Հենրիխ Մխիթարյան. Ղազարյանի առողջությունն ավելի կարևոր է, քան այս հաղթանակը
Advertisement 1000 x 90

Հենրիխ Մխիթարյան. Ղազարյանի առողջությունն ավելի կարևոր է, քան այս հաղթանակը

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Ղազախստանի նկատմամբ տոնած հաղթանակից հետո հետևյալն ասաց լրագրողների հետ զրույցում:

«Առաջին խաղակեսում վատ հանդես չեկանք, լավ էր, պարզապես մեր գոլային պահերը չօգտագործեցինք: Երկրորդ կեսում հակառակը ստացվեց. մինչև գոլերը մի փոքր պասիվ էինք, բայց հետո ստացվեց գոլ խփել, որն ամենակարևորն էր, խաղի թելը մեր ձեռքում էր և կարողացանք այն ավարտին հասցնել:

Երկրպագունե՞րը. միշտ հաճելի է տեսնել լեփ-լեցուն մարզադաշտ, բայց իհարկե ավելի հաճելի կլինի էլ ավելի շատ մարզասեր տեսնել խաղադաշտում: Քանի որ մենք նրանց համար ենք խաղում, հաղթում ենք նրանց համար և ցանկություն ունենք, որ էլ ավելի շատ մարդ գա մարզադաշտ:

Ինչ վերաբերում է Գևորգ Ղազարյանի վնասվածքին, չեմ կարող ասել, թե դա փոխեց թիմի պլանները, քանի որ նա վնասվածք ստացավ հենց առաջին րոպեին: Նրան փոխարինած Տիգրան Բարսեղյանը վատ հանդես չեկավ, շատ ակտիվ էր ու փորձում էր թիմին օգնել իր սրություններով: Բայց ամենակարևորը՝ Գևորգ Ղազարյանին առողջություն եմ մաղթում, քանի որ դա ավելի կարևոր է, քան այս հաղթանակը:

Ես երբեք իմ մարզավիճակին ու խաղին գնահատական չեմ տալիս, քանի որ կարծում եմ դա դուք պետք է անեք, ես փորձում եմ անել հնարավոր ամեն բան հավաքականին օգնելու համար, լինում են դեպքեր՝ ստացվում են, լինում են դեպքեր՝ չեն ստացվում: Ամեն դեպքում չեմ կարող ես ինքս միշտ տանել հավաքականին իմ հետևից, տղաները պետք է կարողանան պատասխանատվություն վերցնել և կարողանան փոխարինել ինձ:

20 գոլ հավաքականու՞մ. շատ ուրախ եմ, շատ հաճելի գոլեր խփել հավաքականում: Պաշտոնական խաղում, եթե չեմ սխալվում, վերջին անգամ գոլի հեղինակ էի դարձել 3 տարի առաջ՝ Դանիայի հետ արտագնա խաղում, ինչևիցե: Դա այդքան էլ կարևոր չէ, կարևորն այն է, որ այսօր հաղթեցինք, և կարողացանք 3 միավոր վաստակել:

Երկրորդ խաղն անընդմեջ ավելի արդյունավետ ենք գործում երկրո՞րդ կեսում. ֆուտբոլ է, ոչ մեկս էլ չենք պլանավորում, որ պետք է ավելի արդյունավետ գործենք երկրորդ կեսում, ֆուտբոլ է, ամեն ինչ կարող է ստացվել: Առաջին կեսում չկարողացանք մեր պահերն օգտագործել, երկրորդում կարողացանք: Կարևորը՝ մինչև վերջ հավատում էինք մեր ուժերին, և փորձում էինք խաղալ այնպես, ինչպես մարզիչը մեզանից պահանջում էր:

Խաղից հետո հանդերձարանում տղաները, իհարկե, ուրախ էին, բայց եթե ասեմ ՝ճչում էին, գոռում էին, ոչ: Իսկապես հոգնած էինք, քանի որ շատ ծշանր աշխատանք տարանք՝ ոչ միայն ֆիզիկապես, այլև՝ հոգեպես: Քանի որ շատ ուշադիր պետք է գործեիքն պաշտպանությունում, ինչպես նաև՝ առջևի գծում: Բայց ամենակարևորը՝ տղաները հիմա շատ բարձր տրամադրությամբ կվերադառնան իրենց ակումբներ»,- ասաց Հայաստանի հավաքականի ավագը:

armsport.am