Եգիպտուհի Իման Ահմեդ Աբդուլատին, որը համարվում էր աշխարհի ամենածանր կինը և կշռում էր շուրջ 500 կիլոգրամ, Հնդկաստանի Մումբայ քաղաքի կլինիկայում նիհարել է գրեթե կրկնակի և այժմ կշռում է 260 կիլոգրամ: Այդ մասին հայտնել է NDTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով կնոջ բուժող բժշկին՝ դոկտոր Մուֆազալ Լաքդավալային:
«Ներկայում Իմանը նիհարել է 242 կիլոգրամ»,- հայտարարել է Լաքվադալան:
Ինչպես նշվում է, կինը Մումբայի կլինիկա էր տեղափոխվել փետրվարի 11-ին: Այնտեղ նա ստամոքսի զգալի մասի հեռացման վիրահատության է ենթարկվել, ինչը թույլ է տվել կրճատել նրա կողմից օգտագործվող կերակրի քանակը:
Նաև նրան նշանակվել էր սննդակարգ և ֆիզիոթերապիա: Հիվանդանոցում գտնվելու առաջին մի քանի օրվա ընթացքում նա 100 կիլոգրամ քաշ է գցել: Հեռուստաալիքի տվյալներով՝ Աբդուլատիի նիհարելու տեմպերը անակնկալ են դարձել բժիշկների համար:
Հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն, ճարպակալման պատճառով կինն իր տնից դուրս չի եկել 20 տարի: Նա ուղեղի կաթված էր տարել և այժմ մասնակիորեն կաթվածահար վիճակում է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: