«Ելք» դաշինքի թեկնածուներից ովքեր ընտրվեցին պատգամավոր. armtimes.com
Advertisement 1000 x 90

«Ելք» դաշինքի թեկնածուներից ովքեր ընտրվեցին պատգամավոր. armtimes.com

Ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ստացած մանդատների թվով «Ելք» դաշինքը երրորդն է լինելու 6-րդ գումարման Ազգային Ժողովում: «Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցություններից կազմված դաշինքն ունենալու է 9 պատգամավոր խորհրդարանում: Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ելք» դաշինքը ստացել է 122 հազար 49 ձայն, որը ընտրությանը մասնակցած ընտրողների 7.78 տոկոսն է կազմել:

ԱԺ-ում հայտնված քաղաքական ուժերը ստացած մանդատները իրենց թեկնածուների միջև բաշխում են հետևյալ կերպ՝ ստացած մանդատների թիվը բաժանում են երկու մասի, որից մեկը տրվում է համամասնական ցուցակի ներկայացուցիչներին, մյուսը՝ ռեյտինգայինի: Քանի որ 9 մադատի թիվը կենտ է և այն երկու մասի բաժանելուց ստացվում է 4.5, ռեյտինգային կարգով առաջադրված թեկնածուներին բաժին է հասնում թվով 4 մանդատ:

Մանդատները բաժանվում են առաջնահերթությունը տալով ռեյտինգային թեկնածուներին: «Ելք» դաշինքի ռեյտինգային ցուցակներով առավել շատ ձայն ստացած թեկնածուները հետևյալ անձինք են՝ Նիկոլ Փաշինյան (11 հազար 513 ձայն), Մանե Թանդիլյան (5 հազար 110 ձայն), Գևորգ Գորգիսյան (3 հազար 168) և Միրզոյան Արարատ (3 հազար 999):

Քանի, որ վերը նշված անձանցից Նիկոլ Փաշինյանն ու Մանե Թանդիլյանը «Ելք» դաշինք համամասնական ցուցակի 1-ից մինչև 5-րդ համարներում են գտնվել, ապա նրանց անունները դուրս է գալիս ցուցակից և նախապես հաստատված հաջորդականությամբ կազմվում է առաջին հնգյակը, որոնք էլ ստանում են մյուս 5 մանդատները: Նրանք են՝ Էդմոն Մարուքյան, Արամ Սարգսյան, Սասուն Միքայելյան, Արտակ Զեյնալյան և Լենա Նազարյան:

 



Նման նյութեր