբ, այլև` տեխնիկական հնարավոր բոլոր միջոցներով` խստացնելով առավել խոցելի ազգային ենթակառուցվածքների բաղադրիչների պաշտպանությունը` էլեկտրացանցերը, էլեկտրահաղորդիչները, տրանսպորտային համակարգը, արդյունաբերական համակարգը, և այլն:
Մի խոսքով` այս ուղղությամբ անելու աշխատանք շատ կա: Արդեն վաղուց ժամանակն է արմատապես փոխելու շատ համակարգեր, որովհետև այն, ինչ մենք ստացել ենք` որպես ժառանգություն մեր նախնիներից, արդեն ժամանակակից մարտահրավերների պայմաններում դրանց կիրառումը շատ խոցելի է դարձել, որովհետև, հավաստիացնում եմ բոլորին, կիբերտեռորիզմը սահմաններ չի ճանաչելու` այն պարզ պատճառով, որ ամեն ինչ տեղի է ունենում կիբերտարածություններում` ինտերնետային տիրույթներում, որն ինքն իրենով որևէ սահման չի ենթադրում: Այդ իսկ պատճառով` կիբերտեռորիզմի դեմ առավել արդյունավետ պայքարելու համար կպահանջվի երկրների ու պետությունների առավել սերտ համագործակցությունը: Սա է միակ ելքը, իսկ այդ համագործակցության սկիզբը պետք է դնել արդեն հենց հիմա:
– Դուք առայժմ երկրների նման համագործակցության ելքեր չե՞ք տեսնում:
– Այժմ երկրների համատեղ պայքարն ընթանում է, այսպես ասած, հասարակ ինտերնետային հարձակումների շրջանակներում և այն էլ` այն ֆոնին, ինչ այս օրերին մենք տեսնում ենք Փարիզում: Արդեն սրանից հետո շատերը երևի թե կհասկանան, որ միայն պայքարի պատրաստակամություն հայտնելու էտապից պետք է անցում կատարել կոնկրետ, գործնական քայլերի:
– Ի՞նչ եք կարծում` մինչև ո՞ւր կզարգանան տեխնոլոգիաներն առհասարակ, և ինչպե՞ս եք վերաբերվում այն երևույթին, որ շատ շուտով մարդկանց փոխարեն` գործողություններ կկատարեն ու որոշումներ կկայացնեն միայն ռոբոտները:
– Ռոբոտները վաղուց արդեն իրենք են որոշումներ կայացնում մարդու փոխարեն: Օրինակ, երբ դուք մոտենում եք վերելակներին և սեղմում կոճակը, ո՞վ է որոշում, թե ո՞ր վերելակն առաջինը կսպասարկի ձեզ: Իհարկե, փոքրիկ, այսպես ասած` ռոբոտիկը: Իրականում արդյունաբերական շատ համակարգեր վաղուց արդեն ռոբոտիզացված են:
Մարդը` որպես բանական էակ` Homo sapiens, վաղուց արդեն առավել էֆեկտիվ չէ, թույլ է տալիս բազմաթիվ ու բազմապիսի սխալներ, նրան պետք է երբեմն քնել, հանգստանալ, կերակրվել, վճարել կոմունալ վճարները, երբեմն նույնիսկ մարդն ըմբոստանում է, չի ցանկանում աշխատել, իսկ ռոբոտները ճիշտ հակառակ կերպարներն են, և նրանք արդեն ամենուր են: Հարցնում եք` ի՞նչ է սպասվում ապագայում. ռոբոտները լինելու են ավելի ու ավելի շատ և առավել պահանջված: Իսկ Դուք գիտեի՞ք, որ Կալիֆոռնիայում արդեն ռոբոտացված ավտոմեքենաներ են ստեղծել և արդեն լուրջ խոսակցություններ կան այդպիսի նավեր ստեղծելու մասին: Չկասկածեք, որ ապագայում և նույնիսկ գուցե մոտ ապագայում կլինեն նաև այդպիսի գնացքներ: Եվրոպայում արդեն շատ ինտենսիվ քննարկում են երկաթուղային համակարգի ավտոմատիզացման հարցը:
– Արդյոք սա սպառնալիք չէ՞ մարդկության համար:
– Չէի ասի` սպառնալիք, որովհետև, կրկնում եմ, կոմպյուտերային համակարգը գործում է առավել արդյունավետ ու նույնքան անսխալական, այսինքն` ավելի լավ, քան մարդիկ, բայց մյուս կողմից, ի տարբերություն մարդկային ռեսուրսի, դրանք առավել խոցելի են ու անպաշտպան հարձակումների նկատմամբ: Բացի այդ, նրանք կարող են նաև շեղվել իրենց տրված ծրագրից` աշխատել ոչ այնպես, ինչպես հրահանգված է եղել ի սկզբանե: Այսինքն` մենք նախընտրում ենք մի մեծ խնդիր` մարդկային գործոնը, և ստանում ենք ոչ այնքան մեծ, բայց շատ լուրջ խնդիր` ինչպե՞ս պաշտպանել համակարգչային համակարգը համապատասխան հանցագործների հարձակումներից:
– Մարդկությունը մոտ է «ռոբոտ-մարդասպաններ» ստեղծելուն: Աշխարհահռչակ գիտնականներ Սթիվեն Հոքինգը, Իլոն Մասկը, Սթիվ Վոզնյակը, Նոամ Խոմսկին և շատերը, գործարարներ ու ռոբոտատեխնիկայի հետազոտողներ բաց նամակ են ստորագրել արհեստական ինտելեկտի բազայի հիման վրա զենք ստեղծելու դեմ: Բաց նամակը պաշտոնապես քննարկման է ներկայացվելու Արգենտինայում արհեստական ինտելեկտի զարգացման խնդիրների վերաբերյալ կայանալիք կոնֆերանսում: Հեղինակները պնդում են, որ մարդկությունը, ինչպես երբեք, մոտ է, այսպես կոչված «ռոբոտ-մարդասպաններ» ստեղծելուն: Նրանք ընդգծել են, որ ի տարբերություն միջուկային զենքի` արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաներն օգտագործման թանկարժեք հումք չեն պահանջում, ինչի համար էլ անհնար կլինի դրանց տարածման վերահսկումն ու սահմանափակումը: Նշվում է, որ սպառազինության նման համակարգերը կհայտնվեն սև շուկայում, դրանք կօգտագործվեն նարկոբարոնների, ահաբեկիչների ու բռնապետերի կողմից: Ի՞նչ կասեք այս մասին:
– Անկեղծ ասած` ժամանակակից զենքի տեսակները նույնպես արդեն վաղուց մեծապես ռոբոտացված են, և մարդուն մնում է միայն որոշել` կիրառե՞լ դա, թե՞ ոչ: Օրինակ` ժամանակակից ռազմական օդուժը: Ի՞նչ է դա իրենից ներկայացնում. ամբողջովին կոմպյուտերացված համակարգ` մարդը որոշում է միայն նշանակետը, մնացածն իրականացնում է համակարգիչը: Եթե խոսում ենք արհեստական ինտելեկտի մասին, որը կարող է որոշել զենքի կիրառման պայմաններն ու անհրաժեշտությունը, ապա վախենամ, սա հաճելի թեմա չէ, ինձ համար` նույնիսկ վախեցնող: Մեկ էլ հանկարծ այդ արհեստական ինտելեկտը սխալվեցգ հետո՞, ի՞նչ է լինելու, և երկրորդ, որ դուք շատ դիպուկ նկատեցիք` մեկ էլ հանկարծ հայտնվի սև շուկայումգ Իրականում կա այդ վտանգը, և դա շատ ռեալ վտանգ է, որովհետև սև շուկայում հայտնված այս «ապրանքը» կարող է առանց խոչընդոտների հայտնվել և՛ ահաբեկիչների, և՛ հանցավոր խմբերի կիրառության օբյեկտում: Կուզե՞ք Ձեզ մի օրինակ բերեմ, թե ինչպես կարող է մեր օրերում ամենասովորական արդյունաբերական համակարգը հարձակման ենթարկվել ավանդական մաֆիայի կողմից:
– Իհա՛րկե:
– Այսպես, օրինակ` լատինաամերիկյան նարկոբարոնները թմրանյութեր տեղափոխող ծովային բեռնափոխադրողների միջոցով փոխադրում են իրենց ապրանքը Հյուսիսային Ամերիկայի երկրներ, Եվրոպա և այլուր: Նրանք բարձում են նավը, ընդ որում, այդ ողջ ընթացքում ո՛չ նավի հրամանատարը, ո՛չ անձնակազմի անդամները տեղյակ չեն, թե ինչ են պատրաստվում տեղափոխել իրենք: Ստանում են բեռը և տեղափոխում են: Վե՛րջ: Բայց նարկոմաֆիան գիտի, որ գալիս են բեռնված նավերը, և, թե որոնց մեջ է իրենց ուղեբեռը:
Այնուհետև, տեղ հասնելուն պես, պետք է բեռնաթափել նավը և անպայման այնպես անել դա, որ ոչ ոք չիմանա, թե ինչ են իրենք բեռնաթափում: Սրանից կես տարի առաջ հետաքննություն էր ընթանում, թե բելգիական Անտվերպեն նավահանգստում ինչպե՞ս է կազմակերպվել թմրանյութով բեռնված նավի հարձակումը լատինաամերիկյան երկրներից մեկի մասնակցությամբ: Նրանք վարձել էին մի համակարգչային հաքերի, ով կոտրել էր ավտոմատ գործող բեռնաթափման համակարգը, մուտք գործել նավի կառավարման համակարգ, և բեռնաթափել էին ապրանքն այնտեղ, որտեղ իրենց էր պետք: Ահա դասական մի օրինակ, թե ինչպես կարող են ժամանակակից համակարգչային տեխնիկաներն օգտագործվել մաֆիոզների ձեռքին: Եթե ժամանակակից կոմպյուտերային ռազմական տեխնիկան հայտնվի սև շուկայում, վախենամ, դրանք կօգտագործվեն և՛ տրադիցիոն մաֆիայի, և՛ ահաբեկիչների կողմից:
– Ձեր պաշտոնական վեբ կայքն էի ուսումնասիրում, և պարզվում է` Ձեր վերջին մի քանի գրառումներն այս կամ այն կերպ անմիջականորեն առնչվում էին Ճապոնիայի հետ: Ինչո՞վ է Ձեզ հետաքրքրել այդ երկիրը:
– Այո: Բոլորովին վերջերս այնտեղ էի` գործերով: Հինգ օրվա ընթացքում եղա Տոկիոյում, Նագասակիում, Ֆուկուոկոյում և Ակինավայում: Վերջին տեղում հանդիպում ունեցա բիզնես գործընկերներիս հետ: Տուրիստական նպատակներ պրակտիկորեն չեմ ունեցել այդ երկրում անցկացրած մի քանի օրերի ընթացքում, քայլում էի այնտեղ կոստյումով և փողկապով, այնպես որ, դա բացառապես գործնական այց էր, հատկապես, որ Ճապոնիան ՏՏ ոլորտի անվտանգության կարևորագույն շուկաներից մեկն է, և ես այնտեղ շատ հաճախ եմ լինում:
– Հայտնի անտիվիրուսի բացահայտողն ու ստեղծողն եք, հեղինակը: Աշխարհին Դուք հայտնի եք` շնորհիվ այդ նվաճումի: Իսկ վիրուսներ նո՞ւյնպես ստեղծում եք: Կարծիք կա, որ անտիվիրուսներ ստեղծողներն էլ հենց վիրուսները ստեղծողներն են:
– Պետք չէ ինձ այդ հարցը տալ:
– Ինչո՞ւ:
– Որովհետև դա քրեական հանցագործություն է, և, եթե վերցնենք ռուսական Քրեական օրենսգիրքը, ապա կոմպյուտերային վիրուսային համակարգ ստեղծելը դատապարտելի է 273 և 274 քրեական հոդվածներով: Այդ արարքի համար ենթադրվում է մինչև 7 տարվա ազատազրկում: Սա է իմ պատասխանն այդ հարցին, և հետո` մայրս ինձ սովորեցրել է անել շատ տարբեր բաներ, բայց ստել և գողանալ նա ինձ երբեք չի սովորեցրել:
– Երբևէ կարիք ունեցե՞լ եք գնելու որևէ ինֆորմացիա, և որքա՞ն եք ստիպված եղել վճարել այդ ինֆորմացիայի համար:
– Այո, շատ` IDC մարքետինգային գործակալության հաշվետվությունը, օրինակ, որ ուսումնասիրում է համապատասխան շուկան, և որից մենք ամենամյա կտրվածքով գնում ենք այդ ինֆորմացիան: Թերթեր եմ գնում, որովհետև սա նույնպես ինֆորմացիա է, որի համար ես վճարում եմ, և այլն: Հետևաբար` այո, ես գնում եմ ինֆորմացիա և դրա համար վճարում եմ այնքան, որքան արժե այդ ինֆորմացիան:
