ՀՀԿ-ական երիտասարդները Facebook սոցիալական կայքում տարբեր փակ խմբեր են բացել: Ամեն մի խումբը կոնկրետ նպատակ է հետապնդում: Օրինակ` «Ա խումբ» կոչվածում ընդգրկվածները դատապարտված են լայքել ՀՀԿ-ակամ Կարեն Ավագյանի ստատուսները:
Մանկավարժական համալսարանի ուսանողուհի Լալա Սահակյանն է կուռացնում խումբը: 7or.am կայքը լուսանկար է հրապարակել, որտեղ սույն աղջիկը խմբի անդամներին կոչ է անում մտնել ու անհապաղ լայքել Ավագյանի ստատուսը:
«Երեխե՛ք, մտնում եք բոլորդ անխտիր Կարեն Ավագյանի էջ ու վերջին 2 գրառումները լայքում եք, ու չասեք, որ մենք դրա հետ կապ չունենք, ասվում ա, պիտի արվի, ցուցակով ա, արագ արեք ու պլյուսները դրեք, մտնեմ ստուգեմ»,- գրել է ապագա մանկավարժ աղջիկը:
Թեմայի առնչությամբ պարզաբանում ստանալու համար NewsBook-ը կապ հաստատեց Ավագյանի հետ: Նրա հետ զրույցը ներկայացնում ենք առանց խմբագրման:
– Պարոն Ավագյան, ողջույն: Ձեզ հետ Նաիրան է զրուցում NewsBook լրատվականից:
– Ես, որ այս պահին NewsBook-ի լրագրողի հարցերին չպատասխանեմ չեք նեղանա չէ՞:
– Օ, ոչ, այդ դարդից մենք կդադարեցնենք մեր լրատվականի գործունեությունը:
– Չէ, խնդրում եմ` չդադարեցնեք, ուղղակի զբաղված եմ:
– Ձեր անվան շուրջ շրջանառվող մի տեղեկության վերաբերյալ պարզաբանում էինք ցանկանում ստանալ:
– Իմ անվան հետ կապված անընդհատ ինչ-որ բան ես լսում եմ: Մեկնաբանելու որևէ բան չունեմ:
– Ինչ-որ անձինք Ձեր գրառումները լայքելու համար հրահանգներ են տալիս: Չե՞ք ցանկանում դրան արձագանքել:
– Դա ապատեղեկատվություն է, բայց խնդրում եմ` չֆիքսեք դա, որովհետև, ես Ձեր հարցին չեմ պատասխանում: Ուղղակի Ձեզ համար եմ ասում: Ավելի ուշ կզրուցենք: