Այսօր քարոզարշավի շրջանակներում Լոռի և Տավուշ այցելած «Ելք» դաշինքի անդամները քաղաքում տարբեր կանգառներում փոքրիկ հանրահավաքներին բացատրում էին, որ փոփոխություններ ունենալու համար շատ կարևոր է մեկ մարդու ջանքը, մեկ մարդու քվեն, քանի որ քաղաքականութան մեջ փրկիչը քաղաքացին է:
«Քաղաքականության մեջ փրկիչը քաղաքացին է, եթե դուք ձեր ջանքը չդրեցիք, որևէ բան չի փոխվելու: Էսօր մարդ կա՝ մտածում ա՝ մի 20-30 հազար եթե տան, տանը 5 հոգի ենք, մի 100 հազար դրամ կաշխատեմ, բայց էդ ջանքը չներդնեմ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը և բացատրեց, որ մինչև քաղաքացին իր ջանքը չներդնի, ոչ մի բան չի լավանա։
«Եթե առաջ ասում էին՝ մի քիչ էլ կվատանա ու վերջ, ապա հիմա անընդհատ է վատանալու, զրոյից էլ ա վատանալու»- ասաց Նիկոլ Փաշինյանը և հարցրեց՝ «Էս ժողովրդի հայ-հայը գնացել ա, վայ-վայն ա մնացել, ինչից եք վախում»։
Ինչպես Երևանում, այնպես էլ Դիլիջանում «Ելք»-ի առաջնորդները մտան բակեր ու սկսեցին խոսել մարդկանց հետ: «Հայաստանում ինչքան ջահել կա, կորած, փախած են, ինչքան ջահել կա Դիլիջանի մեջը, պարապ ա, սա ինչ ա, էս ինչ ա, պայքար, պայքար սա ինչ ա, ախր, ինչ են անում ժողովրդի համար»,- Նիկոլ Փաշինյանին ու Էդմոն Մարուքյանին պատուհանից հարցրեց դիլիջանցի մի կին:
Էդմոն Մարուքյանն ու Փաշինյանն էլ բացատրեցին, որ եթե ուզում են փոփոխություններ, ուրեմն՝ պետք է իրենց ընտրեն: Կանայք դժգոհեցին, որ ճիշտ չէ, Նիկոլ Փաշինյանն էլ առաջարկեց չընդհանրացնել: «Ժողովրդին գործ տան, գործ»,- շարունակեց դիլիջանցի կինը, Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց՝ ասելով, թե գործ «ո՞նց տան, գործ իրե՞նց տան, թե՞ ժողովրդին»:
«Փախնում, գնում են, դուք էլ իրենց ընտրում եք, որ ավելի փախնեն (դիլիջանցիները – խմբ.)»,- կնոջը հակադարձեց Նիկոլ Փաշիրնյանը, նա էլ հուսահատ ասաց՝ «էհ, լավ է»: Նիկոլ Փաշինյանն էլ բարկացավ՝ «Ի՞նչն ա լավ է, ճշտություն ձեր մեջ կա՞»: «Որովհետև ժողովուրդը չի կարում ոտքի կանգնի»,- պատասխանեց կինը, իսկ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Չի կարում կանգնի, հեսա 20 հազար դրամները կտա, ավելի կպպզի: Դուք մեզ հետ ճշտությունից չխոսեք»:
Իսկ հետո արդեն Նիկոլ Փաշինյանը, դիլիջանյան այդ բակից հեռանալուց առաջ բարձրախոսով հայտարարեց. «Որևէ մեկը մեզ չասի՝ սաղդ էլ նույնն եք, եթե դուք նույնն եք, մենք նույնը չենք: Եթե դուք նույնն եք, ուրեմն՝ գնացեք ձեր ընտրության, ձեր Հանրապետականի, ձեր թալանչիների հետ ապրեք, մեր վրա մուննաթ չգաք ընդհանրապես»: