«Աշխատասիրությունը հայի գենի իմ ամենակարևոր գծերից է»,- ասել է լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրը «Частный корреспондент» պարբերականին տված հարցազրույցում։
«Ես չեմ հավատում ոգեշնչմանը, հավատում եմ քրտնաջան աշխատանքին։ Ես վարպետի պես աշխատում եմ յուրաքանչյուր բառիս վրա` հղկում յուրաքանչյուր արտահայտություն։ Եթե պետք է օրեր, շաբաթներ կամ նույնիսկ ամիսներ անցկացնել` ճիշտ արտահայտությունը գտնելու համար, ես համառորեն անում եմ դա», — նշել է Ազնավուրը։
Մաեստրոն խոստովանել է, որ չի վախենում ռիսկի գնալ և ամեն անգամ ինքն իրեն մարտահրավեր է նետում։
«Հավանաբար իմ ամբողջ կյանքը ինքս իմ հանդեպ հաղթանակ է։ Ես սկսել եմ զրոյից, ինքնուրույն եմ ամեն ինչ սովորել. երաժշտություն, գրականություն, դերասանական վարպետություն։ Այդ տարիներին ուսումը վճարովի էր, իսկ իմ ընտանիքի հնարավորությունները՝ համեստ, այդ պատճառով էլ շուտ լքեցի դպրոցական նստատեղս և այդ պահից սկսած ստիպված էի կյանքում ամեն ինչին ինքնուրույն հասնել»,- պատմել է նա։
Հարցին, թե արդյո՞ք այսօր էլ պատրաստ է ռիսկի, նա պատասխանել է.
«Իհարկե։ Ամեն անգամ ռիսկի եմ դիմում՝ 92 տարեկանում բեմ բարձրանալով, որպեսզի լիարժեք համերգ ունենամ։ Երբեմն մեկ շաբաթում համերգային շրջագայություն եմ կատարում չորս երկիր եւ մինչ օրս էլ ինձ մարտահրավեր եմ նետում։ Այժմ ուզում եմ մեկնել այն հազվադեպ երկրները, որտեղ դեռ ելույթ չեմ ունեցել, օրինակ՝ Հարավային Կորեա, Չինաստան»։
Նշենք, որ Շառլ Ազնավուրը պատրաստվում է Մոսկվա այցելել, որտեղ համերգ կտա իր երկրպագուների համար։