
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը շրջաբերական նամակով դիմել է ՀՀ մարզպետներին, Երևանի քաղաքապետին և ԿԳՆ ենթակայության ավագ դպրոցների տնօրեններին՝ «Վերջին դաս» միջոցառման ժամանակ դրամահավաքը արգելելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:
«Մայիսի 26-ին ավարտական դասարանների «Վերջին դաս» միջոցառումն անհրաժեշտ է կազմակերպել և անցկացնել դպրոցին, մանկավարժին և սովորողին վայել, օրվա խորհրդին համահունչ: Անհրաժեշտ է բացառել ծնողների կողմից իրականացվող կազմակերպչական աշխատանքների տակ քողարկված պարտադիր դրամահավաքի որևէ դրսևորում կամ անհարկի ծախսերի որևէ պարտադրանք: Դպրոցը, ուսուցիչը և սովորողը պետք է զերծ մնան «Վերջին դասը» արատավորող և ավելորդ շքեղություններ առաջացնող որևէ երևույթից»,- ասված է նախարարի շրջաբերական նամակում: