1962 թվականին ԽՄԿԿ առաջին քարտուղար Նիկիտա Խրուշչովի այցը Հայաստան ճակատագրական էր այն ժամանակ ԵՊՀ-ի մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետի ուսանող Սևան Դավթյանի և քիմիական ֆակուլտետի ուսանողուհի Անահիտ Տոնոյանի համար:
Հենց այդ այցի շնորհիվ են ծանոթանում մերօրյա հայազգի Կյուրի ամուսինները՝ ԳԱԱ անդամ, քիմիական գիտությունների դոկտոր, նանոտեխնոլոգիաների բազային լաբորատորիայի վարիչ, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ընդհանուր քիմիայի և քիմիական պրոցեսների ամբիոնի վարիչ Սևան Դավթյանը և քիմիական գիտությունների դոկտոր, պոլիմերիզացիոն պրոցեսների բազային լաբորատորիայի վարիչ Անահիտ Տոնոյանը:
Տիկին Անահիտը պատմում է, որ Սևանն ընկերների հետ այն ժամանակ անդամագրվել էր մի գաղտնի կազմակերպության, որը զբաղվում էր Ղարաբաղի և Հայաստանի պատմության կեղծիքների հարցերով: Ինքը կազմակերպության միակ իգական սեռի անդամն էր՝ շնորհիվ Սևանի պնդումների:
«Դա ինձ Սևանի հետ շատ մտերմացրեց»,- ասում է տիկին Անահիտը և հավելում, որ իրենց կյանքի բոլոր կարևորագույն իրադարձությունները մայիսին են տեղի ունեցել. մայիսին են ծանոթացել, ամուսնացել, նույն ամսում է լույս աշխարհ եկել իրենց որդին, ինչպես նաև մայիսին են հաստատվել Մոսկվայի մարզի Չեռնոգոլովկա գիտական կենտրոնում՝ սկսելով գիտնականի իրենց ուղին: Տիկին Անահիտը պատմում է, որ իր դիպլոմային աշխատանքը գրելիս որոշ անպատասխան հարցեր կային: Խորհրդատվության համար դիմում է հայտնի հայազգի քիմիկոս Նիկողայոս Ենիկոլոպովին: Վերջինս, ոգևորված երիտասարդ ուսանողուհու գիտելիքներով, նրան առաջարկում է ասպիրանտուրան շարունակել Մոսկվայում իր գիտական ղեկավարությամբ: Պատասխանից, թե ամուսինը ևս գերազանց է սովորում և նրան ասպիրանտուրայի համար Կազան կուղարկեն, ուստի ինքը Մոսկվա գնալ չի կարող, Ենիկոլոպովը բարկանում է: Իր մոտ է կանչում տաղանդավոր ուսանողուհու ամուսնուն՝ բացատրելու, որ չպետք է խոչընդոտի իր կնոջ գիտական կարիերան: Այս հանդիպումը ևս ճակատագրական է դառնում ամուսինների համար:
Սևան Դավթյանի կարողություններով հիացած՝ Ենիկոլոպովը ամուսիններին միասին Չեռնոգոլովկայի գիտական կենտրոն է ուղարկում ասպիրանտուրան շարունակելու համար: Այստեղ ամուսինները միասին, շնորհիվ միջդիսցիպլինար համագործակցության, գիտական բացառիկ արդյունք են ստանում՝ դառնալով ֆրոնտալ պոլիմերիզացիայի ոլորտի հիմնադիրները: Իրենց ձեռքբերումների մասին պատմելիս ամուսիններից յուրաքանչյուրը մյուսի դերն է կարևորում:
«Առաջինը Անահիտը դա կարողացավ անել: Էքսպերիմենտների արդյունքում այնպիսի փաստեր ստացավ, որ ամբողջությամբ հեղաշրջեց պատկերացումները պոլիմերիզացիայի մասին»,- ասում է Սևան Դավթյանը: «Լրիվ իր ղեկավարությամբ: Բոլոր հաշվարկները Սևանն է արել: Առանց նրա ես այդ հաշվարկները չէի անի ու արդյունքներն էլ չէի ստանա»,- հավելում է Անահիտ Տոնոյանը:
Հարցին, թե միասին աշխատելն ինչպես է անդրադառնում ընտանեկան կյանքի վրա և հակառակը՝ ամուսիններ լինելու հանգամանքն ինչպես է ազդում աշխատանքի վրա, նրանք պատասխանում են, որ մեկն առանց մյուսի չի պատկերացնում իր աշխատանքը: «Գիտեք, ես իմ աշխատանքն առանց Անահիտի չեմ պատկերացնում: Երբ մի բան մտածում եմ, առաջինն իր հետ եմ կիսվում, որպեսզի ասի՝ լավ է, թե վատ: Եթե ասում է լավ է, շատ ոգևորվում եմ: Իհարկե, երբեմն էլ հիասթափվում եմ, երբ գաղափարս չի հավանում,- ժպտալով ասում է Դավթյանը:- Մեր համատեղ աշխատանքը շատ բեղմնավոր է: Միասին խորհրդակցելով միշտ կարողանում ենք ճիշտ ուղղությունը որոշել»: Իր տիկնոջ մասին խոսելիս Դավթյանը նրան ներկայացնում է որպես կայացած գիտնական՝ ընդգրկուն աշխարհայացքով և բարձր ստեղծագործական ունակություններով:
«Եթե տեսական մասը՝ մոդելավորումը, մեխանիզմն իմ ոլորտն է, ապա նուրբ էքսպերիմենտալ հետազոտությունները, պրոցեսների կինետիկան, աշխատանքների կենսաբանական և բժշկական ուղղվածությունը, որոնք ներկայունս առաջացնում են շատ բարձր ռեզոնանս աշխարհում, Անահիտի ոլորտն են: Այնպես որ մեկս առանց մյուսի այս հաջողություններին չէինք հասնի»,- ասում է նա:
Ամբողջությամբ՝ Ankakh.com