«Եռաբլուր»-ում կրկին աղոթք էր ու խոնարհում. ուսանողները երթ էին կազմակերպել ապրիլյան դեպքերի տարելիցի կապակցությամբ
Advertisement 1000 x 90

«Եռաբլուր»-ում կրկին աղոթք էր ու խոնարհում. ուսանողները երթ էին կազմակերպել ապրիլյան դեպքերի տարելիցի կապակցությամբ

«Գինի լից, ընկեր ջան, գինի լից, խմողաց անուշ, անուշ, խմողաց անուշ….». հայրենասիրական այս երգը երգելով Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողները, Երևանի պետական համալսարանի մարտական պատրաստության ակումբի անդամները մոմերով երթ էին կազմակերպել դեպի « Եռաբլուր»՝ նվիրված ապրիլյան քառօրյա պատերազմի տարելիցին։

Բուհերի և երիտասարդության հոգևոր պատասխանատու Գեղամ սարկավագ Ավետիսյանի գլխավորությամբ «Եռաբլուր» պանթեոնում երիտասարդներն աղոթք հղեցին առ Աստված։ «Ես վստահ եմ, որ այս նախաձեռնությունը բոլորիդ սրտից բխած ուխտագնացության նման մի ճանապարհ է։ Այստեղ ենք՝ մեր հոգին ու սիրտը խոնարհեցնելու մեր նահատակ եղբայրների առաջ»,- նշեց սարկավագը։

Իր խոսքն ուղղեց ներկաներին նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Հովսեփ Հովեփանը, ով ասաց, որ իրենցից շատերը մեկ տարի առաջ ապրիլյան պատերազմի օրերին իրենց ուժի ներածին չափով փորձել են օգնել սահամանում կանգնած բոլոր զինվորներին։

Երթին մասնակցում էր նաև ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Ադամ Սահակյանի ավագ եղբայրը՝ Մուշեղ Սահակյանը։

«Մենք անձամբ ճանաչում ենք միայն Ադամ Սահակյան հերոսին, քանի որ նա մեր համալսարանում է սովորել և մեր ընկերն է եղել։ Կան բազմաթիվ Ադամ Սահակյաններ, թե՛ զոհվածների, թե՛ այժմ այստեղ կանգնածների մեջ։ Ես շնորհակալությունս եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր մեզ հասցրել են այս օրվան։ Հենց այս օրով է պայմանավորված մեր վաղվա օրը»,- կարևորեց ուսխորհրդի նախագահը և հավելեց, որ ուղիղ մեկ տարի առաջ հայ երիտասարդ հերոսները ցույց տվեցին հակռակորդին, որ նոր սերունդը ոչնչով պակաս չէ հին սերնդից։

Երթի մասնակիցները շարժվեցին դեպի ապրիլյան քառօրյա պատերազմի անմահ հերոսների շիրիմները, խոնարհեցին ծաղիկներ։ Երթը ավարտեցին Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցում մոմ վառելով։

 



Նման նյութեր