Հրազդանցի երիտասարդը սոված օրեր է անցկացնում. hraparak.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Հրազդանցի երիտասարդը սոված օրեր է անցկացնում. hraparak.am

25-ամյա Գևորգին հանդիպեցինք Հրազդան քաղաքի միկրոշրջան թաղամասում՝ իրենց շենքի բակում, քաղցած էր, շտապում էր խանութ հաց գնելու, որ դեղը խմեր։ Գևորգը միայնակ է ապրում, արդեն 3 տարի է, ինչ մահացել են ծնողները, տառապում է էպիլեպսիա հիվանդությամբ։ Նա պատմում է, որ վերջին շրջանում նոպաները հաճախակի են դարձել. «Ես զգում եմ, որ նեղվում եմ, նոպան կրկնվում է, ժամանակ ա լինում, որ մինչև իրիկուն սոված եմ լինում, իսկ դեղը առանց հաց ուտել չեմ կարող խմել: 16 հազար դրամ թոշակ եմ ստանում, դրանից լույսի փող եմ տալիս, մնացածը՝ օրվա հացի փող է: Ինձ իմ հարևաններ են օգնում, մի աման տաք ճաշ նրանք են տալիս, օր ա եղել, սովածությունից եմ նոպայի մեջ ընկել: 3 քույր ունեմ, միայն մեկն ա մեկ-մեկ գալիս, շորերս լվանում, հաց սարքում: Որ ուզում եմ մի բան սարքել, գնում եմ հարևանին խնդրում, որ գա կարտոֆիլ մաքրի, ձեռքս էլ չի աշխատում: Ահա այսպես ես ապրում եմ, հարևաններս օգնում են, շատ ուշադիր են, հենց տեսնում են՝ 1 ժամ բակում չեմ երևում, սկսում են ման գալ»,- պատմում է Գևորգը:

Մենք հյուրընկալվեցինք Գևորգի տանը, համեստ ապրող այս երիտասարդի տունը շատ մաքուր էր, կոկիկ։ Գևորգի հարևանուհին՝ տիկին Արաքսյան, ով ամեն օր մեկ աման տաք ճաշ է տալիս տղային, դիմում է բարեգութ մարդկանց, որպեսզի օգնեն Գևորգին. «Քանի Գևորգի մայրը ողջ էր, տեր էր կանգնում, նա էլ մահացավ տղան անտեր մնաց, իմ ընտանիքի անդամի պես նայում եմ, որ ճաշ եմ եփում, 1 աման անպայման պետք է տամ՝ Գևորգը ուտի: Լավ տղա ա, ափսոս, հիվանդ ա, ստացած թոշակն էլ ոչնչի հերիքում: Օրենքով իրեն պետք է ոչ 3-րդ կարգ հասներ, այլ 1-ին: Տեր, տիրական չունի, որ տանի հիվանդանոց, կարգը փոխեն, գոնե թոշակն էլ կշատանա: Լավ ա, էս կողքը մի խանութ կա, էդ խանութի աշխատողն ա, նիսյա հաց ա տալիս, որ գոնե գոյատևի: Եթե կգտնվեն մարդիկ, որ կարողանան օգնել թեկուզ սնունդով, հաց ունենա ուտելու, նոպաները հաճախակի չեն կրկնվի»,- ասում է Արաքսյան:

Իսկ Գևորգի ցանկությունը մեծ բան չէ. «Հեռուստացույց ունեմ, սարքը չունեմ, սարքը լինի, գոնե կինո նայեմ, որ օրս անցնի, մեկ էլ մի հատ հեռախոս եմ ուզում ունենալ, բարեկամներիս հետ խոսելու համար»: Գևորգին օգնել ցանկացողները կարող են զանգել 093 666 522 Արաքսյա:

Նելլի Կարապետյան

hraparak.am