Իրանի իսլամական հանրապետության նախագահ Հասան Ռոհանին երկօրյա պաշտոնական այցով Մոսկվայում է: ՌԴ նախագահ՝ Վլադիմիր Պուտինի և վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպում-զրույցների օրակարգում է երկկողմ հարաբերությունների, նաև տարածաշրջանային ու միջազգային հարցերի քննարկումը:
Իրան-Ռուսաստան համագործակցությունների նոր փուլի մեկնարկն արդեն տրված է: Փորձագետների համոզմամբ, երկու երկրի միջև ձևավորվել են ստրատեգիական հարաբերություններ: Թեև դրանք դեռևս չեն ապահովում ակնկալվող բավարար մակարդակը, սակայն այդ ուղղությամբ արվող քայլերը դրական են գնահատվում: Պուտինի նախագահության օրոք երկու երկրի ղեկավարների փոխայցելությունները վկայում են Թեհրանի և Մոսկվայի միջև ռազմավարական հարաբերությունների ձևավորման մասին: Կողմերն ապացուցել են, որ զգայուն հանգամանքներում ստեղծված առիթներն առավելապես ծառայեցրել են տարածաշրջանային ու միջազգային հարաբերությունների զարգացմանը, ինչի մասին է վկայում Իրանի նախագահի ՌԴ կատարած այցը: Իրանը հսկայական հնարավորություններ ունի տարածաշրջանում կայունության ամրապնդման նպտակով Ռուսաստանի հետ համագործակցության ոլորտում: Գործոն, որը բազմակողմանի և ԵԱՏՄ-ի հետ կապերի ամրացման առումով, նշանակալի է ոչ միայն Ռուսաստանի, այլև կովկասյան երկրների՝ ներառյալ Ադրբեջանի և Հայաստանի համար, նպաստելով տարածաշրջանում այլ երկրների հետ Իրանի և Ռուսաստանի համագործակցությունների խորացմանը:
Հյուսիս-հարավ միջանցքի կառուցումը ևս արդյունքն է Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ համագործակցության: Համագործակցող երկրներին կարող են միանալ նաև այլ պետություններ: Վերջին տարիներին Պուտինն ապացուցել է, որ մեծապես կարևորում է Իրանի հետ բարձր մակարդակի հարաբերությունները, սակայն այդ մոտեցումը դեռևս շոշափելի արդյունքներ չի տվել: Երկու երկրի միջև առևտրափոխանակումների ծավալները և տնտեսական այլ ցուցիչները չեն անցնում երկու միլիարդ դոլարի սահմանը: Դա իհարկե կարելի է համարել նաև տարածաշրջանում մրցակցային հարաբերությունների հետևանք: Մյուս կողմից, Իրանը փորձել է այլ երկրների հետ հաստատել հավասարակշռված հարաբերություններ: Ուստի պաշտոնական Թեհրանը կենտրոնացել է նաև Չինաստանի, Հնդկաստանի, Ճապոնիայի և Եվրամիության անդամ երկրների հետ հարաբերությունների վրա:
Համագործակցությունների մյուս ոլորտն առնչվում է տարածաշրջանի աշխարհագրությանը և Կասպից ծովում հարևան երկրների հետ համագործակցությանը, որոնք ընդգրկում են տնտեսական, կենսոլորտային, ծովային տրանսպորտի , էներգետիկայի և այլ ոլորտներ: Հատկանշական է, որ ծավալուն հարաբերությունները չեն նշանակում, որ Թեհրանի և Մոսկվայի շահերն ու դիրքորոշւոմները բոլոր ոլորտներում միանշանակ են: Իրանի, Ռուսաստանի և մերձկասպյան մյուս երկրների միջև իրավական ռեժիմի հարցը շարունակում է մնալ չլուծված: Բնական է, որ Իրանը և Ռուսաստանը չեն կարող բոլոր հարցերում լինեն համակարծիք: Կողմերը կարող են տարաձայնություններ ունենալ տարածաշրջանում Սաուդյան Արաբիայի և Իսրայելի քաղաքականությունների, նույնիսկ Սիրիայի հետ կապված հարցերում: Այդ տարբեր դիրքորոշումները սակայն երկու երկրի հակադրում չեն նշանակում, քանզի Իրանը և Ռուսաստանը խոշոր ու կարևոր հարցերում, ինչպես օրինակ տարածաշրջանում ԱՄՆ-ի ներգործման չեզոքացման նման հարցերում, համակարծիք են: Իրանը և Ռուսաստանը վճռակամորեն ցանկանում են օգտվել առկա հնարավորություններից և բացի տնտեսական դաշտից, ընդլայնել իրենց համագործակցությունը նաև Կենտրոնական Ասիայում, մերձկասպյան և միջինարևելյան երկրների անվտանգության ոլորտում: ԻԻՀ նախագահի Ռուսաստան կատարած ուղևորությունը կարելի է գնահատել այդ տեսանկյունից: