Իրանցի զբոսաշրջիկներին Հայաստանում հիմնականում գրավում են ժամանցային վայրերը, սակայն Նովրուզի ընթացքում քիչ չէր այն իրանցիների թիվը, ովքեր այցելել են Մատենադարան` տեսնելու արեւելյան ձեռագրերը, ծանոթանալու մանրանկարչությանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի զարգացման հիմնադրամի զբոսաշրջության գծով տնօրե ն Արա Խզմալյանն ասաց, որ այս տարի իրանցի զբոսաշրջիկների համար մեծ աշխատանք է կատարվել տեղեկատվական առումով: «Այն, որ իրանցի զբոսաշրջիկը Հայաստան մուտք գործելիս Մեղրի-Երեւան մայրուղում տեսնում է պարսկերեն լեզվով գրառում` «Բարի գալուստ Հայաստան», շնորհավոր Նովրուզ, այն որ իրանցիների համար այդ օրերին գործում էր թեժ գիծ` պարսկերեն լեզվով, այն որ իրանցի զբոսաշրջիկներին բաժանվել են տեղեկատվական պաստառներ, չեն կարող գոհունակություն չառաջացնել»,-ասաց նա:
Խզմալյանի խոսքով` Հայաստանը բավական լավ երկիր է զբոսաշրջության զարգացման համար: «Հայերը հյուրասեր ժողովուրդ են, մեր երկիրն էլ բավական անվտանգ է. այստեղ մարդիկ փողոցում կարող են մինչեւ գիշեր հանգիստ զվարճանալ լեզվական խոչընդոտներ եւս գրեթե չկան»,-հավելեց Հայաստանի զարգացման հիմնադրամի զբոսաշրջության գծով տնօրենը:
Մինչ Հայաստանի զբոսաշրջային կոմիտեն կհաշվարկի իրանցի զբոսաշրջիկների ներհոսքի արդյունքում Հայաստանին տրված օգուտը, քաղավիացիան արդեն իսկ ներկայացրել է, թե քանի զբոսաշրջիկ է այդ օրերին այցելել Հայաստան: Մարտի 15-ից ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում, «Զվարթնոց» օդանավակայանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն ժամանած 8100 ուղևոր: Նախորդ տարվա մարտի 19-ից ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում «Զվարթնոց» օդանավակայան է ժամանել 5300 իրանցի զբոսաշրջիկ: 2017 թվականին Իրանից դեպի Հայաստան իրավական ավիաընկերություններն իրականցրել են 80 կանոնավոր և ոչ կանոնավոր չվերթ, իսկ 2016 թվականին իրականացվել է 48 չվերթ: