Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան (ՀԵԿԱ) կազմակերպել է ավանդական դարձած գարնանային բարեգործական տոնավաճառ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այն նվիրված է Ծաղկազարդին ու Սուրբ Զատկին։ Տոնավաճառի ընթացքում հանգանակված գումարները կուղղվեն ՀՀ-ում կանանց ու ընտանիքների սոցիալ-տնտեսական պայմանների բարելավմանը։
ՀԵԿԱ-ի նախագահ Լիլիթ Ասատրյանն ասաց, որ շուրջ 7 տարի է, ինչ իրենց ասոցիացիան կազմակերպում է նմանատիպ միջոցառումներ՝ բարեգործական ցուցահանդես-վաճառքներ, տոնավաճառներ։ «Մեր կազմակերպած միջոցառումները մի քանի նպատակ են հետապնդում՝ խրախուսել մեր երկրի կին արտադրողներին, պրոպագանդել մեր մշակույթը, ազգային ավանդույթները»,- ասաց Ասատրյանը և հավելեց, որ անցյալ տարվա ընթացքում ստեղծել են 12 նոր աշխատատեղ։
Այս տոնավաճառի ընթացքում հանգանակված գումարները կնպաստեն, որպեսզի նոր աշխատատեղեր ստեղծվեն և զարգանան նոր արժեշղթաներ։
Մասնակիցները լինում են Հայաստանի տարբեր մարզերից, և ՀԵԿԱ-ն շատ է կարևորում հայրենադարձների մասնակցությունը։ Այդպիսի հայրենադարձներից է նաև «Հալեպ» խանութների ցանցի տնօրենը, ով արդեն 18 տարի է՝ վերադարձել է հայրենիք և խոշոր գործունեություն է ծավալում։ Տոնավաճառին նաև նրանք էին մասնակցում և տաղավարի ներկայացուցիչն ասաց, որ իրենք արտադրում են և՛ քաղցրավենիք, և՛ մարմնի ու մազերի համար նախատեսված քսուքներ։
«Մեր լոխումները, փախլավաներն ու նուգաները պատրաստվում են միջինարևելյան հիմքերով։ Արտադրվում է նաև յուղե րի լայն տեսականի դեմքի և մազերի խնամքի համար, օճառահեղուկ դափնու յուղով»,- ասաց «Հալեպ» խանութի ներկայացուցիչը։
Հետաքրքիր տաղավարների շարքից էր նաև «Անթառամ» դեղաբույսերի արտադրության ընկերությունը, որը 1996 թվականից արտադրում է թեյեր։ «Ունենք տարբեր դեղաբույսերի միախառնումից պատրաստված բուժիչ թեյեր, որոնք ոչ միայն հաճելի է խմել, այլ նաև շատ օգտակար են։ Մենք միշտ մասնակցում ենք նմանատիպ էքսպոների և ներկայացնում մեր արտադրանքը»,- ասաց ընկերության ներկայացուցիչը։
Տոնավաճառին մասնակցելու համար հրավիրված էին ՀՀ տարբեր մարզեր ներկայացնող կին արտադրողներ, ինչպես նաև միջազգային և տեղական կազմակերպություններ, դեսպանատներ, Հայաստանում ապաստան գտած սփյուռքահայեր։