Ամեն հայի համար նվիրական է այն ամենը, ինչ առնչվում է հայ մեծ երգահան Կոմիտասի հետ: Հայտնի է, որ դեռևս 1912 թվականին Փարիզում երգիչ-տենոր Արմենակ Շահմուրադյանի երգեցողությամբ և Կոմիտասի դաշնամուրային նվագակցությամբ մի շարք երգերի համատեղ ձայնագրություններ իրականացվեցին: 1914-ին այդ ձայնագրությունների հիման վրա «Բլումենթալ Ռեկորդ» ընկերությունը (Blumenthal Record and Talking Machine Co.) Կ.Պոլսում թողարկեց մի քանի երկկողմանի ձայնապնակներ՝ ամեն կողմի վրա մեկական երգով:
1914-ի հունիսի սկզբին Կ.Պոլսի հայկական թերթերում Բլումենթալ եղբայրների ընկերությունը արդեն ծանուցում էր հասարակությանը գրամոֆոնի վրա ձայնարկելու համար նախատեսված այդ ձայնապնակները վաճառքի հանելու վերաբերյալ: Դրանք եկեղեցական և աշխարհիկ ճանաչված երգեր էին՝ «Խորհուրդ խորհին», «Անտունի», «Կիլիկիա», «Հայրիկ, Հայրիկ» և այլն:
Սպիրիդոն Մելիքյանը, Կոմիտասն ու Արմենակ Շահմուրադյանը:
Հետաքրքիր է, որ այդ նույն ժամանակ պոլսահայ որոշ հետադեմ հոգևորականներ ձայնապնակների վրա հոգևոր երգերի դրոշմելն ու եկեղեցուց դուրս գրամոֆոնի միջոցով ձայնարկելը «սրբապղծություն» համարեցին: Նրանք բողոքեցին պատրիարքարանի կրոնական ժողովին, որն էլ որոշեց դիմել կաթողիկոսին՝ Կոմիտասին «նկատողություն» տալու պահանջով: Սակայն պոլսահայ մտավորականությունը շատ արագ արձագանքեց դրան: 1914-ի հուլիսին Արշակ Չոպանյանը Կ.Պոլսի «Բյուզանդիոն» թերթում տպագրեց «Անկրոն որոշում մը» հոդվածը՝ պաշտպանելով Կոմիտասին և կրոնական ժողովի պահպանողական դիրքորոշումը անվանեց «հայհոյանք գեղեցկության դեմ»:
Նշենք, որ այսօր այդ ձայնապնակներից որոշ հազվագյուտ նմուշներ պահպանվել են հիմնականում անհատական հավաքածուներում, որոնք ժամանակ առ ժամանակ վաճառքի են հանվում համացանցում: Ձայնապնակների վրա նշված է թողարկող ընկերության անվանումը՝ «Բլումենթալ Ռեկորդ», հայերենով և ֆրանսերենով տրված են երգի անվանումն ու կատարողները՝ Արմենակ Շահմուրադյան և Կոմիտաս Վարդապետ, ինչպես նաև տպված են նրանց դիմանկարները: