Վազգեն Սարգսյանի ապրիլմեկյան կատակը. armtimes.com
Advertisement 1000 x 90

Վազգեն Սարգսյանի ապրիլմեկյան կատակը. armtimes.com

Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանն armtimes.com-ին պատմել է, որ ապրիլի մեկին ինքը շատ կատակներ չի արել, սակայն «իր գլխին շատերն են սարքել»։

«Երբ «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիրն էի, Վազգեն Սարգսյանը նույնպես այնտեղ էր աշխատում, ապրիլի մեկին, սովորական աշխատանքային օր էր, ես էլ սովորաբար մոռանում եմ այդ օրը, կատակներ չեմ անում, մեկ էլ գործավարուհիս սելեկտորով զանգեց ու ասաց, որ հեղինակ է եկել, բերել է պատմվածք, ասացի դուրս պիտի գամ, թող արագ մտնի ներս, ասաց՝ լավ։

Մեկ էլ դուռը դանդաղ, ճռռոցով բացվում է, տեսնեմ մի հսկա շուն՝ բերանում ոլորած թղթերով մտնում է ներս ու հետևից դուռը շրխկոցով փակվում է։ Իմ աշխատասենյակում մնում ենք ես և շունը։ Խելացի, հրաշալի աչքերով շուն էր, շոյեցի գլուխը, բերանից թղթերը վերցրեցի, Էդվարդ Խաչիկյանի պատմվածքներն էին, դե գլխի ընկա, որ կատակել են, հիշեցի, որ ապրիլի մեկն է»,-ժպիտով պատմում է Տեր-Գուլանյանը։

Սակայն, գրողը որոշել է չհանձնվել և հյուրին հավուր պատշաճի է ընդունել։

«Երբ հյուր է գալիս մոտդ, սուրճով հյուրասիրում ես, ես էլ որոշեցի սեղմել սելեկտորի կոճակն ու գործավարուհուս ասացի․ «Երկու սուրճ՝ մեկը քաղցր», իսկ ես, սովորաբար, դառն եմ խմում։ Մեկ էլ դուռը բացվեց ու Վազգենը հոմերյան քրքիջով ներս մտավ, ասաց՝ մտածում էի չորրորդ հարկից կգցես քեզ, էլ չգիտեինք, որ շնից չես վախենա։ Հրաշալի օր էր»,-հիշում է Մերուժան Տեր-Գուլանյանը։