Երգիչ Արամ MP3-ին այսօր տոնում է ծննդյան 33–ամյակը։ Երգիչը Tert.am Life–ի հետ զրույցում պատմեց, թե ինչ անակնկալ է ստացել և ինչպես է պատրաստվում տոնել տարեդարձը։
«Երեկ կեսգիշերին աշխատանքային գործընթացը վերածվեց ծնունդի։ Ես, կինս, Իվետան և մեր ընկերները քննարկում էինք հետագա անելիքները, երբ 00։00 էր, նրանք շամպայնով շնորհավորեցին ինձ։ Դա տարեդարձիս փոքրիկ բացումն էր։ Արդեն առավոտյան` ժամը 7–ին, տղաս վազելով եկավ ինձ մոտ ու փոքրիկ բացիկ տվեց, որն ինքն էր պատրաստել ու իր ձեռագրով գրել. «Պապա ջան, ծնունդդ շնորհավոր։ Քեզ մաղթում եմ ուրախություն։ Ես քեզ շատ եմ սիրում, պապա»։ Առաջին էջում էլ կառատեիստ էր նկարել, քանի որ հիմա շատ հետաքրքրված է արևելյան մարտարվեստով»,– պատմեց Արամը։
Երգիչն օրը սկսել է աշխատանքային։ Նա նշեց, որ այս ընթացքում շնորհավորական բազում խոսքեր ու մաղթանքներ է ստանում ընկերների, հարազատների կողմից, ինչպես նաև համացանցում` ֆեյսբուքում ու Instagram-ում են շնորհավորում իրեն, ինչ համար շատ շնորհակալ է։
Արամից հետաքրքրվեցինք, թե կինը` Աննան, ինչ է նվիրել. «Կինս առավոտյան շատ շուտ դուրս եկավ տանից։ Հասկացա, որ նա ինչ–որ բան է պատրաստում, բայց դեռ չգիտեմ` ինչ»։
Երգիչը նշեց, որ երեկոյան ընկերների և հարազատների հետ կհավաքվեն և մի բաժակ գինու շուրջ իրեն կմաղթեն առողջություն, երջանկություն և այլն։ «Այս տարի ավելի փոքր շրջապատում եմ նշելու։ Միգուցե, սխալվում եմ, քանի որ շատ անգամ օրս անակնկալ ընթացք է ստացել, բայց, իսկապես, այս տարի դրա ժամանակը չունեմ, մի քիչ զբաղված եմ»։
Արամի խոսքով` իր տարեդարձի օրը միշտ ինչ–որ բան է եղել, ու նա չի կարողացել հարազատների հետ հավաքվել ու տոնել օրը։ «Անցած տարի չնշեցի ծնունդս, քանի որ ապրիլյան պատերազմ էր։ Մեկ ուրիշ անգամ այդ օրը ինքնաթիռի մեջ եմ եղել կամ աշխատանքի բերումով այլ երկրում։ Մտածում էի, որ այս տարի էլ ինչ–որ բան կլինի, բայց մինչև այս պահն ամեն ինչ իր հունով է ընթանում։ Միգուցե, երեկոյան շրջադարձային բան լինի, չեմ բացառում։ 2001 թվականից ի վեր իմ ծննդյան օրվա հետ կապված տարբեր իրադարձություներ են եղել։ Դրա համար էլ չեմ զարմանա, որ երեկոյան ինչ–որ բան փոխվի»,– նշեց հոբելյարը։
Ամբողջությամբ՝ life.tert.am