«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի 18-րդ շրջանի բացման հանդիսավոր արարողությանը` մարտի 26-ին Արամ Խաչատրյան համերգասրահում, համերգային ծրագրով հանդես կգա լեգենդար ջութակահար, կրկնակի Գրեմմի մրցանակակիր Պինկաս Ցուկերմանը: Կայանալիք համերգի և այլ հարցերի շուրջ երաժիշտն ու փառատոնի կազմակերպիչները զրուցեցին մարտի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը:
«Մեր երկրի պատմության մեջ սա նշանավոր և հեղինակավոր փառատոն է, որը միշտ բարձր է պահել իր նշաձողը: Քիչ փառատոներ կան, որոնց շրջանակում Ցուկերմանի նման երաժիշտներ են ելույթ ունենում»,- նշեց «Հեռանկարներ» փառատոնի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը:
Նրա խոսքով` Պինկաս Ցուկերմանն իրական լեգենդ է և իրենք շատ ոգևորված են, որ նա Հայաստանում է:
Նախկինում երաժիշտը փառատոնի շրջանակում հանդես եկել է Երևանում «Ցուկերման Չեմբըր Փլեյրս» կամերային և «Կամերատա Զալցբուրգ» նվագախմբերի հետ:
Այս անգամ նա ելույթ կունենա թավջութակահարուհի Ամանդա Ֆորսայտի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:
Ջութակահարն ասաց, որ ինքը սիրով է գալիս Հայաստան: «Ցանկանում եմ ընդգծել, որ երեք տարի սովորել եմ Իվան Գալամյանի մոտ, ով կարողանում էր ամենաբարդ բաները պարզ բացատրել և հսկայական գիտելիքներ փոխանցել իր սաներին: Ներկայում ես եմ շարունակում այդ ավանդույթները` իմ աշակերտներին փոխանցելով գիտելիքներս»,- ասաց նա:
Պինկաս Ցուկերմանը նվագել է հայազգի 15-ամյա ջութակահարուհի Դիանա Ադամյանի հետ իր իսկ կողմից ղեկավարվող Լոնդոնի Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ Լոնդոնի Կադոգան համերգասրահում` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը հիշատակող «Քեզ հետ, Հայաստան» համերգին:
Անդրադառնալով դրան` Ցուկերմանը շեշտեց, որ երաժշտությունը սպեղանի է ցանկացած դեպում: «Երբ մենք ցավ ենք ապրում, դիմում ենք կրոնին ու երաժշտությանը»,- ասաց նա:
Համերգային ծրագրում կհնչեն Յոհաննես Բրամսի լյա մինոր Կրկնակի կոնցերտը ջութակի և թավջութակի համար և նույն հեղինակի թիվ 4 Սիմֆոնիան:
«Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակում այս տարի Երևան կժամանեն Իսրայելի կամերային նվագախումբը, հռչակավոր դաշնակահար Արկադի Վոլոդոսը` մենահամերգային ծրագրով, Մոսկվայի Պ.Ի Չայկովսկու անվան մեծ սիմֆոնիկ նվագախումբը` ականավոր դիրիժոր Վլադիմիր Ֆեդոսեևի ղեկավարությամբ և այլ հեղինակավոր երաժիշտներ:
Պինկաս Ցուկերմանը ծնվել է 1948 թվականին Թել-Ավիվում: Ուսանել է Ջուլիարդի դպրոցում` անվանի ուսուցիչ Իվան Գալամյանի մոտ: Որպես մենակատար նվագել է բազմաթիվ հեղինակավոր խմբերի հետ:
Նա 21 անգամ եղել է Գրեմիի մրցանակի թեկնածու և երկու անգամ մրցանակակիր: Նա Մանհեթենի երաժշտական ակադեմիայում ղեկավարում է «Պինկաս Ցուկերման» կատարողական ծրագիրը: Կանադայում հիմնադրել է նվագախմբային հետազոտությունների NAC և ամառային երաժշտական ինստիտուտները: