Մեկ տարի առաջ Ապրիլյան պատերազմի ժամանակ հայ ժողովուրդը պատրաստակամ, համախմբված ոտքի կանգնեց և գնաց հայ զինվորի կողքը կանգնելու։ Կամավորական ջոկատներ կազմվեցին, որոնցից մեկն էլ հաղորդավար Եգոր Գլումովն էր է ղեկավարում։ Ապրիլյան պատերազմի երկրորդ օրը նա մեկնեց առաջնագիծ։
Պատերազմից մեկ տարի է անցել։ Tert.am Life–ի հետ զրույցում հաղորդավարը հիշեց, որ այդ օրերին հայ զինվորը խիզախ էր և անվախ։
«Հայ զինվորը այնպիսին էր, ինչպիսին պետք է լիներ. խիզախ, ամուր կանգնած հողի վրա։ Նա հասկանում էր, որ դա իր սուրբ պարտքն է ու բացի իրենից պարտքը ոչ ոք չի կատարի։ Շատ հպարտ եմ հայ զինվորով և զարմացած եմ այն մարդկանց վրա, ովքեր կասկածում էին կամ այնքան չէին հավատում հայ զինվորին։ Այդ օրերին ինչ արեցին, 18–20 տարեկան տղաներն արեցին»,– ասաց Գոռը։
Հաղորդավարի խոսքով`հայ ազգը հաղթող է, մարտնչող ու անվախ։ «Մեզանից շատերն ասում էին` եթե պատերազմ լինի, ոչ մեկ չի գնա։ Բայց տեսանք, որ գնացին, տեսանք, որ այդ ժամանակ մարդիկ ավելի շատ գալիս էին հայրենիք, քան մեկնում հայրենիքից։ Ցավոք սրտի, դա եղավ մի քանի շաբաթ։ Եթե միշտ այդպես լինի, մենք ամեն օր, ոչ թե միայն պատերազմի ժամանակ մտածենք մեր երկրի մասին, այն ավելի ուժեղ կլինի, հզոր։ Եթե մարդիկ ավելի շատ լինեն այստեղ, թշնամին էլ կմտածի քայլ անելուց առաջ։ Մեկ տարի է անցել պատերազմից։ Այն մեզ դաս տվեց, որ ավելի զգոն լինենք, որպեսզի մարդու կյանքն ավելի շատ գնահատենք, ավելի շատ մտածենք կենդանի մարդկանց մասին, քան զոհվածների։ Առաջ գնանք ու զարգանանք։ Յուրաքանչյուր մարդ պետք է իր գործը ազնիվ ձևով անի. բժիշկն իր բժշկությամբ զբաղվի, հացթուխը` հաց թխի, զինվորն էլ սահմանը պահի»,– եզրափակեց Գոռը։
Ամբողջությամբ՝ life.tert.am