Արդեն տեղեկացրել ենք, որ դաշնակահար Լևոն Ավագյանը Բարսելոնում մասնակցել է «Maria Canals» 63-րդ հեղինակավոր միջազգային մրցույթին: Մրցելով աշխարհի 80 լավագույն դաշնակահարների հետ` հայ երիտասարդն անցել է 3 փուլ և ապրիլի 6-ին` ուշ երեկոյան, մասնակցել մրցույթի եզրափակիչ փուլին Բարսելոնի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ` կատարելով Ս. Պրոկոֆևի N 3 դաշնամուրային կոնցերտը և գրավելով 1-ին տեղը: Արժանացել է հատուկ մրցանակների`
1. հանդիսատեսի համակրանք
2. իսպանացի կոմպոզիտորի ստեղծագործության լավագույն կատարման համար
3. երիտասարդական ժյուրիի կողմից
4. ձայնասկավառակ թողարկելու համար
5. Ֆրանսիայում, Իտալիայում, Չինաստանում, Իսպանիայում և այլ երկրներում մենահամերգներ տալու համար:
Տվյալ մրցույթի մրցանակային ֆոնդը կազմում է 70.000 եվրո: Հավելենք նաև, որ 2-րդ փուլում Լևոն Ավագյանը կատարել է 21-րդ դարի հայ կոմպոզիտոր Կարեն Անանյանի «Սև և սպիտակ» ստեղծագործությունը:
Լևոն Ավագյանը ներկայումս սովորում է Եվրոպայում բարձր վարկանիշ ունեցող Ավստրիայի Գրաց քաղաքի երաժշտության և կերպարվեստի համալսարանում` մագիստրատուրայի դաշնամուրի բաժնի 2-րդ կուրսում պրոֆեսոր Միլանա Չերնյավսկայի դասարանում և փետրվարից աշխատում է նույն համալսարանում` որպես լարային գործիքների նվագակցող:
Լևոն Ավագյանը գերազանցությամբ ավարտել է Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցը և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան:
Լևոն Ավագյանը Լիխտենշտեյնի Իշխանության միջազգային երաժշտական ակադեմիայի կրթաթոշակառու է, Գալուստ Գյուլբենկյանի անվան հիմնադրամի կրթաթոշակառու (Պորտուգալիա, Լիսաբոն), «Համահայկական բարեգործական ընդհանուր միություն» (AGBU) ծրագրի կրթաթոշակառու (ԱՄՆ, Նյու Յորք):
2012 թվականին Ավստրիայում թողարկել է «Շուբերտից մինչև Միրզոյան» անվանումով ձայնասկավառակը, որտեղ զետեղված է Էդվարդ Միրզոյանի «Ինտրոդուկցիա» և «Պերպետում մոբիլե» ջութակի ու դաշնամուրի համար ստեղծագործությունը` L. Ավագյանի կատարմամբ:
2014 թվականին մասնակցելով «The Yamaha Music Foundation of Europe» մրցույթին` ստացել է գլխավոր մրցանակը՝ դառնալով հիմնադրամի կրթաթոշակառու:
Մշտապես բարեգործական համերգներով ելույթ է ունենում` Ավստրիայի հայկական համայնքի միջնորդությամբ: