«Ազատություն» ռադիոկայանը հրապարակել է հանրությունից թաքցվող ալիևյան սեփական ընկերությունների ցանկը
Advertisement 1000 x 90

«Ազատություն» ռադիոկայանը հրապարակել է հանրությունից թաքցվող ալիևյան սեփական ընկերությունների ցանկը

Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ երկրների խորհուրդը (GRECO) արդեն մի քանի տարի է Ադրբեջանին առաջարկում է բացահայտել երկրի պատգամավորների, պաշտոնյաների, դատավորների, դատախազների և այլ պաշտոնատար անձանց եկամուտների և ունեցվածքի մասին հայտարարագրերը, սակայն առաջարկը չի կատարվում:

Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Այն հանգամանքը, որ Ադրբեջանը չի հրապարակում այդ հայտարարագրերը, ինչպես նաև կամք չի դրսևորում արդյունավետ համակարգ ստեղծելու ուղղությամբ, կասկածի առիթ է տալիս:

GRECO-ի կողմից  2017-ի մարտի 17-ին հրապարակված վերջին գնահատման հաշվետվության մեջ նշվում է, որ Ադրբեջանում պաշտոնյաներին և պատգամավորներին պատկանող բազմաթիվ ընկերություններ ոչ միայն չեն հայտարարագրվում, այլ նաև լրջորեն թաքցվում են:

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական մասնաճյուղի կատարած հետազոտություններից պարզ է դառնում, որ մեծ հոգատարությամբ թաքցված ընկերությունները երկրի նախագահի ընտանիքին և բարձրաստիճան պաշտոնյաներին պատկանող ընկերություններն են:

Այդ ընկերությունների մեջ ամենամեծ թիվը կազմում են նախագահական ալիևյան ընտանիքին և Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարին պատկանող ընկերությունները:

Ադրբեջանում կան ընկերություններ, որոնք փաստացի կան գործում են, սակայն հարկային ծառայության բազայում դրանց մասին տեղեկություն առհասարակ չկա:

Այդպիսի ընկերություններից է օրինակ` Paşa Development ընկերությունը, որի կապիտալի աճելու մասին լրատվամիջոցներում բազմաթիվ տեղեկություններ կան, սակայն հարկերի նախարարությանը պատկանող Առևտրային իրավաբանական անձանց պետական ռեգիստրում ընկերությունը գրանցված չէ:

Ազատություն ռադիոկայանի փոխանցմամբ` չգրանցված և չհայտարարագրված ընկերությունների թիվը կազմում է ամենաքիչը 27:

Paşa Holdinq-ի, որի մեջ գտնվում են բազմաթիվ ձեռնարկություններ` Paşa Bank, Paşa Sığorta, Paşa Həyat Sığorta, Paşa İnşaat, PMD Group, Paşa Beton, Amal İnvestment Group, Lenkeran Hotel and Resort Company, Paşa Development, Qlobeks և այլն բաժնեմասերի մեծ մասը պատկանում է Ւլհամ Ալիևի աղջիկներին` Լեյլա և Արզու Ալիևաներին:

Ալիևյան ընտանիքին բացի վերոնշյալ ընկերություններից պատկանում են նաև մեծ թվով այլ բիզնեսներ և անշարժ գույք:

Այս ընկերությունների մասին, որքան էլ հայտնի են գործարար համայնքին և հանրությանը, տեղեկություն չկա կոմերցիոն ընկերությունների գրանցման պետական ռեգիստրի գրանցամատյանում:

Paşa Holdinq-ի և նրա կազմի մեջ մտնող ընկերությունների վերաբերյալ տեղեկությունները գաղտնի են նաև Ադրբեջանի հարկերի նախարարության բազայում և նախարարությունը ընկերությունների վերաբերյալ լրագրողական հարցումները թողել է անպատասխան:

Այդուհանդերձ  լրագրողական հետազոտությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանի ղեկավարությունը ժողովրդի կողմից իրենց տրված իշխանությունը չարաշահելով, ժողովրդի միջոցները մսխում է իրենց շահերի համար, օրենքները խախտելով թաքցնում է անօրինական ճանապարհով ձեռք բերված հարստությունները, այդպիսով ցանկանալով խուսափել հասարակության ընդվզումից և խայտառակությունից:



Նման նյութեր