Հաճախ են ասում. փաստեր ներկայացրեք և մեր իրավապահները բոլոր մեղավորներին կպատժեն։
Բայց մեր կյանքում ավելի լուրջ ու խորը ճշմարտություններ կան‚ քան իրավապահներին վստահելը։ Մի խորիմաստ պատմություն պատմեմ։ Մի անգամ իմաստունը փորձութան նպատակով կանչում է աշակերտներին և խնդրում իր համար գողություն անել։
– Ինձ գումար է պետք‚ գնացեք գողություն արեք։ Բայց մի պայմանով՝ այնպես գողացեք‚ որ մարդ չտեսնի։
Բոլոր աշակերտները գնում են։ Միայն մեկն է մնում։
-Դու ինչո՞ւ չգնացիր։ Միթե չես հարգում ինձ։
– Իմաստուն‚ քո ասածն անհնար է անել։ Դու ասում ես‚ այնպես գողացեք‚ որ մարդ չտեսնի։ Ես հո՞ կտեսնեմ։
Հարգելի կաշառք տվողներ‚ վերցնողներ‚ արատավոր համակարգ աշխատացնողներ և այդ համակարգի մասնիկներ։ Կարող է մենք չենք տեսնում դուք ինչեր եք անում‚ բայց դուք հո՞ տեսնում եք ինչեր եք անում։ Չնայած, եթե ձեզ մարդ չհամարեք‚ կարող եք այնպես անել‚ որ մարդ չտեսնի։
Facebook-յան իր էջում գրել է Սերոբ Խաչատրյանը: