«Հայ տղան ծաղրում է հայ աղջիկներին և կատակով խոսում լուրջ թեմաների շուրջ»… Այս վերնագրով նյութը օրեր շարունակ համացանցի ամենաքննարկված թեմաներից մեկն էր, իսկ նյութի «հերոսը» հասցրեց կարճ ժամանակահատվածում մեծ հայտնիություն ձեռք բերել, ավելին` արժանանալ համացանցային օգտատերերի քննադատություններին, որոնք շատ հաճախ անցնում էին թույլատրելի սահմանը: Asekose.am-ը զրուցել է մասնագիտությամբ ֆինանսիստ 27-ամյա բլոգեր Անդրանիկ Բաղդասարյանի հետ` բլոգի ստեղծման գաղափարի, հայ աղջիկներին ծաղրելու, նրանց առավելությունների ու թերությունների, իր հասցեին հնչող քննադատությունների մասին և ոչ միայն:
«Բլոգի ստեղծման գաղափարը ծագել է շատ պատահական: Ես ֆեյսբուքում ունեի բլոգ` «Luxury Of Instagram» անունով, որը 40.000 հետևորդ ուներ: Նմանտիպ գրառումներ էի անում, որոնք բավական լայն տարածում էին գտնում: Մի անգամ մեքենայիս մեջ Instgram-ի համար նոր ծրագիր էի ներբեռնել, որը հնարավորություն էր տալիս ձայնը բարակեցնել, որի հետևանքով ծիծաղելի վիճակ էր ստեղծվում: Երբ առաջին անգամ տեսանյութ նկարեցի, որն ընկերներիս կողմից հավանության արժանացավ, որոշեցի առանձին էջ բացել: Բլոգը կոչվում է «Ազատ խոսք», քանի որ այստեղ կարող եմ հանգիստ ամեն ինչից խոսել, այդ առումով որևէ խնդիր չունեմ»,- Asekose.am-ի հետ զրույցի ընթացքում պատմեց Անդրանիկը:
Անդրադառնալով տեսանյութերի թեմաների ընտրությանը` մեր զրուցակիցը նշեց.
« Թեմաներն արդեն վաղուց գիտեի, քանի որ բազմաթիվ աղջիկների ու տղաների հետ եմ շփվել, բոլոր այդ խոսակցություններն իմ կողքով անցել են, կամ անձամբ եմ առնչվել դրանց հետ: Ես բարձրաձայնում եմ մարդկանց թերությունների մասին, սիրում եմ այդ թեմաներն արծարծել, իսկ թե ում է դուր գալիս, ում` ոչ, դա ինձ հետաքրքիր չէ: Ես սա չեմ անում PR-ի համար, անում եմ պարզապես հաճույքի համար, քանի որ ճիշտն եմ ասում: Ես սա չեմ անում, որ մարդիկ նեղանան, այլ որ այդպիսի կյանքով ապրողը մտածի, որ դիմացինն ամեն ինչ հասկանում է, որ նրանց այդ քայլերը կողքից ծիծաղելի են թվում: Ուզում եմ ասել, որ տղաներն այսօր ամեն ինչ հասկանում են` ֆոտոշոփ, պլաստիկ վիրահատությունների արդյունք և այլն»:
Անդրանիկը նշում է, որ ինքը չի ծաղրում հայ աղջիկներին, այլ միայն նրանց, ովքեր իրենց վարքագծով խաթարում են հայ աղջկա իրական կերպարը:
«Մարդկանց մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ իմ մեջ ատելություն կա, բայց դա այդպես չէ, ես ծաղրում եմ այն մարդկանց, այն աղջիկներին, ովքեր հայի պատիվը գետնով են տալիս, ծաղրում եմ այն աղջիկներին, ովքեր հանուն փողի պատրաստ են ամեն ինչի: Ուրախ եմ, որ այդ տեսակի հայ աղջիկները 20% են կազմում: Ես չեմ կարող և իրավունք էլ չունեմ ծաղրելու հայ աղջկան: Լավ աղջիկներն այսօր կա՛մ աշխատում են ամբողջ օրը, կա՛մ սովորում են, ամեն դեպքում ես այդպես եմ մտածում: Հայ աղջիկները գեղեցիկ են, պլաստիկ վիրահատությունները հաշվի չեմ առնում (ծիծաղում է): Իմ կողքի աղջիկը պետք է լինի պարզ ու հավատարիմ, իմ կողքին լինի՝ առանց հաշվարկների, ինչը մեզանում շատ է պակասում: Ցանկանում եմ, որ մարդիկ պարզապես չնեղանան ինձանից: Ես այս էջը բացել եմ, որպեսզի ազգովի խոսենք սխալ ապրող մարդկանց մասին, նրանց թերությունների մասին: Թող ինձանից շատ ոչ մեկը չսիրի հայ աղջկան. եթե տեսնեմ, որ օտարերկրացին նեղացնում է թեկուզ ամենավատ վարքով աչքի ընկնող հայ աղջկան, նրան կվերաբերվեմ ամենավատ թշնամուս նման»,- անկեղծացավ մեր զրուցակիցը:
Ամբողջությամբ՝ asekose.am