«Իմ տված ինֆորացիան՝ իմ երգերը, հասնում են զրոյից հարյուր տարեկան տարբեր ճաշակներ ունեցող մարդկանց հոգու նուրբ շերտերին»,- «Հայ ձայնի» հետ զրույցում նշեց երգերի հեղինակ-կատարող Լիլիթ Բլեյանը:
«Երբեմն այնպիսի տպավորություն եմ ունենում, որ մեղեդիները որսում եմ իմ ցանցի, ուռկանի միջոցով, կամ դա ծնված օրից մեզանում դրվող կամ էլ գուցե գենետիկորեն փոխանցվող ինֆորմացիա է… Հավակնոտ է հնչում երաժշտություն ստեծելը. ես փոխանցում եմ ներսումս լսած երաժշտությունը, և այս պարագայում ես ինձ ավելի շատ հաղորդալար եմ զգում: Ես ստեղծում եմ մեղեդիների տեքստերը, որոնց վրա երկար աշխատում եմ, իսկ երաժշտությունը հենց այդպիսին էլ ծնվում է, գրեթե միշտ հղկված»,- նշեց երգչուհին:
Երգչուհու անդրանիկ ձայնասկավառակը թողարկվել է 2011թ.-ին և պարունակում է վերջինիս հեղինակած հայալեզու երգերը, երկրորդում մեծամասամբ իսպաներեն երգեր են՝ կրկին Բլեյանի հեղինակած: Երրորդ ձայնասկավառակը բազմալեզու է՝ անգլերեն, իսպաներեն, իտալերեն և հայերեն երգերի մի փունջ: Իսկ ահա սպասվելիք երրորդ սկավառկը բաղկացած է մյուսներից բոլորովին տարբեր է, քանի որ բաղկացած է ֆրանսալեզու երգերի հայերեն փոխադրումներից, որոնք ներկայացված են այնպես, ինչպես դրանք զգացել է երգչուհին: Տեքստերի թարգմանություններն արդեն արվել են, երգերը ձայնագրվել են, սկավառակը պատրաստման աշխատանքների վերջին փուլում է գտնվում, և կարճ ժամանակ անց այն պատրաստ կլինի: «Անհամբերությամբ սպասում ենք սկավառակի թողարկվելուն: Ներառված երգերից մեկը որոշ ժամանակ առաջ թողարկվել էր՝ Բրելի «Ne me quitte pas» հայտնի երգի հայերեն տարբերակը, որը ինձ մոտ հնչում է «Չթողնես երբեք»: Հիմանականում ստացել ենք թեթև, ակուստիկ, բարի, կենդանի հնչողություն…
Երգերը հիմանակում իմ սիրելի երգերն են, կան երգեր, որոնք մեզանում շատ վաղուց են հայտնի եղել՝ մի քանի տասնամյականեր առաջ, ինչպես, օրինակ, Սալվատորե Ադամոյի «Tombe la neige» երգը, որը հավանաբար բոլորին է հայտնի և բոլորն են սիրում: Բայց գլխավորապես ընտրված են այն երգերը, որոնք ինչ-որ չափով իմն են, ինձ մոտ են տրամադրությամբ, բովանդակությամբ, և այն երգերը, որոնք ամբողջությամբ ստացել են իրենց համարժեքը հայերենում: Այսինքն՝ երգը լսելիս չպիտի այնպիսի տպավորություն սստեղծվի, թե երգը թարգմանված է, խորթություն չպիտի լինի, դրանք պետք է լինեն հայերեն երգեր իրենց ամբողջ տրամաբանությամբ, ոչ մի օտարաբանություն չլինի ո՛չ տեքստում, ո՛չ երաժշտության մեջ»,- նշում է Բլեյանը:
Վերջինիս խոսքով՝ կան երգեր, որոնք շատ են սիրելի իր կողմից, բայց դրանք թարգմանել չի համարձակվում, քանի որ առաջին իսկ րոպեից հականալի է դառնում, որ դա հայերեն չի հնչի: Երգչուհու խորին համոզմամբ՝ երգի և բանաստեղծության թարգմանությունը բոլորովին տարբեր կանոնների են ենթարկվում: Երգը պետք է պահպանի մեղեդու բոլոր կանոնները, եթե միայն բառերին ուշադրություն դարձվի, կտուժի մեղեդին, ինչպես նաև հակառակը… «Ընտրվել են այնպիսի երգեր, որոնցում պահպանվել է ոգին, բովանդակությունը, մթնոլորտը, ինֆորմացիան, հնարավորինս պահպանվել են բառախաղերը: Ամեն ինչի վրա մանրակրկիտ աշխատանք է տարվել: Ակնկալում եմ, որ մարդկանց կողմից կսիրվի սկավառակը»:
Բլեյանը նշում է, որ ես փոխադրած երգերը հայերեն երգային տարբերակով անձամբ չի լսել՝ չբացառելով դրանց փոխադրության հավանական փորձերը: «Գիտեմ, որ Բրելի երգերը որպես պոեզիա թարգամանել են, այնուամենայնիվ, ես ուրախ կլինեի, եթե նման փորձեր եղած լինեին, քանի որ դրանցով կհարստանար մեր լեզուն: Այլ փոխադրություն-թարգմանությոններ արվել են, բայց ոչ այն երգերի համար, որոնք ես եմ զետեղել սկավառակում:
Վերջինս նաև նշում է, որ տեքստերի բովանդակությունը գլխավորապես պահպանվել է, տեքստից շեղում միայն մի դեպքում է արվել, եթե հասկացել են, որ երգի մեջ տվյալ հատվածը հնարավոր չէ մեղեդու հետ համադրել: «Երգի թարգամանությունը շատ սիրեցի, հետաքրքիր ստեղծագործական պրոցես էր, մանավանդ այն դեպքում, երբ երգը թարգմանաելիս հասկանում ես, որ այն դարձել է քոնը, երբ սկսում ես մոռանալ բնօրինակ լեզուն և մտապահում ես հայերենը»: