Արցախի տնտեսությունն այսօր զարգացման իր ուղղություններն ու իրեն հատուկ խոչընդոտներն ունի՝ չնայած փոքր ծավալներին ու դիտարկմանը, որ Հայաստանի տնտեսության մի մասն է կազմում։ «Հետք»-ի հետ զրույցում ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը ներկայացնում է, թե ըստ կառավարության՝ տնտեսության որ ուղղություններն են շեշտադրված Արցախում, ինչ խնդիրներ ու բացեր կան և ինչ ազդեցություն է թողել ապրիլյան քառօրյա պատերազմն արցախյան տնտեսության վրա։
– Ո՞ր ոլորտների վրա է հիմնված Արցախի տնտեսությունն այսօր և ի՞նչ զարգացումներ են գրանցվում վերջին տարիներին։
-Արցախի տնտեսության հենասյուներն այսօր երեք ոլորտներ են՝ հանքարդյունաբերությունը, էներգետիկան և գյուղատնտեսությունը։ Տնտեսական աճին նպաստում է նաև ծառայությունների ոլորտը։ Էնեգետիկայի բնագավառում մենք հասել ենք մի իրավիճակի, որ Արցախում սպառվող ամբողջ էլեկտրաէներգիան արտադրվում է հենց Արցախում։ Վերջին 10 տարիներին կառուցվել են տասնյակ հիդրոէլեկտրակայաններ և տասից ավելին էլ՝ ընթացքի մեջ են։ Այն նպաստում է նաև երկրում շինարարության ծավալների ավելացմանը։ Հիդրոէներգետիկան Արցախի տնտեսության ամենազարգացած ու հաջողված ուղղությունն է վերջին տարիներին։
Մյուս ոլորտը հանքարդյունաբերությունն է՝ պղնձի արտադրությունը, որի հումքը ստացվում է Մարտակերտի շրջանի Կաշենի հանքի շահագործման արդյունքում։ Նախկինում հանքարդյունաբերության մեջ գլխավոր դերակատարումն ուներ Դրմբոնի ոսկու հանքը, որի պաշարները սպառվել են ամբողջությամբ։ Այստեղ ունենք նաև երկրորդ փուլը, որն աշխատելու է մեկ ամսից՝ կրկնապատկելու ենք պղնձի արդյունահանման հզորությունները։ Եվ առաջիկա մեկ-երկու տարվա տնտեսական աճի վրա դա զգալի դրական ազդեցություն է ունենալու։
Երրորդ ուղղությունը, որը նպաստել է տնտեսական աճին, գյուղատնտեսությունն է։ 2016 թվականի տարին եղանակային պայմանների առումով բարենպաստ էր։ Եվ ինչու չէ՝ աճին նպաստել են նաև մեր տարած աշխատանքները։ Ապահովվել է ցորենի արտադրության աննախադեպ ծավալ՝ մոտ 140 հազ. տոննա։ Կային ոլորտներ, օրինակ՝ խաղողագործությունը, որտեղ խնդիրներ եղան, սակայն գյուղատնտեսության համախառն արտադրանքի աճ գրանցվեց։ Մեր լոկոմոտիվը միշտ էլ լինելու է գյուղատնտեսությունը, որը նաև դրական ազդեցություն է ունենում հարակից ճյուղերի վրա՝ արդյունաբերություն, արտահանում և այլն։ Մենք առանձին ուշադրություն ենք դարձնում այս ոլորտին։
– Հիմնական խոչընդոտը ներդրումային ռեսուրսների պակասն է, վարկերի կարճ ժամկետայնությունն ու բարձր տոկոսադրույքները։ Կառավարությունը փորձում է հնարավորինս գտնել ու օգտագործել ռեսուրսներ՝ գյուղացիներին մատչելի վարկեր ձեռք բերելու հնարավորություն տալու նպատակով։ Հիմա գործում է մեխանիզմ, որի տրամաբանությունը հետևյալն է՝ գյուղացին ոչ թե վարկը ստանում է անմիջապես ֆինանսական կառույցից, այլ՝ «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամը կառուցներից ձեռք է բերում միջոցները և ավելի երկար ժամկետով ու ավեի ցածր տոկոսադրուքներով տրամադրում է գյուղացիներին։ Իսկ ներդրումների մասով ընդհանուր ճգնաժամային իրավիճակ է։ Նույն խնդիրը կա նաև Հայաստանում։ Շատ ներդրող կառույցներ երկիրը ռիսկային են համարում։ Մեզ համար հասանելի չեն նաև, այսպես կոչված, միջազգային փողերը. այն կառույցները, որոնք արտոնյալ վարկեր են տրամադրում տարբեր պետությունների, մեզ հետ չեն աշխատում։ Եվ, իհարկե, քաղաքական իրավիճակի պատճառով ներդրողների հիմնական մասը ոչ բարենպաստ է համարում ներդրումներ կատարելը։ Կան այլ փոքր խոչընդոտներ ևս, և այդ ամենը միասին մեծ խոչընդոտ են դառնում երկրի տնտեսության համար։
– Բացի Հայաստանից, ո՞ր երկրներն են ներդրումներ անում Արցախում։
– Այսօր շատ ունենք ներդրողներ Սփյուռքից։ Արցախում կատարված ներդրումների կազմում ոչ հայաստանյան կապիտալը մոտ 70%-ն է կազմում։
– Իսկ արտաքին առևտրի մասով ի՞նչ իրավիճակ է։
– Այս հարցում մենք Արցախն ու Հայաստանը որպես նույն երկիր ենք դիտարկում։ Արտահանումն ու ներմուծումը հիմնականում կատարվում է Հայաստանի հետ կամ Հայաստանի միջոցով։ Օրինակ՝ ապրանքներ կան, որ Արցախից գալիս են Հայաստան, վերամշակվում ու արտահանվում արտասահման։
– Հայաստանը պարբերաբար բացասական տնտեսական ազդակներ է ստանում արտաքին աշխարհից, ինչպիսին են՝ հանքահումքի համաշխարհային գների նվազումը, տրանսֆերտների անկումը և այլն։ Այդ ամենը, ենթադրվում է, շղթայական ռեակցիայով հասնում է նաև Արցախ։ Ի՞նչ չափով է Արցախն այսօր կրում այդ ազդակները։
– Իհարկե, այդ ազդեցությունը հասնում է նաև Արցախ։ Առաջինը՝ պղնձի գների անկումը հարված է ղարաբաղյան տնտեսության համար, քանի որ արտահանման կազմում պղինձը մեծ տեղ ունի։ Երկրի ՀՆԱ-ն ու պետական բյուջեի մուտքերը ևս որոշակի կախում ունեն պղնձից։ Միջազգային գները նաև ազդեցություն են թողնում գյուղատնտեսական արտադրանքի վրա։
Տրանսֆերտներից ևս Արցախի տնտեսությունը կախվածություն ունի, բայց ոչ այնքան, որքան Հայաստանը։ Միևնույն է, տրանսֆերտներն իրենց ազդեցությունը թողնում են։ Ռուսաստանի շուկան հենց ուղղակի ազդում է Հայաստանի, հետևաբար՝ նաև Արցախի տնտեսությունների վրա։
– Հայաստանում մշտապես ակտիվ է տնտեսության մենաշնորհների թեման։ Արցախում այս թեման քննարկվու՞մ է։
– Արցախի տնտեսությունը Հայաստանի տնտեսության մաս է կազմում, իհարկե։ Բայց մեզ մոտ միայն բնական մենաշնորհներ կան՝ գազ, էլէկտրացանց, կապ։ Մնացած առումներով՝ մենաշնորհներ հասկացություն չկա։
– Իսկ երկրի բյուջեի պլանավորման մասով որո՞նք են գլխավոր խնդիրները։
– Ցանկացած երկրի բյուջե, մանավանդ՝ զարգացող և պատերազմ տեսած երկրի, միշտ էլ խնդիրներ ունենում է։ Արցախում սոցիալական ու հարկային քաղաքականությունը նույն տրամաբանությունն ունի, ինչ Հայաստանում։ Աշխատավարձերն ու թոշակներն էլ նույն մակարդակում են։ Ինչ վերաբերում է բյուջեի դեֆիցիտին, այո, բյուջեում միշտ փողը չի հերիքում։ Վերջին տարիներին բյուջեն միշտ դեֆիցիտով է պլանավորվել՝ հաշվի առնելով տնտեսական զարգացումները, մեր ռազմական և քաղաքական իրավիճակը և այլն։ Ենթակառուցվածքների զարգացումը մեծ ծավալի ներդրումներ է պահանջում, իսկ մասնավոր ներդրումներն ու միջազգային ծրագրերը Ղարաբաղում հասանելի չեն, ինչի պատճառով էլ այդ բեռն ամբողջությամբ մնում է բյուջեի վրա։ Որոշակի չափով գումարները հասնում են բարեգործական խողովակներով, հիմնականում՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով։
-Հայաստանին նաև հատուկ է տնտեսության կենտրոնացվածությունը մայրաքաղաքի շուրջ։ Արցախում այս խնդիրը կա՞։
– Արցախում թեև պետական կառավարման համակարգի գերակշիռ մասը գտնվում է Ստեփանակերտում, բայց տնտեսությունը կենտրոնացված չէ։ Եթե նայենք մշակող արդյունաբերությունը, հանքարդյունաբերությունը, էնեգետիկան, այս ճյուղերը տարածված են հիմնականում շրջաններում։ Օրինակ՝ հիդրոէլեկտրակայանները Մարտակերտում են, Շահումյանում և Քաշաթաղում, հանքարդյունաբերությունը՝ Մարտակերտում։ Կան ոլորտներ, որ Ստեփանակերտում են հիմնականում տարածված, օրինակ՝ թեթև արդյունաբերությունը։ Բայց այդ ոլորտի աշխատուժի մի մասն էլ նորից շրջաններից են։ Փորձում ենք ոչ միայն տնտեսության ճյուղերի մասով դիվերսիֆիկացիա ապահովել, այլ նաև՝ աշխարհագրական մասով։
– Նախորդ տարի հայտարարվեց «Եկ Արցախ» ֆլեշմոբը, որի նպատակը Արցախի զբոսաշրջությունն աշխուժացնելն էր։ Կարծեմ՝ սա պետական մակարդակով հայտարարված ֆլեշմոբ էր։ Արդյունքներ տվե՞ց։
– Եթե ասենք, որ մեծ արդյունքներ է տվել, սխալ կլինի։ Բայց այն որոշակի չափով նպաստել է զբոսաշրջությանը, հիմնականում՝ Հայաստանից եկող զբոսաշրջիկների մասով։ Այս ոլորտն, իհարկե, որպես կարևոր ուղղություն դիտարկում ենք, աշխատանքներ կատարում ենք այն քայլ առ քայլ զարգացնելու համար, բայց դեռևս չենք զգում դրա էական ազդեցությունը տնտեսության վրա։ Պոտենցիալը մեծ է, բայց մեծ են նաև խնդիրները՝ ենթակառուցվածքների թերությունները, օդանավակայանի բացակայությունը, իսկ գլխավորը՝ քաղաքական պատճառները։ Զբոսաշրջիկների հիմնական մասն այսօր Հայաստանի և Սփյուռքի հայերն են, որոնց կողմից մշտական ակտիվություն ենք ակնկալում։
– Իսկ ապրիլյան «քառօրյա պատերազմն» ի՞նչ ազդեցություն թողեց տնտեսության վրա։
– Շատ բացասական ազդեցություն թողեց։ Ընդ որում՝ և ուղղակի, և անուղղակի կերպով։ Եթե ուղղակի վնասներն ենք հաշվարկում, ապա՝ կորուստները կազմել են շուրջ 20 մլն ԱՄՆ դոլար։ Դրանում ներառված են՝ բնակավայրերի կորուստները հրթիռակոծության հետևանքով, դաշտերից ստացվող եկամուտների զրոյացումը, որոնք այդ ժամանակահատվածում չմշակվեցին և այլն։ Մի քանի օրվա ընթացքում տնտեսությունը կաթվածահար վիճակում հայտնվեց։ Կոնկրետ օրինակ՝ այդ ընթացքում Կաշենում պղնձի արդյունահանման աշխատանքները դադարեցվեցին։ Իսկ անուղղակի վնասները հաշվարկել հնարավոր չէ։ Դրանք կարող էին լինել, օրինակ, այն ներդրումները, որոնք պատերազմական վիճակի պատճառով չկատարվեցին։
Լուսանկարը՝ Արցախի կառավարությունից