Լատվիայում ՀՀ դեսպանության (նստավայրը՝ Վիլնյուս) կողմից կազմակերպված Հայկական Մշակույթի օրերի շրջանակում ապրիլի 6-ին Ռիգայի մայր տաճարում (Riga Doms) տեղի ունեցավ համերգ՝ նվիրված Գրիգոր Նարեկացուն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համերգին ներկա էին Լատվիայի Հանրապետության առաջին նախագահ Գունտիս Ուլմանիսը, Լատվիայի տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, Լատվիայում հավատարմագրված դեսպաններ, ՀՀ Մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը, Բալթյան երկրներում հայ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Խոսրով քահանա Ստեփանյանը, Լատվիայի լյութերանական և կաթոլիկ եկեղեցիների առաջնորդ արքեպիսկոպոսները, հայ և լատվիացի հասարակական գործիչներ:
Համերգի բացմանը ելույթ ունեցան Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը և Բալթյան երկրներում հայ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Խոսրով քահանա Ստեփանյանը:
Համերգին կատարումներով հանդես եկան ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մայիլյանը, Եվրոպայում լավագույն երգչախմբերից մեկը համարվող Լատվիայի ռադիոյի երգչախումբը՝ դիրիժոր Սիգվարդ Կլյավայի ղեկավարությամբ, Ռիգայի մայր տաճարի երգեհոնահար Իլզե Ռեյնեն և շեփորահար Յանիս Պորիետիսը:
Հնչեց հայկական հոգևոր երաժշտություն (Սահակ Պարթև, Գրիգոր Նարեկացի, Ներսես Շնորհալի, Կոմիտաս), ինչպես նաև՝ ամերիկահայ կոմպոզիտոր Ալան Հովհաննեսի և Ալֆրեդ Շնիտկեի ստեղծագործությունները՝ նվիրված Գրիգոր Նարեկացուն: