ԱԱ-2018-ի ընտրական փուլի E խմբի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը 2-րդ հաղթանակը տարավ՝ 2 անպատասխան գնդակ ուղարկելով Ղազախստանի ընտրանու դարպասը: Հանդիպումից հետո մեր ազգային թիմի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը պատասխանեց լրագրողների հարցերին.
– Ինչպե՞ս է Գևորգ Ղազարյանի վիճակը:
– Հիվանդանոցում է, բուժզննում է անցնում: Այս խաղի ամենացավոտ պահն էր: Հուսով եմ՝ նա շուտ կապաքինվի, մեզ շատ է պետք:
– Ինչպե՞ս է Ձեր գնահատականը խաղի վերաբերյալ:
– Առաջին խաղակեսը լավ անցկացրինք: Փոքր-ինչ հանգստությունն էր պակասում: Տղաները հարձակվողական գործեցին, լավ էին պրեսինգի դիմում: Երկրորդ խաղակեսում կարմիր քարտը մեզ համար ճիշտ ժամանակին էր:
– Առջևի գծում սրությունը չէր բավականացնում…
– Այդպես չեմ կարծում: Մենք կարողանում էինք լավ հարձակվել: Այո, ունենք բացեր, որոնց աշխատելու վրա քիչ ժամանակ ենք ունենում:
– Այս խաղում մեր թիմն ագրեսիվ էր գործում: Մյուս հավաքականների հետ է՞լ եք հարձակվողական գործելու:
– Ավելի հեշտ կլիներ, որ առաջին խաղակեսում մեր ստեղծած գոլային պահերն իրացնեինք: Վերջին անգամ 4 տարի առաջ գոլ չէինք ընդունել: Ինձ համար ամենակարևորը հենց դա է: Սարկիսովը լավ էր գործում, նրան օգնում էին առջևի գծի թիմակիցները:
Ինչպես տեսաք, 4-1-4-1 մարտավարությամբ էինք գործում: Հենրիխը, Մարկոսը լավագույնս կատարեցին իրենց առաջադրանքը: Սարկիսովը մեծ ծավալով աշխատեց, տեսաք, վերջում հոգնել էր, որովհետև շատ է աշխատել:
– Կարմիր քարտը հանդիպման բեկումնային դրվագ համարո՞ւմ եք, և ի՞նչ ասացիք ֆուտբոլիստներին ընդմիջմանը:
– Այո, համարում եմ: Ես ընդմիջմանն ասացի, որ պետք է նույն տեմպով գործել:
– Ամեն դեպքում, ի՞նչ սխալներ նկատեցիք:
– Պաշտպանության գծում փոքր-ինչ հստակություն էր պակասում, գնդակը հեռացնելիս պետք էր ավելի հանգիստ լինել:
– Խաղակցվածության մասով ավելացնելու տեղ ունե՞նք և ընկերական խաղը չէր օգնի՞:
– Մեր հավաքականի մեծ թվով ֆուտբոլիստներ հանդես են գալիս արտերկրում, ինչը դժվարություն է ներկայացնում: Խաղացողներ կան, ովքեր երեքշաբթի, չորեքշաբթի են ժամանել ճամբար: Ուզբեկստանի ընտրանու նման չէինք կարող ընկերական խաղալ ու միանգամից պատրաստվել այս հանդիպմանը, իրենց գրեթե բոլոր ֆուտբոլիստները տեղացիներ են:
– Առաջիկա ընկերական հանդիպումն ի՞նչ կտա մեզ:
– Մենք շատ ենք փորձել այլ հավաքական ընտրել. Հյուսիսային Իռլանդիան վերջին պահին մերժեց, ապա նաև Նոր Զելանդիան: Շատ կարևոր է այդ ընթացքում ընկերական խաղ անցկացնելը, ստացվեց այդպես:
armsport.am