
Aysor.am-ի տեղեկություններով, Շիրակի մարզի նախկին ոստիկանապետ Վարդան Նադարյանը նշանակվել է Ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոնի պետ:
Նադարյանը դեռևս 2015-ին ազատվել էր Շիրակի մարզի ոստիկանապետի պաշտոնից և Վլադիմիր Գասպարյանի հրամանով ուղարկվել էր կադրերի ռեզերվ: Բացի պաշտոնից ազատվելուց, Նադարյանը նաև հեռացվել էր համակարգից: Նրա պաշտոնավարման տարիներին մարզում կրիմինալ վիճակը թեժ էր, մասնավորապես, հայտնի է Գյումրու Մյասնիկյան փողոցում տեղի ունեցած փոխհրաձգությունը, որի հետևանքով 6 մարդ տուժել էր, մեկը՝ Կնյազ Ղազարյանը զոհվել: Ի դեպ, հենց Վարդան Նադարյանն էր պաշտոնավարում, երբ Գյումրիում տեղի ունեցավ Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանությունը:
Բացի այդ, նա հայտնի էր նաև գյումրեցի ըմբշամարտիկ, աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի հետ տեղի ունեցած միջադեպով, երբ, ըստ մամուլի, Նադարյանը զենքով սպառնացել էր ըմբշամարտիկին: