Նախարարությունը պարզաբանում է ներկայացրել Գոշ լճի հարակից տարածքում իրականացվող մաքրման աշխատանքների վերաբերյալ
Advertisement 1000 x 90

Նախարարությունը պարզաբանում է ներկայացրել Գոշ լճի հարակից տարածքում իրականացվող մաքրման աշխատանքների վերաբերյալ

Ֆեյսբուք սոցիալական ցանցում  տարածվել էր տեղեկատվություն, ըստ որի Գոշ լճի տարածքում իրականացվում է ապօրինի հողային աշխատանքներ:

ՀՀ բնապահպանության նախարարությունը հայտնում է, որ «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ռեկրեացիոն գոտու «Գոշ լիճ» տեղամասից` պետական սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքով հանգստի գոտի կազմակերպելու և սպասարկման ծառայություններ մատուցելու նպատակով, համաձայն 23.06.2015 թվականին կնքված  պայմանագրի, օգտագործման է  տրվել «Վենդոռ» ՍՊԸ-ին: Ըստ պայմանագրի` կառուցապատման իրավունք ունեցող անձը պարտավոր է բարեկարգել տարածքը, մաքրել աղբից և չոր ճյուղերից, չխախտել լճի էկոհամակարգը և էնդեմիկ կարգավիճակը:

«Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և Բնապահպանական պետական տեսչության աշխատակիցների կողմից տեղում կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ «Վենդոռ» ՍՊԸ-ն իրականացրել է տարածքը չորացած փայտից և աղբից մաքրելու աշխատանքներ, որնք այս պահին դադարեցված են: Կատարվում են ուսումնասիրություններ: Այս մասին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Գոշ լճի հարակից տարածքներում նախատեսված աշխատանքները կատարվելու են համաձայն «Վենդոռ» ՍՊ ընկերության հետ կնքված պայմանագրով հաստատված ծրագրի` բնապահպանական փորձաքննություն անցնելուց հետո: