Հարցազրույց «The Beautified Project» ռոք խմբի հիմնադիր, երգիչ Անդրե Սիմոնյանի հետ
– Անդրե, արդեն երկրորդ անգամ ճանաչվում եք տարվա լավագույն ռոք խումբ։ Դա որոշակիորեն պարտավորեցնող է. ի՞նչ եք անում, որ չլճանաք և հետագայում նորից կարողանաք նման գնահատանքի արժանանալ։
– Ինձ թվում է՝ ամեն երաժիշտ փորձում է չլճանալ, բայց դա մեր ներքին աշխարհի մեջ է, և գուցե լճանում ենք։ Շատ բարդ է, որովհետև, երբ հետ եմ նայում՝ 11 տարվա մեջ ունեցել ենք բազմաթիվ սխալ քայլեր։ Օրինակ՝ մի անգամ մեզ պարտադրեցին «Եվրատեսիլի» նախընտրական փուլին մասնակցել, որպեսզի ուղղակի PR լինեինք, որովհետև մենք գիտեինք՝ ով է գնալու։ Հիմա, որ հետ եմ նայում, ասում եմ՝ ինչո՞՚ւ պետք է մենք այդպիսի բանի մասնակցեինք։ Ունեցել ենք տեսահոլովակներ, որ հիմա նայում՝ զգում եմ, որ, եթե դժգոհ էինք վերջնական տարբերակից, ավելի լավ էր չթողարկել, քան կիսատ որակով թողարկել։ Այնպես որ, ապրել և սովորել ենք ընթացքում։ Հիմա ամենաբարդ բանը մեզ համար անկեղծ մնալն է։
– Գաղտնիք չէ, որ Հայաստանում ճաշակով երաժշտություն լսողների թիվը մեծ չէ, բոլորը նախընտրում են այն պարզունակ ու ցածրաճաշակ երաժշտությունը, որը մատուցում են մեր շոու-բիզնեսի ներկայացուցիչներից շատերը։ Դժվար չէ՞ այս պարագայում ստեղծագործել, երբ գիտեք, որ ապաշնորհ մեկն ավելի մեծ համբավ է վայելում, ավելի մեծ լսարան ունի, քան Դուք, որ ներկայացնում եք ճաշակով երաժշտություն։ Եվ ի՞նչ պետք է անել հանրության ճաշակը բարձրացնելու համար, որտեղի՞ց սկսել դա։
– Ինձ թվում է՝ հասարակի ընդունված լինելը միայն Հայաստանի խնդիրը չէ, տարբեր երկրներում այն, ինչ տեղ է գտնում եթերում ամենառեյտինգային ժամերին, մի քիչ դժվար է անվանել որակյալ երաժշտություն։ Օրինակ՝ եթե դուք Անգլիայում ապրեք, եթերում Pink Floyd կամ Тhe Beatles չեք տեսնի, կտեսնեք բոյբենդների, որոնք մեկ տարի անց լրիվ մոռացվելու են։ Նույն խնդիրը մեզ մոտ է. մեր եթերում ամեն օր չենք լսում, օրինակ՝ Լիլիթ Պիպոյան, այլ տեսնում ենք շատ ավելի հասարակ բաներ։ Դա ռեյտինգ պահելու համար է. եթե հասարակն ու պարզն ես տալիս, ավելի շատ մարդ է նայում։ Այսինքն՝ իրական արվեստ սիրողը միշտ մի մեծ պարտականություն ունի՝ փնտրել և գտնել այն, ինչ սիրում է։
– Ամեն դեպքում, Արևմուտքում պահանջարկ վայելող երաժշտությունը գոնե փոփն է, իսկ Հայաստանում ռաբիսը, կամ, ինչպես ընդունված է ասել՝ 6/8-ը։
– Տխուր փաստ է, որ այդ ահավոր երաժշտությունը շատ ճիշտ ձևով է մատուցվել. փայլուն տեսահոլովակներով՝ ընդունել են տվել հայ հասարակությանը։ Այն ժամանակ, երբ ինտերնետ չկար, դա եղել է հասարակության մեջ ռեստորաններում, իսկ այնտեղից շատ հեշտ դուրս է եկել և մտել հեռուստատեսություն։ Դա դարձել է հարուստ շոու-բիզնես, որովհետև գիտենք՝ ինչ փողեր է պտտում ռաբիս երաժշտությունը։ Դա դժվար է արմատախիլ անել ու փոխարինել մի երաժշտությամբ, որը ֆինանսական խնդիր է առաջացնելու։
– Այսինքն՝ Դուք Ձեր հստակ լսարանն ունեք ու աշխատում եք այդ լսարանի ուղղությամբ, ավելի մեծ լսարան գրավելու ցանկություն կամ հնարավորություն այս պահին չունեք։
– Հայաստանի մասշտաբների մեջ չունենք` ճիշտ այնպես, ինչպես եվրոպական հայտնի խմբերը. օրինակ՝ Metallica-ն ելույթ է ունենում շատ-շատ ավելի փոքր սրահներում, քան Katy Parry-ն, կամ նույն սրահը, որ Metallica-ն մեկ գիշեր է կարողանում ապահովել լսարանով, Spise girls-ն ու Britney Spears-ը 10 գիշեր են ապահովում։ Այսինքն՝ նույն խնդիրը դրսում էլ կա, որ հասարակ, շատ հեշտ հասանելի երաժշտությունը շատ ավելի հեշտ է վաճառվում ու շատ ավելի մեծ ֆինանսներ է ապահովում, քան այն երաժշտությունը, որ մի քիչ ավելի խորն է ու ավելի արվեստին մոտ։
– Իսկ որոշ ժամանակ անց հնարավո՞ր է, որ Ձեր երգերն էլ պահանջված դառնան. օրինակ՝ խոսեցիք The Beatles խմբից, որի երգերն այսօր կրկին շատ պահանջված են դարձել։
– Եկեք չմոռանանք, որ The Beatles-ն իրենց ժամանակվա բոյբենդն էր, այսինքն՝ այն ժամանակ, որ ամեն ինչ շատ ավելի որակյալ էր, ու աշխարհի կեսը լսում էր՝ դասական երաժշտություն, իրենք էին այդ պարզ ու հասանելին։ Եվ տարիների ընթացքում ամեն ինչի որակն ընկել է։ Այն միրգը, որ ուտում ենք, այն հացը, որ գնում ենք, համեմատելի չէ նրա հետ, ինչ 30 տարի առաջ էր, հիմա դրանց մեջ այնքան քիմիական բաներ կան, այնքան արագ ու հեշտ ձևով են աճեցված։ Նույնը երաժշտությանն է վերաբերում, այսինքն՝ մեր այսօրվա բիթլզներն են, օրինակ՝ Tokio Hotel-ը։ Այն մարդիկ, որ հիմա այդ բոյբենդներում են, կարող է՝ իրականում ոչ մի երաժշտական գործիքի էլ չեն տիրապետում։
– Ապրիլի 17-ին Տիկնիկային թատրոնում տեղի է ունենալու Ձեր խմբի մենահամերգը, որն այս տարվա ընթացքում միակն է լինելու։ Կասե՞ք, թե ինչ է սպասվում Ձեր հանդիսատեսին այդ օրը։ Եվ առհասարակ, ի՞նչ նորություններ կլինեն առաջիկայում, գիտեմ, որ մոտ օրերս ներկայացնելու եք նաև նոր տեսահոլովակ։
– 2013-ից մինչև 2016 թվականը շատ ակտիվ գործունեություն էինք ծավալում և բավականին հյուրախաղեր ունեցանք, երգեր ձայնագրեցինք։ 2016 թվականի վերջին, երբ թողարկեցինք մեր ալբոմը, իսկապես հոգնել էինք ամեն ինչից, մի քիչ իրարից էլ էինք հոգնել բենդի մեջ, և որոշեցինք մի քանի ամիս դադար տալ։ 4-5 ամիս ես խմբի անդամներին էլ չէի հանդիպել ընդհանրապես, ու հիմա վերադարձել ենք, ամեն ինչ շատ ավելի լավ է, իրար ու մեր երգերը կարոտել էինք և որոշեցինք մեր հանդիսատեսին ներկայացնել մեր 11 տարվա լավագույն երգերը։ Այնպես որ, այս համերգին հնչելու են մեր 4 ալբոմի այն երգերը, որոնք սիրվել են Հայաստանում մեր հանդիսատեսի կողմից։ Ինձ թվում է՝ հետաքրքիր է լինելու, որովհետև մենք միշտ կենտրոնացել ենք մեր վերջին երգերի, մեր վերջին ալբոմների վրա, օրինակ՝ մեր վերջին համերգին ներկայացրել ենք մեր նոր ալբոմը, իսկ այս անգամ հետ ենք գնալու ու ամենասկզբից ներկայացնենք մեր երգերը։
Այս տարի թողարկելու ենք 3 կամ 4 տեսահոլովակ, որից մեկին շատ եմ սպասում, քանի որ այն նկարահանվել է 12 տարբեր երկրներում և նվիրվում է համաշխարհային համերաշխությանը։ Դրանք այն երկրներն են, որտեղ որևէ գործունեություն ենք ծավալել, և այն դոկումենտալ տեսահոլովակ չէ, որ ցույց տա, թե մենք քայլում ենք այսինչ փողոցով, այլ կատարում ենք հենց այդ երգը տարբեր երկրների հուշարձանների մոտ։ Շատ հումորային ու դրական տեսահոլովակ է ստացվել։ Մենք երգը հենց այդ նպատակով 3 տարի առաջ ենք ձայնագրել ու մեզ հետ տարել հյուրախաղերի։ Այդ երեք տարվա ընթացքում մեր ծերանալն էլ է երևում, դրա համար տեսահոլովակում ժամանակագրությունը խախտել ենք, որ չերևա՝ ինչպես ենք ծերանում (ծիծաղում է.- Ռ.Մ.)։
ՌԱԶՄԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում