Հանրապետական կուսակցության նախկին պատգամավոր, «Կիլիկա» գարեջրի գործարանի սեփականատեր Հակոբ Հակոբյանը, որն այս ընտրություններում Տավուշի մարզի ընտրական տարածքում չկարողացավ ստանալ անցողիկ քվե, խորապես հիասթափված է իր ընտրողներից։ Նրա մրցակիցն էր «Գրանդ Տոբակո» ընկերության ֆինանսական տնօրեն Գրիգոր Ավալյանը, ով ընտրվել է պատգամավոր։ Գործարար Հակոբ Հակոբյանը NEWS.am–ի հետ զրույցում հայտարարել է, որ այսուհետ ոչ մեկին չի օգնելու։
Պարոն Հակոբյան, այս ընտրություններում չկարողացաք ստանալ անցողիկ քվե, մինչդեռ նախորդ ընտրություններում մեծամասնական ընտրակարգով ընտրվել էիք , ինչո՞ւ Ձեզ չընտրեցին։
Ճիշտն ասած, ես ինքս էլ չեմ հասկանում դա, առայժմ վերլուծության մեջ եմ։ Գիտեք՝ ինձ օրական ինչքան մարդ է զանգում իմ ընտրատարածքից ու ասում, որ սխալվել ենք։ Թե ինչ կատարվեց, ես էլ չեմ հասկանում, որովհետև պետք է որ նման բան չլիներ, որովհետև ես բավականին մեծ հարգանք ունեմ։
Այսինքն՝ քաղաքացիները զանգում են ու անձամբ հայտնում՝ սխալմամբ ուրիշի՞ են քվերակել։
Այո, այո, բայց չեն ասում՝ ուրիշի ենք ընտրել, ասում են՝ սխալվել ենք։
Իսկ այդ մարդիկ մե՞ծ թիվ են կազմում, Ձեր հաշվարկով՝ եթե Ձեզ ընտրեին, կանցնեի՞ք, պարոն Հակոբյան։
Բավականին շատ են, և Իջևանից, և Դիլիջանից են նրանք…. Եթե ամեն տեղից մի տասը մարդ զանգում ա, նշանակում ա՝ մեծ թիվ ա, չէ՞։
Չեն ասում՝ ինչու են սխալվել, ընտրակաշա՞ռք են վերցրել, ի՞նչ է եղել։
Չեմ կարող ասել, ես հիմա, ճիշտն ասած, ուսումնասիրում եմ։ Մանրամասն կուսումնասիրեմ, կանցնի 15–20 օր, դրա մասին ես կխոսեմ, մանրամասն կներկայացնեմ իմ ուսումնասիրության արդյունքները։ Իմ համար էլ շատ զարմանալի էր արդյունքները։
Ձեր կարծիքով՝ ընտրությունները արդա՞ր էին։
Կարծում եմ՝ այո, շատ։ Եթե չասեմ 100 տոկոսով, գոնե 90 տոկոսով՝ այո…
Այսինքն՝ արդար ընտրությունների արդյունքում չընտրվեցի՞ք։
Իհարկե, իհարկե, ընտրությունները արդար էին։
Հիասթափվա՞ծ եք ընտրողներից։
Ճիշտը, որ ասեմ անհամեմատ շատ հիասթափված եմ։ Էսօր արդեն 10–15 հոգի եկել էր ուսման վարձի հետևից, Շամշադինի շրջանից էին, և ասեցի, որ ում որ ընտրել եք, նրան էլ դիմեք։
Բայց նախկինում խոստացե՞լ էիք, որ ընտրվեք, ուսման վարձերը վճարելու եք։
Ես նախկինում երբ որ եղել եմ պատգամավոր հինգ տարվա ընթացքում 150 միլիոն դրամի միայն ուսման վարձ եմ վճարել։
Մի գուցե այդ մարդիկ Ձեզ ընտրել են, ինչո՞ւ մերժեցիք, կարծում եք արդա՞ր եք եղել նրանց նկատմամբ, որ չեք վճարել ուսման վարձերը։
Ես չեմ կարող ճշտել՝ ով է ընտրել, ով՝ չէ։ Ո՞նց եք կարծում, ես կարո՞ղ եմ դա ճշտել…
Այսինքն՝ ստացվում է, որ այլևս պատգամավոր չեք, չե՞ք օգնելու որևէ մեկին, Տավուշի մարզի բնակիչներին։
Միանշանակ, ոչ մեկին չեմ օգնելու, բացարձակապես, տասը տարի շարունակ բոլորին օգնել եմ և իրենց կողքին եմ կանգնել, կյանքեր եմ փրկել, եղել ա մարդ, որի երեխայի կյանքը փրկել եմ, ինքը իմ դեմ ա դուրս եկել։
Այսուհետ, ով դիմի Ձեզ, չեք օգնելու…
Ոչ ոչ մեկին չեմ օգնելու։
Փակելո՞ւ եք քաղաքականության էջը։
Բայց ինչի փակեմ որ։ Բոլորը էջերը ինձ համար միշտ բաց է եղել և բաց էլ մնալու է։ Կարծում եք՝ կուսակցությունից պիտի դուրս գա՞մ, ես կուսակցության անդամ եմ և պարկեշտ մարդ, իհարկե, Հանրապետական կուսակցությունում եմ շարունակելու իմ գործունեությունը։
news.am