– Դուք որոշակի սահմանափակումներ նախատեսե՞լ եք Ձեր զավակների համար` համակարգչային տեխնոլոգիաներից կամ ինտերնետային ծառայություններից օգտվելու դեպքում:
– Ես ունեմ տարիքով մեծ և փոքր երեխաներ: Մեծերս 24 և 27 տարեկան են և արդեն վաղուց իրենք են որոշում, թե ինչի՞ց, ինչպե՞ս և ի՞նչ չափով օգտվեն: Փոքրերս 2 և 4 տարեկան են: Այնպես որ, Ձեր բախտն այս հարցում չբերեց, որովհետև ես առայժմ ազատված եմ այդ խնդրից:
– Իսկ երբ գա ժամանակը, ի՞նչ խորհուրդ կտաք Ձեր մեծացող զավակներին:
– Ամենայն հավանականությամբ, այո՛, ծնողական վերահսկողություն կսահմանեմ, որպեսզի վստահ լինեմ, որ նրանք չեն օգտվի այն կայքերից, որոնք ինձ դուր չեն գալիս: Ի դեպ, մեր կազմակերպությունն ունի համապատասխան ծառայություն, որ ֆիլտրում է ինֆորմացիան և սահմանափակում երեխաների մուտքն այն կայքեր, որոնք նրանց չեն վերաբերում: Շարունակելով պատասխանել Ձեր հարցին` ասեմ նաև, որ ես, ամենայն հավանականությամբ, կսահմանափակեմ նաև այն ժամանակահատվածը, որ նրանք կանցկացնեն համակարգչի առաջ, և հատկապես` ինտերնետ տարածքում:
– Որո՞նք են Ձեր խորհուրդները ծնողներին ու Բարձր տեխնոլոգիաների ոլորտի երիտասարդ ներկայացուցիչներին:
– Ես կասեմ նրանց` ձեր բախտը մեծապես բերել է, որովհետև դուք աշխատում եք անսահման հնարավորություններ ընձեռող ամենահետաքրքիր և արագ զարգացման տեմպեր գրանցող արդյունաբերության ոլորտում: Հետևաբար` աշխատեք և ստեղծագործեք` ներդնելով ձեր ունեցած բոլոր հնարավորությունները, բայց մի մոռացեք, որ կա նաև ընտանեկան կյանք:
– Իսկ որո՞նք կլինեն Ձեր խորհուրդները Start-up փուլում գտնվող երիտասարդներին:
– Խորհուրդներ, այսպես ասած, բիզնես տեսանկյունից, որտեղ առաջին հերթին` հարկավոր է. առաջին հերթին` պետք է վստահ լինել, որ այն նախագիծը, որը դուք սկսել եք, իսկապես հենց այն է, ինչ դուք ուզում եք անել, որ ձեր հոգին ամբողջովին ներդրված է այդ նախագծի իրականացման պրոցեսի մեջ, որ դա իսկապես ձեր կյանքն է: Երկրորդ հերթին` շատ կարևոր է մտածել մի այնպիսի բան, որը շատ ավելի լավն է, քան այն, ինչ առաջարկում է ձեր մրցակիցը, և բոլորովին կարևոր չէ, թե դա ինչ կլինի, կարևոր է, որ այն, ինչ էլ լինի, շատ ու շատ ավելի լավը լինի, քան ձեր մրցակցինն է: Այնուհետև պետք է կարողանալ ձեր շուրջը հավաքել աշխատանքային թիմ` ճիշտ ընտրված համախոհների, ովքեր քեզ հետ միասին կկարողանան առաջ տանել սկսած գործը, իրականում սա շատ կարևոր ու դժվարին պրոցես է: Պետք է կարողանալ աշխատել շատ, չափից դուրս շատ:
Շատ ու շատ հաջողված Start-up-եր, որոնց ես գիտեմ, ու որոնք հետագայում դարձան հաջողակ գործունեություն ծավալող ընկերություններ, նրանցից շատերի ներկայացուցիչներն ամիսներով տուն չէին գնում, նրանք ապրում էին ու նույնիսկ քնում էին իրենց աշխատավայրում, պրակտիկորեն չունեին ուրիշ կյանք, աշխատանքից բացի: Պետք չէ վախենալ սխալներից կամ սխալներ գործելուց, փոխարենը` պետք է կարողանալ դրանք ուղղել ու փորձել կրկին ու կրկին անգամներ, այնքան ժամանակ, մինչև կգտնեք ճիշտ ուղին, որովհետև ոչ ոք չգիտի` ո՞րն է իրականում ճիշտ ուղով տանող ճանապարհը: Այդ ճանապարհը պետք է անդադար փնտրել:
Եվ վերջապես. երբ ձեր փնտրտուքները կտան իրենց արդյունքը, և դուք արդեն կունենաք «ապրանք», պետք չէ վախենալ միջազգային շուկա դուրս գալու հեռանկարից: Եվ, վերջին խորհուրդը, որ ես կարող եմ տալ. պետք է լինել հաջողակ, իսկ ա՛յ, թե ինչպես է պետք այդ վերջինն ունենալ` ես չգիտեմ, չեմ կարող ասել…
– Դուք Ձեզ հաջողակ համարո՞ւմ եք:
– Թո՛ւ , թո՛ւ, թո՛ւ, երևի… (ժպտում է.- Ն.Մ.):
– Որքանո՞վ են այսօր բջջային հեռախոսներն ապահովագրված կիբերհարձակումներից, հիմա արդեն շատերը հենց հեռախոսի միջոցով են դրանք կատարում: Այսօր մարդիկ իրենց բոլոր գործարքները հեռախոսներով են կատարում: Որո՞նք են, Ձեր կարծիքով` առավել պաշտպանված բջջային հեռախոսները:
– Դժբախտաբար, մենք ականատեսն եք կոմպյուտերային հաքերների զարգացման մի էտապի և սերնդի, ովքեր կիբերհարձակումներ են սկսել նաև բջջային հեռախոսային համակարգի վրա: Այս առումով հատկապես խոցելի են Android համակարգի բջջային հեռախոսներն, ու հարձակումներն այս հեռախոսների վրա ամբողջ աշխարհում կարելի է հաշվել միլիոններով: Դժբախտաբար, ապագայում այս առումով նույնպես ամեն բան միայն ավելի ու ավելի վատ է լինելու:
Մենք սպասում ենք, որ բջջային հեռախոսներից բացի, հարձակումների կենթարկվեն նաև այլ սարքավորումներ, այդ թվում նաև` SmartTV-ները, որովհետև սրանք նույնպես ցանցին միացված կոմպյուտերային համակարգի մի մասն են: Հարցնում եք` ինչպե՞ս պետք է պաշտպանվել նման դեպքերում, պատասխանը նույնն է` ակտիվացնել անտիվիրուսային-պաշտպանիչ ծրագրերը, ճիշտ այնպես, ինչպես համակարգիչների պարագայում: Այս տեսանկյունից ամենապաշտպանված հեռախոսներն ամենահին սերնդի բջջայիններն են, որոնք միացված չեն Smart համակարգին: Համեմատության մեջ կարելի է ասել նաև, որ iPhone-ներն ավելի ապահով են, քան Android համակարգի բջջայինները:
– Իսկ Դուք ի՞նչ մոդելի հեռախոսից եք օգտվում, եթե գաղտնիք չէ…
– Sony Ericsson… (ժպտում է.- Ն.Մ.) Հարմար է, մարտկոցը լիցքավորում ես 4 օրը մեկ անգամ ու էլ չես մտածում, թե որտե՞ղ կամ ե՞րբ քեզ կթողնի առանց կապի, կարող ես քեզ համար հանգիստ ման գալ 4 օր… Զանգում է, զանգ ընդունում է, sms հաղորդագրություն ուղարկում է` վե՛րջ, հոյակապ է:
– Կցանկանայի իմանալ Ձեր կարծիքը մեր կյանքի անբաժանելի մաս դարձած սոցիալական ցանցերի մասին և այն մասին, թե որքանո՞վ են դրանք այսօր անվտանգ:
– Հավատացեք, ճիշտ հարց էր: Կիբերհանցագործները` զոհեր գրանցելու համար շատ հաճախ թիրախ են դարձնում հենց սոցիալական ցանցերը: Դրանք արվում են վիրուսներով հագեցած «րրօսՍՈ»-ների փոխանցմամբ` կոտրելով օգտատերերի մուտքային կոդերը, և այս ամենով հանդերձ` սոցիալական կայքերն իսկական պարարտ գործիք են կիբերհանցագործների համար: Սրանցից պաշտպանվելու համար կա մի խորհուրդ` պետք չէ հավատալ բոլորին, և հետո, այդ ցանցերում գործող արդյունավետ պլատֆորմներն աշխատում են վիրուսակիր «րրօսՍՈ»-ների արդյունավետ բլոկադայով, պարզապես պետք է զգոն լինել: Այսպիսով, այո, սոցիալական կայքերում վնասներ կրելու հեռանկարը մեծ է, բայց այդ վտանգները դեռևս կրիտիկական ծավալների չեն հասել:
– Իր հրապարակային ելույթներից մեկում Սթիվեն Հոքինգն այսպիսի բան է ասել. «Կապիտալիզմն ավելի վտանգավոր է, քան ռոբոտը»: Ի՞նչ եք Դուք մտածում այս մասին:
– Ես չեմ վախենում ո՛չ կապիտալիզմի մարտահրավերներից , ո՛չ ռոբոտներից (ժպտում է.- Ն.Մ.):
– «Ամենամիստիկ բանն աշխարհում ոչ թե Տիեզերքի ծնունդն է կամ Սև խոռոչների հայտնաբերումը, այլ կինը»,- ասել է նույն Սթիվեն Հոքինգը: Ի՞նչ եք Դուք մտածում այս մասին:
– Ես տղամարդ եմ, ամուսնացած, և ունեմ 4 երեխա: Ուրեմն` ի՞նչ կարող եմ ես մտածել կանանց մասին… (ժպտում է.- Ն.Մ.):
– Ի՞նչը կարող է ոգեշնչման աղբյուր հանդիսանալ Ձեզ համար:
– Երբեմն ոգեշնչման աղբյուր կարող են հանդիսանալ դժվար հաղթահարելի իրավիճակներն ու այնպիսի խնդիրները, որոնց լուծման համար անհրաժեշտ է լինում շատ երկար մտածել, ելքեր փնտրել, և, թերևս, սրանք կյանքի ամենահետաքրքիր պահերն են, որոնք ուղեղին ստիպում են աշխատել իր մաքսիմալ հնարավորությունների տիրույթում: Ոգեշնչումը երբեք հանկարծ ու միանգամից չի հայտնվում, դա մի պրոցես է, որ գայթակղության պահանջ է առաջ բերում, իսկ դրան հասնելու համար երբեմն երկար ու դժվարին ճանապարհ է պահանջվում:
– Քանի որ կյանքի ռիթմը վաղուց արդեն փոխվել է և մարդիկ նույնպես փոխվել են, հետաքրքիր է` ի՞նչ հատկանիշներ եք Դուք հիմա առավել շատ գնահատում մարդկանց մեջ:
– Դրանք այն բոլոր հին մարդկային որակներն էին, որոնք միշտ են կարևոր եղել. խելքը, ազնվությունը, աշխատասիրությունը, կանացի գեղեցկությունը:
– Ի՞նչ է Ձեզ տալիս հարուստ մարդու կարգավիճակում կամ միլիարդատերերի ցուցակում լինելը:
– Իսկ ես չեմ օգտվում հարուստների համար նախատեսված արտոնություններիցգ
– Մի՞թե:
– Այո՜, նայեք իմ ժամացույցին, մի՞թե այն միլիարդատիրոջ ժամացույց է:
– Բայց Հայաստան եք ժամանել սեփական ինքնաթիռով, եթե չեմ սխալվում…
– Այո, չեք սխալվում, որովհետև անմիջապես այստեղից ես պետք է մեկնեմ Բեռլին, իսկ դա ծանր թռիչք է ինձ համար: Սեփական ինքնաթիռով երբեմն-երբեմն ճամփորդելու հիմնական պատճառը դժվար թռիչքներն են, և ոչ ավելին: Հաջորդ անգամ կլինի ամենասովորական կոմերցիոն չվերթ:
– Այս պահին որևէ նոր նախագծի վրա աշխատո՞ւմ եք, եթե, իհարկե, գաղտնիք չէ:
– Ոչ, գաղտնիք չէ, իհա՛րկե աշխատում ենք: Իրականում ամենաարդյունավետ զարգացող նախագիծը, որի վրա մենք նորից ու նորից զարգացնում ենք մեր արդեն իսկ ունեցած հնարավորությունները, արդյունաբերական համակարգերի և կիբերահաբեկչություններից պաշտպանությունն է: Մեր զրույցի ամենասկզբում ես ասացի ապագայում մեզ սպառնացող կիբերվտանգների մասին և նաև ասացի, որ պաշտպանվել պետք է առաջին հերթին` տեխնիկապես, հետո` պետությունների միջազգային համագործակցության հնարավոր տարբերակներով, և մենք հիմա ակտիվորեն աշխատում ենք այս ուղղություններով: Մեր գերակա նպատակն այս պահին արդյունաբերական համակարգերի պաշտպանությանն ուղղված միջոցների ստեղծումն է:
Նվարդ Մանվելյան
26 Նոյեմբեր, 2015
168.am